Not Selected

ՀՐԱՉՅԱ ԳԵՂԱՄՅԱՆ. «ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՄ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

18/06/2020

«Գանձասար-Կապանի» հետ խաղում Հրաչյա Գեղամյանն առաջին անգամ ընդգրկվել էր «Ուրարտուի» մեկնարկային կազմում։ Խաղից հետո զրուցել ենք 21-ամյա ֆուտբոլիստի հետ։

 

Առաջին անգամ ընդգրկվել էիր «Ուրարտուի» մեկնարկային կազմում, տպավորություններդ ինչպիսի՞ն են։

- Բարձրագույն խմբում սա իմ երկրորդ պաշտոնական հանդիպումն էր, առաջին անգամ խաղացել եմ «Արարատ-Արմենիայի» հետ՝ մտնելով փոխարինման: Շատ էի ցանկանում ամբողջական հանդիպում անցկացնել Բարձրագույն խմբում։ Մարզիչն ինձ հնարավորություն տվեց: Ապագայում ամեն ինչ կանեմ, որպեսզի ամրապնդվեմ գլխավոր թիմում ու հաճախ ընդգրկվեմ մեկնարկային կազմում:

- Ինչո՞վ է տարբերվում Բարձրագույն խումբը Առաջին խմբի առաջնությունից։

- Խաղային տեմպի առումով տարբերությունը շատ մեծ է, այստեղ ամեն ինչ ավելի արագ է, աշխատանքն ավելի ծանր է ու պատասխանատու: Մեզ համար շատ կարևոր է նաև նույն թիմում հանդես գալ ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ, նույնիսկ նրանց կողքին մարզվելով, մենք շատ բաներ ենք սովորում:

- «Գանձասար-Կապանի» հետ ոչ-ոքի 1-1 հաշիվը գրանցվեց։ Ի՞նչ կասես խաղի մասին։

- Կարծում եմ, որ լավագույն հանդիպումը չանցկացրինք, բայց կարողացանք պահեր ստեղծել, հատկապես երկրորդ խաղակեսում խաղի տեմպը բարձրացրինք: Գրեթե հավասար հանդիպում ստացվեց, փորձեցինք ամեն ինչ անել՝ մարզչի պահանջները կատարելու համար: Կարծում եմ՝ ոչ-ոքին խաղի տրամաբանական արդյունքն էր:

- Առաջիկայում գավաթային կիսաեզրափակչի պատասխան հանդիպումն է «Նոայի» հետ։ Այն կարո՞ղ ենք ասել, որ այս մրցաշրջանի կարևորագույն խաղն է։

- Առաջնությունում այլևս ոչինչ փոխել չենք կարող, այժմ ամբողջովին պետք է կենտրոնանանք գավաթային հանդիպման վրա։ Շատ կարևոր է հաղթել ու դուրս գալ եզրափակիչ։ Պետք է համախմբվել ու ցույց տալ, թե ինչի է ունակ թիմը։ Վստահ եմ, որ եթե խաղադաշտում ներդնենք մեր բոլոր ուժերը, ցանկալի արդյունքին կհասնենք։

- Այս մրցաշրջանում դու «Ուրարտու-2»-ի առանցքային ֆուտբոլիստներից էիր, թիմի ելույթներն ինչպե՞ս կգնահատես։

- Կարանտինային դադարից հետո թիմը բավականին լավ է հանդես գալիս: Չնայած վերջին խաղում չկարողացանք 3 միավոր վաստակել, բայց հույս ունեմ՝ հաջորդ խաղերում արդյունքը մեր օգտին կլինի: Պայքարելու ենք առաջնությունում հնարավորինս բարձր տեղ զբաղեցնելու համար: