Not Selected

ՄԱՐԿՈ ԲՐՏԱՆ․ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՍՏԻՊԵՑ ՄԵԶ ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ»

14/05/2020

Տևական ժամանակ է, ինչ «Ուրարտուն» վերսկսել է մարզումները։ Ճիշտ է, դեռ հայտնի չեն, թե երբ կվերսկսվեն առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումները, բայց «Ուրարտուն» շարունակում է նախապատրաստվել ու այս շրջանում նաև ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Զրուցել ենք թիմի խորվաթ կիսապաշտպան Մարկո Բրտանի հետ, ով էլ պատմում է, թե ինչպես է անցնում կյանքը կարանտինային պայմաններում․

 

ԿԱՐՈՏԵԼ ԷԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

 

- Ինչպե՞ս են ընթանում մարզումները կարանտինային պայմաններում։

- Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ Ես իսկապես ուրախ եմ, որ վերջապես վերադարձել ենք խաղադաշտ։ Շատ էի կարոտել մարզումներն ու մեր մարզաբազան։

- Ինչպե՞ս անցկացրիր ժամանակը ինքամեկուսացման մեջ։

- Շատ ժամանակ անցկացրի ընտանիքիս հետ։ Յուրաքանչյուր իրավիճակում կարելի է ինչ-որ օգտակար բան անել, ինչ-որ նոր բան սովորել։ Այս ընթացքում ես շատ ժամանակ ծախսեցի ռուսերեն սովորելու վրա։ Մարզվում էի տանը, հաճույք ստանում ընտանիքիս հետ շփումից։ Այսպես էլ անցնում էր կյանքը կարանտինում։

- Ի՞նչ իրավիճակ է քո հայրենիքում՝ Խորվաթիայում։

- Խորվաթիայում էլ ճիշտ նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում է։ Այնտեղ էլ կամաց-կամաց անցնում են բնականոն կյանքին։ Խանութներն ու սրճարանները որոշ վերապահումներով բացվում են։ Խորվաթները փորձում են վերադառնալ նախկին կենսակերպին։

- Ինչպիսի՞նն էր կյանքն առանց ֆուտբոլի։

- Իսկապես ձանձրալի էր։ Իմ կյանքը ես երբեք չեմ պատկերացրել առանց մարզումների ու ֆուտբոլի։ Այս կարանտինը մեզ ստիպեց ավելի գնահատել ֆուտբոլն ու այն ամենն ինչ ունենք։

 

ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ

 

- Մարզումների մասին ի՞նչ կասես, ի՞նչ մարզավիճակում ես գտնվում։

- Ինձ լավ եմ զգում, պատրաստ եմ նոր մարտահրավերների։ Այո, մենք թիմային մարզումներ չէինք անցկացնում այդ շրջանում, բայց բոլորս էլ տնային պայմաններում քրտնաջան պարապում էինք, ուստի ասել, որ ոչինչ չենք արել՝ այդպես չէ։ Արդեն ասացի, որ ցանկացած իրավիճակ կարելի է օգտագործել ըստ պահանջի։ Բայց ամեն դեպքում մեկ բան է, երբ մարզվում ես առանձին, մեկ այլ բան, երբ մարզվում ես թիմի կազմում։ Ֆիզիկապես մենք բավականին լավ վիճակում ենք, մարզիչները շփվում էին մեզ հետ ամեն օր, վարժություններ հանձնարարում, որն օգնում էր մեզ պահպանել ֆիզիկական վիճակը։ Հիմա ավելի շատ մարզվում ենք գնդակով։ Բոլոր վարժություններն էլ հենց տեխնիկական հմտությունները բարելավելուն են ուղղված։

- «Ուրարտուն» այս ընթացքում ստուգողական հանդիպումներ է անցկացնում, դրանք որքանո՞վ են կարևոր։

- Իմ կարծիքով դրանք շատ կարևոր են։ Ստուգողական այդ խաղերը մեզ օգնում են նորից զգալ խաղային ռիթմը, մտնել հունի մեջ, խաղային բավարար պրակտիկա ունենալ։ Այդ հանդիպումները մեզ կօգնեն, որպեսզի պատրաստ լինենք առաջնության վերսկսմանը։

- Աշխարհը կփոխվի՞ կորոնավիրուսից հետո։

- Ես միշտ փորձում եմ լավատես լինել։ Այո, հիմա իսկապես դժվար ժամանակներ են, անհասկանալի հարցեր շատ կան, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կշտկվի։ Հանրությանն էլ կոչ եմ անում հետևել անվտանգության կանոններին ու լինել լավատես։ Հուսով եմ, որ այս ամենը շուտ կավարտվի, մեր խաղերն էլ կվերսկսվեն, միասին հաճույք կստանանք ֆուտբոլից ու կտոնենք նոր հաղթանակներ։