Not Selected

ՄԱՅԻՍԻ 28-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

28/05/2020

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Փորձել ենք բավականին սեղմ ներկայացնել օրվա խորհուրդը։

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրը ժողովուրդն ավանդաբար Սարդարապատ է այցելում, բայց այս տարի կորոնավիրուսային զարգացումներով պայմանավորված այդ հուշահամալիրը փակ է։

Կարճ ակնարկ կատարելով պատմությանը՝ նշենք, որ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ «Հայկական ազգային խորհրդի» կողմից Հայկական հանրապետությունը հռչակվեց անկախ։

Հայաստանի առաջին Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: 11-րդ Կարմիր բանակի զորամասերի՝ Երևան մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

900 տարի Հայաստանը չէր ունեցել պետականություն: 900 տարի անց պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց: Գուցե և այլ հնագույն ազգերի պես կվերանար հայությունը, սակայն մայիսի 28-ն, իսկապես, փոխեց հայ ժողովրդի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում, կերտել սեփական Պետություն։