Not Selected

Նոր տարին՝ նոր հաղթանակների սպասումով

11/12/2019

Default Image

Հայաստանի բարձրագույն առաջնությունում ֆուտբոլային կրքերի ժամանակավոր դադար է. թիմերը ձմեռային հանգստի են մեկնում՝ 2020-ին նոր թափով միմյանց հետ պայքարելու: Առաջնությունում իրավիճակը դեռ անորոշ է մնում. 6 թիմ չեմպիոնական պայքարի մեջ է,  մնացած թիմերի համար էլ առաջնային է դառնում մրցաշրջանը լավագույն վեցնյակում եզրափակելը:

Մրցաշրջանի առաջին կեսն «Ուրարտուի» համար.

2019/20 մրցաշրջանի մեկնարկը «Ուրարտուի» համար ամենափայլունը չէր: Թիմին միայն 8-րդ տուրում հաջողվեց առաջին հաղթանակը գրանցել: Այդ խաղում մենք հաղթեցինք առաջնության հետնապահ «Երևանին»: Հաջորդ հաղթանակը երկար սպասել չտվեց. այս անգամ հաջողության հասանք գրեթե ամբողջ տարվա ընթացքում առաջատարի դիրք գրաված «Արարատի» նկատմամբ, որը միայն վերջին տուրում միավորներ կորցնելով՝ իր տեղը զիջեց «Լոռիին»: Նոր մրցաշրջանում սա «Ուրարտուի» առաջին և առայժմ միակ տնային հաղթանակն էր: Երրորդ հաղթանակը «Գանձասարի» նկատմամբ էր. գոլառատ խաղում առավելության հասանք 2 գոլի տարբերությամբ(4:2):

Մրցաշրջանի առաջին մասում 7 պարտություն ենք կրել, որոնցից երկուսը՝ սեփական հարկի տակ՝ «Փյունիկի» և «Ալաշկերտի» դեմ խաղերում:

5 անգամ էլ ոչ ոքի արդյունք ենք գրանցել. 2 խաղում մեկական գնդակ ենք խփել և բաց թողել «Արարատ-Արմենայի» և Կապանի «Գանձասարի» դեմ խաղերում, մեկ խաղում էլ 2:2 հաշիվ ենք գրանցել՝ հյուրընկալելով Գյումրիի «Շիրակին»:

Տարին եզրափակող վերջին երկու հանդիպումներն ավարտել ենք գոլազուրկ ոչ ոքիով: Առաջին անգամ սեփական հարկի տակ ընդունելով «Նոային», իսկ մյուս խաղում հյուրի կարգավիճակում ուժերը չափեցինք գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:

Կոբզարը՝ թիմի ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ

Առաջնության այս կեսի 20 լավագույն ռմբարկուներից 2-ը մեր ֆուտբոլիստներն են. Եվգենի Կոբզարն «Ուրարտուի» կազմում 15 խաղ է անցկացրել ու դարձել 5 գոլի հեղինակ, իսկ Եվգենի Բուդնիկը 4 գոլ է հեղինակել անցկացրած 9 խաղում:

Մրցաշրջանի առաջին մասում գոլերով և կատարած գոլային փոխանցումներով աչքի ընկան.

Գոլեր                                  Գոլային փոխանցումներ

Եվգենի Կոբզար 5                                  Խուան Կարլոս Ասոկար  4           

Եվգեն Բուդնիկ 4                                   Եվգենի Կոբզար 2

Սիմոն Սինյավսկի 2                                Մարկո Բրտան 2

Խուան Կարլոս Ասոկար 2                      Ռուբեն Ռամիրես 1

Հակոբ Հակոբյան 1                                 Արամ Բարեղամյան 1 

Կարեն Մելքոնյան 1                                Ռոբերտ Դարբինյան 1

Պապ Աբդու Կամարա 1                         Եվգեն Բուդնիկ 1

Միլոշ Նիկոլիչ 1                                       Պապ Աբդու Կամարա 1  

Վահագն Այվազյան 1                              Իգոր Ստանոևիչ 1

 

Եվրոպա լիգայի ուղեգրի հետևից

Մի մասի համար առաջնությունում չեմպիոնական պայքար է, իսկ մյուսները պայքարելու են մրցաշրջանը գոնե վեցնյակում ավարտելու համար: Այն հնարավորություն կընձեռի՝ նվաճելու  2020/21թթ մրցաշրջանի Եվրոպա լիգայի ուղեգի, որը տրվում է Առաջնությունում առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին:

Մրցակիցներին հետևում թողնելու ու լավագույն վեցնյակում տեղ զբաղեցնելու համար մեզ  միայն հաղթանակներ են պետք մնացած 3 տուրերում և սպասել հարևան մրցակիցների պարտությանը: Ընդ որում, երկու խաղ մենք անցկացնելու ենք սեփական հարկի տակ, նախ՝ «Լոռիի», ապա՝ «Երևանի» դեմ, իսկ առաջնության վերջին՝ 18-րդ տուրում հյուրընկալվելու ենք «Արարատին»:

Հիշեցնենք, ձմեռային դադարից հետո Բարձրագույն առաջնության 16-րդ տուրը կմեկնարկի փետրվարի 28-ին: