Not Selected

ԴԵՄՔԵՐ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՋԱՆԳՉՅԱՆ

07/06/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում ամենից շատ տիտղոսներ նվաճած անձնավորությունը ֆուտբոլիստ չէ։ Հարություն Ջանգչյանը, կամ ֆուտբոլային հանրությունում հայտնի ընկեր Հարութը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում է հիմնադրման օրից։ Նա այս թիմում էր, երբ այն դարձավ նորանկախ Հայաստանի առաջին գավաթակիրը, թիմում էր, երբ լուծարումից հետո 2001-ին այն վերսկսեց ելույթները, թիմում էր, երբ 2013/14 մրցաշրջանում ակումբն իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ Մի խոսքով․ ընկեր Հարութը ակումբի նշանավոր բոլոր իրադարձությունների անմիջական մասանակիցն է եղել։ Այս անգամ «Դեմքեր» խորագրի շրջանակում ընկեր Հարութը մեզ պատմել է իր անցած ուղու, աշխատանքի և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին․

 

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է

 

«Այս ակումբ առաջին անգամ մուտք եմ գործել, երբ ընդամենը 8 տարեկան էի։ Մալաթիայի ֆուտբոլի դպրոցն այն ժամանակ էլ համարվում էր հանրապետության ֆուտբոլային գլխավոր դարբնոցներից մեկը։ Հիշում եմ, գլխավոր մարզիչս Լևոն Իշտոյանն էր։ Սկզբում ֆուտբոլ էի խաղում, անգամ 1992 թվականի «Բանանցի» հետ եմ մարզվել, բայց վնասվածք ստացա, որի պատճառով էլ ստիպված եղա ավարտել ֆուտբոլային կարիերաս։ Սակայն մնացի թիմում, միշտ տղաների հետ էի։ Հետո ստացվեց այնպես, որ ակումբը տևական ժամանակ լուծարվեց, իսկ 2001-ին, երբ այն վերակազմավորվեց, արդեն սկսեցի աշխատել որպես ադմինիստրատոր։ Ակումբն իսկապես մեծ զարգացում է ապրել այս տարիներին։ Սկզբնական շրջանում մենք խաղում ու մարզվում էինք, որտեղ պատահեր։ Մեկ խաղում էինք «Նաիրի» մարզադաշտում, մեկ՝ Աբովյանում։ Մարզվում էինք Արտաշատում, Արմավիրում։ Հիշում եմ, թե ինչ ավտոբուսներով էինք գնում խաղերի, պարապում էինք մեկ վայրում, իսկ լողանում լրիվ ուրիշ տեղ։

Բայց նույնիսկ այդ պայմաններում տղաները ոչնչից չէին դժգոհում ու դուրս էին գալիս խաղադաշտ միայն ու միայն հաղթելու համար։ Ակումբի ներկայիս պայմանները պարզապես հրաշալի են, ստեղծված է ամեն ինչ լավ ֆուտբոլ խաղալու, լավ ֆուտբոլիստ դառնալու համար։ Եթե այսպիսի պայմաններ լինեին այն ժամանակ, ապա միանշանակ էլ ավելի լավ արդյունքներ կգրանցեինք։ «Ուրարտուն» ինձ համար ամեն ինչ է, իմ երկրորդ ընտանիքն է: Շատ են եղել առաջարկներ այլ ակումբներից, անգամ ֆինանսական տեսանկյունից ավելի ձեռնտու տարբերակներ են եղել, բայց ես ինքս ինձ խոստացել եմ՝ երբեք չլքել «Ուրարտուն», որովհետև սա իմ թիմն է ու այստեղ ես գնահատված եմ» ։

 

1992, 2007, 2016

 

««Ուրարտուի» գավաթային 3 հաղթական եզրափակիչները հիշելիս նույնիսկ հիմա փշաքաղվում եմ։ 1992-ին դարձանք նորանկախ Հայաստանի առաջին գավաթակիրը, դա մեծ իրադարձություն էր, հիշում եմ այդ խաղից մեկ շաբաթ առաջ թիմը խիստ ռեժիմով պատրաստվում էր, բոլորը միայն սպասվող եզրափակչի մասին էին խոսում, տղաները մարզվում էին ու հստակ հետևում էին օրվա կարգացուցակին։ Շատ ուժեղ թիմի հետ էինք խաղալու՝ «Հոմենեթմենն» էր, որի կազմում խաղում էին Խորեն Հովհաննիսյանը, Պողոս Գալստյանը։ Պետք էր հաղթել ու մեր տղաները կարողացան հասնել ցանկալի արդյունքին։ 2007-ին եզրափակչում մրցեցինք «Արարատի» հետ։ Լարված խաղ էր, երկար ժամանակ հետապնդողի դերում էինք, բայց վերջում կարողացանք գոլ խփել, իսկ լրացուցիչ ժամանակում էլ հաղթանակ կորզել։ Այդ խաղից առաջ Սեմյոն Մուրադյանին ասել էի, որ նա գոլ է խփելու։ Սյոման դուբլ ձևակերպեց։ Երբ խաղն ավարտվեց ու «Բանանցը» դարձավ Հայաստանի գավաթակիր, նա ինձ այնպես էր գրկել, որ երկար ժամանկ կողերս ցավում էին։ 2015/16 մրցաշրջանի գավաթի խաղարկության եզրափակչում առավելության հասանք՝ 2-0 հաշվով, այդ ժամանակ էլ աննկարագրելի պահեր ապրեցի» ։

 

«ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՊԱԿԱՍ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԵՐԲԵՔ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»

 

«Դժվարանում եմ ասել, թե ով է եղել իմ տեսած ամենաուժեղ ֆուտբոլիստը, որը հանդես է եկել այս ակումբում, բայց պետք է ասեմ, որ «Ուրարտուն» տաղանդավոր ֆուտբոլիստների պակաս երբեք չի ունեցել։ 90-ականերին թիմում մեկը մյուսից հրաշալի տղաներ էին հավաքված, մտնում էին դաշտ ու պատրաստ էին հաղթանակի համար ամեն ինչ թողնել խաղադաշտում։ Հետագայում փայլուն ֆուտբոլ էին ցուցադրում Հակոբյան եղբայրները։ Արան ու Արամը խփում էին գոլեր մեկը մյուսի հետևից։ Նրանց խաղը նայելով կարելի էր միայն հաճույք ստանալ։ Ներկայիս ֆուտբոլիստներին էլ լավ եմ հիշում, երբ դեռ փոքր էին։ Արամ Բարեղամյանը «Ուրարտուի» կազմում ամենից շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է, իսկ ես հիշում եմ նրան, երբ նա դեռ երեխա էր ու պայուսակը ձեռքին գալիս էր պարապմունքի։ Նա ոչ միայն լավ ֆուտբոլիստ է այլև էությամբ էլ լավ անձնավորություն է, Արամը օրինակելի է ոչ միայն ֆուտբոլային այլև մարդկային որակներով։ Երբ նայում եմ նրան ուրախանում եմ։ Հիմա էլ բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք, հուսով եմ, որ նրանք էլ շատ աշխատելու դեպքում մեծ հաջողությունների կհասնեն։

Հայաստանի առաջնությունում հիմա իրավիճակն այնպիսինն է, որ գրեթե բոլոր ակումբներում հանդես են գալիս մեր ակումբի սաները։ Մեր նախկին մարզիչ Իլշատ Ֆայզուլինը խաղերից մեկից հետո մոտեցավ ինձ ու հարցրեց․ «Հարութ, այդ ինչպե՞ս է լինում, որ մենք ում հետ խաղում ենք, մրցակցի բոլոր ֆուտբոլիտները քեզ հետ գրկախառնվում են»։ Ես ժպտում էի, ասելով, որ բոլորն էլ մեր տղաներն են»։

 

«ԻՄ ԵՐԱԶԱՆՔԸ ԱԿՈՒՄԲԻՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՍՆԵԼՆ Է»

 

«Երբեք չեմ մտածել ակումբից հեռանալու, այլ աշխատանքով զբաղվելու մասին։ Այստեղ ինձ գնահատված եմ զգում։ Ֆուտբոլիստները, մարզիչներն, ակումբի ղեկավարությունը հարգում են ինձ, ես էլ իմ աշխատանքով եմ փորձում վարձահատույց լինել նրանց։ Ես մարդ եմ, որը երբեք չի հոգնում, չի սիրում թերանալ։ Ամեն ինչ պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա, եթե պետք է, ուրեմն կանենք ավելին, քան պահանջնվում է, բայց աշխատանքի արդյունքը պետք է դուրեկան լինի բոլորին։ Ես ի սրտե ուրախանում եմ այս թիմի հաջողություններով ու տխրում, երբ ինչ-որ բան չի ստացվում։ Միշտ ցանկանում եմ, որ ակումբը հասնի իր առջև դրված բարձր նպատակներին, դա իմ երազանքն է»։