Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՎԱՔԸ

23/02/2021

Փետրվարի 7-19-ը «Ուրարտու-2»-ն արտասահմանյան հավաք անցկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքի անցկացման, դրա կարևորության ու թիմի մարզավիճակի մասին զրուցել ենք մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ․

 

ՀԱՎԱՔԻ ՈՒ ԴՐԱ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ հավաքը ծառայեց իր նպատակին, իրականացրինք այն, ինչ պլանավորել էինք, ընդհանուր առմամբ գոհ եմ թե՛ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ մոտեցումից, թե՛ այնտեղի պայմաններից, և թե՛ ընկերական խաղերից։ Ամեն ինչ լավ էր, բացի նրանից, որ խաղերից մեկի ժամանակ վնասվածք ստացավ Օկոտիեն, մյուսների հետ ամեն ինչ կարգին է, ինձ համար սա ամենակարևորն է։

Արտասահմանյան հավաքները կարևոր են մարզումային գործընթացների համակարգվածության առումով, բացի այդ կարևոր են, որպեսզի խաղանք ավելի բարձրակարգ թիմերի դեմ, ինչը շատ կարևոր ու անգնահատելի փորձ էր մեր պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Շատ ուրախ ենք, որ մեզ ընձեռնվեց նման հնարավորություն ու մեր ֆուտբոլիստները փորձ ձեռք բերեցին նաև միջազգային ասպարեզում»։

 

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երեք ստուգողական հանդիպում անցկացրինք, մեր բոլոր մրցակիցներն էլ ուժեղ էին, բայց տարբեր խաղաոճեր ունեին, մեր տղաները կատարեցին այն պահանջները, որ դրված էին իրենց առջև, բայց աշխատելու տեղ միշտ կա, կային սխալներ, որ պետք է շտկենք։ Վերջին խաղում, որը 3-2 հաշվով հաղթեցինք, խաղում էինք շատ կազմակերպված, իսպանացի մարզիչներով օժտված թիմի դեմ, որոնք լավ գիտեին իրենց անելիքը խաղադաշտում։ Դժվարությունն այս խաղում մեզ համար այն էր, որ հավաքի վերջին օրն էր ու թիմի մոտ արդեն հոգնածություն էր նկատվում, բայց, կարծում եմ՝ իրենց նվիրվածության շնորհիվ ֆուտբոլիստները կարողացան հաղթանակով ավարտել հանդիպումը»։

 

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մարզավիճակ հավաքելու առումով շատ լավ հնարավորություն էր, չնայած այնտեղ մենք խաղում էինք բնական խոտածածկի վրա, իսկ Հայաստանում շարունակելու ենք մարզվել արհեստականի վրա, դրան գումարած եղանակային պայմաններն են ուրիշ, բայց մեր ֆուտբոլիստները ինչքան հնարավոր է արագ պետք է հարմարվեն այս պայմաններին, որպեսզի առաջնության երկրորդ հատվածի հենց առաջին խաղից ցուցադրեն իրենց մաքսիմալ հնարավորությունները»։