Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ

30/05/2020

«Արարատի» հետ հանդիպումով ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը։ Արդեն հաջորդ տուրից 1-ից 6-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կսկսեն պայքարը մրցանակային տեղերի համար, իսկ 6-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերն ընդգրկվել են երկրորդ խմբում։ Ըստ ձևաչափի նրանք պայքարելու են Բարձրագույն խմբի առաջնությունում տեղը պահպանելու համար, իսկ վերջին հորիզոնական զբաղեցնողը պետք է լքեր Բարձրագույն խումբը, սակայն «Երևան» ֆուտբոլային ակումբը ժամկետից շուտ առաջնությունը լքելու որոշում կայացրեց։ Փորձել ենք փաստերով ու թվերով ներկայացնել «Ուրարտուի» ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 1-ին փուլում։

 

  • «Ուրարտուն» կայացած 18 տուրերում տոնեց 6 հաղթանակ, կրեց 7 պարտություն, իսկ 5 հանդիպում էլ ավարտեց ոչ-ոքի։ Սեփական հարկի տակ կայացած 9 խաղից 4-ն ավարտվել է ոչ-ոքի, թիմը հաղթել է 3, պարտվել՝ 2 անգամ, մրցակցի հարկի տակ «Ուրարտուն» հաղթել է 3 անգամ, գրանցել 1 ոչ-ոքի, իսկ 5 հանդիպում ավարտել է պարտությամբ։ Կայացած 18 խաղում «Ուրարտուն» խփել է 22 գոլ, բաց թողել 24-ը։
  • 18 խաղերի ընթացքում «Ուրարտուի» կազմում հանդես է եկել 34 ֆուտբոլիստ, որից 9-ն արդեն թիմի անդամներ չեն։ Ամենից շատ խաղաժամանակը ստացել է Յուրիցա Գրգեցը, որը մասնակցել է 17 հանդիպման և խաղադաշտում անցկացրել է 1472 րոպե։ Ազգությամբ հայ ֆուտբոլիստներից ամենաշատ խաղերին մասնակցել է Կարեն Մելքոնյանը՝ 15 խաղ։

  • Ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստները Եվգենի Օսիպովն ու Արամ Հայրապետյանն են (32 տարեկան), իսկ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ Գևորգ Տարախչյանը, որը 18 տարեկանում նշեց իր նորամուտը «Արարատի» հետ խաղում։
  • «Ուրարտուի» կազմում ամենից շատ գոլ խփել է Եվգենի Կոբզարը, նա աչքի է ընկել 6 անգամ, նրանից 2 գոլ պակաս են խփել Եվհեն Բուդնիկն ու Պապ Աբդու Կամարան, այդ երկու ֆուտբոլիստնրն այժմ թիմում չեն։ «Ուրարտուի» կազմում միակ դուբլը հեղինակել է Սեմյոն Սինյավսկին, նա երկու անգամ աչքի է ընկել «Գանձասար-Կապանի» հետ խաղում։

  • Առաջնության առաջին շրջանում «Ուրարտուի» դարպասը պաշտպանել են երեք դարպասապահներ՝ Արամ Հայրապետյանը (9 խաղ, -13 գնդակ), Անատոլի Այվազովը (7 խաղ, - 10 գոլ), Արսեն Բեգլարյանը (1 խաղ, -1 գոլ):
  • Հայաստանի ազգային հավաքական «Ուրարտուից» հրավիրվել են 3 ֆուտբոլիստներ՝ Արամ Հայրապետյանը, Անատոլի Այվազովը և Նարեկ Պետրոսյանը։ Խաղաժամանակ ստացել է միայն Հայրապետյանը։ Իր երկրի ազգային հավաքականի ճամբար պետք է մեկներ նաև Պետեր Մուտումոսին, սակայն կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, այդ հավաքը չեղարկվեց։
  • Ամենից շատ դեղին քարտերը ստացել է Միլոշ Նիկոլիչը՝ 5 անգամ, իսկ միակ կարմիր քարտը ստացել է Հակոբ Հակոբյանը։