Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԳՈԼԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

28/05/2020

28 տարի առաջ ճիշտ այս օրը «Բանանցը» (ներկայիս «Ուրարտուն») «Հրազդան» մարզադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ ՀՄԸՄ-ի նկատմամբ ու դարձավ նորանկախ Հայաստանի առաջին գավաթակիրը։ Այդ խաղում գոլեր հեղինակեցին Արա Նիգոյանն ու Աշոտ Ավետիսյանը։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նրանք սկսեցին զբաղվել մարզչական գործունեությամբ։ Նիգոյանն այսօր «Արագածի» գլխավոր մարզիչն է, իսկ Ավետիսյանն աշխատում է «Փյունիկում»։ Երկուսն էլ Հայաստանի գավաթին տիրել են նաև մարզչի կարգավիճակում, բայց երկուսն էլ ասում են, որ առաջին գավաթը ամենանշանավորն է։ Մեր խնդրանքով նրանք պատմել են, թե ինչպիսինն էր անկախ Հայաստանի գավաթի առաջին խաղարկության եզրափակիչը․

ԱՐԱ ՆԻԳՈՅԱՆ․ «Գավաթի եզրափակչում հաղթելու շատ մեծ ցանկություն ունեինք։ Ես վստահ էի, որ մենք հաղթելու ենք։ Շատ լավ թիմ ունեինք։ Մինչև եզրափակիչ հասնելը պայքարից դուրս էինք թողել Երևանի «Արարատին», իսկ բոլորդ էլ լավ եք հասկանում, թե այն ինչ թիմ էր այդ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է խփածս գոլին, ապա ասեմ, որ մենք մարզումների ընթացքում շատ էինք աշխատում ստանդարտ իրավիճակների խաղարկման վրա, մշակած մի քանի տարբերակներ ունեինք, որոնց շնորհիվ կարողացել էինք շատ գոլեր խփել առաջնությոնում։ Կարեն Միքայելյանը շատ լավ էր իրացնում ստանդարտ իրավիճակները։ Խնդիրը հետևյալն էր՝ տուգանային հրապարակում գտնվող ֆուտբոլիստները առաջադիմում էին, իսկ նա գնդակը պտտեցնում էր դարպասի ուղղությամբ։ Հենց այդպես էլ գոլ խփեցինք, նա փոխանցեց, իսկ ես գնդակն ուղղեցի դեպի դարպասը՝ 1-0։ Այդ տարի մենք հաջող հանդես եկանք նաև ներքին առաջնությունում, զբաղեցրինք երրորդ տեղը, 1-ին և 2-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերին զիջում էինք ընդամենը 1 միավորով (1992 թվականին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը ունեցել է 2 հաղթող՝ «Շիրակ»-ն ու ՀՄԸՄ-ն վաստակել էին 37 միավոր)։

Կարծում եմ, որ այդ տարվա առաջնությունը եղել է ամենահետաքրքիրն ու ամենաուժեղը, որովհետև խաղում էին սովետական դպրոցն անցած տղաներ, որոնք խորհրդային միության ուժեղ առաջնությունում էլ խաղալու փորձ ունեին։ Հիմա որպես մարզիչ էլ նվաճումների հասել եմ, բայց ֆուտբոլիստ ժամանակ ունեցած հաղթանակներն ուրիշ են։ Մարզչի պարագայում ամեն ինչ ուրիշ է, անընդհատ մտածմունքների ու ապրումների մեջ ես լինում, անընդհատ գլխումդ այս միտքն է․ «Մտնեմ դաշտ օգնեմ թիմակիցներիս», այդ առումով ավելի հեշտ է լինել ֆուտբոլիստ, քան մարզիչ։ Խաղից հետո հաղթանակը նշեցինք հանդերձարանում, քանի որ առաջնության խաղերը խիտ էին ու 3-4 օր անց պետք է հանդիպում անցկացնեինք, չէինք կարող խախտել ռեժիմը, բայց հաղթանակից մի քանի օր հետո տղաներով, ակումբի ողջ անձնակազմով հավաքվեցինք ու եթե չեմ սխալվում «Արագիլ» ռեստորանում մեծ շուքով նշեցինք այս հաղթանակը»։

 

ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ․ «Գավաթի այդ եզրափակիչը անցավ շատ լարված պայքարում, հատկապես առաջին խաղակեսը։ Վտանգավոր պահերը քիչ էին, բայց պայքարն անզիջում էր։ Երկու թիմերն էլ անչափ զգույշ էին գործում, բայց երկորդ կեսում դաշտում ավելի բաց ֆուտբոլ ծավալվեց։ Աչքի ընկնելու հնարավորություն ունեին թե՛ ՀՄԸՄ-ն, թե՛ մենք։ 79-րդ րոպեին Արա Նիգոյանը բացեց հաշիվը՝ 1-0։ Հասկանալի է, որ բաց թողած գոլից հետո ՀՄԸՄ-ն պետք է ավելի նախաձեռնող ֆուտբոլ ցուցադրեր, որպեսզի կարողանար հետ բերել կորցրածը։ Ասեմ, որ նրանց գրոհներն անչափ վտանգավոր էին, բաց թողած գոլից մի քանի րոպե անց Արսեն Ավետիսյանը մեն-մենակ մնաց մեր դարպասապահի հետ, բայց մի փոքր շեղ հարվածեց, գնդակը դրսի կողմից դիպչեց ցանցին։ Դրան հաջորդած գրոհը մեզ համար դարձավ արդյունավետ։ Դարպասապահ Գարեգին Նաջարյանը սկսեց գրոհը, գնդակը փոխանցեց Վարդան Իսրայելյանին, նա էլ ինձ։ Ես գնդակով բարձր արագությամբ շարժվեցի դեպի կենտրոն, ճանապարհին շրջանցեցի մրցակցի երկու ֆուտբոլիստի, անկեղծ ասած, գրոհի զարգացման լավ տարբերակ չգտա ու որոշեցի հարվածել։ Հարվածեցի՝ գոլ։ 2-0։ Այդպես խփեցի իմ կարիերայի ամենակարևոր գոլը։ Իսկապես պատմական իրադարձություն էր՝ անկախ Հայաստանի գավաթի առաջին խաղարկությունն է ու դու գոլ ես խփում եզրափակչում։ Այդ հանդիպումն ու գոլը միշտ հիշում եմ։ Գոլից հետո վազում էի դեպի պահեստայինների նստարան, բայց մեր դարպասապահ Գարեգին Նաջարյանը կանգեցրեց ինձ, հետո էլ մյուս տղաները պարզապես թափվեցին վրաս։ Ես առաջին հերթին մտածում էի այդ իրավիճակից ողջ դուրս գալու մասին (ծիծաղում է)։ Մեր թիմին թերագնահատում էին ինչպես առաջնությունում, այնպես էլ գավաթի խաղարկությունում, բայց հավաքվել էր շատ լավ կոլեկտիվ, հզոր տղաներ, որոնք նախկինում խաղացել էին սովետական առաջնություններում, ունեինք լավ մարզիչ, որը կարողանում էր լավ ղեկավարել մեզ, ունեինք փորձառու առաջատարներ, որոնք դաշտում շատ հմտորեն կարողանում էին կառավարել թիմի խաղը, այդ ամենի համագումարի արդյունքում մենք հաջողության հասանք։ Որպես մարզիչ էլ հասցրել եմ մի քանի անգամ դառնալ գավաթակիր, բայց ֆուտբոլիստ ժամանակ տոնած հաղթանակն ու այդ ապրումները լրիվ ուրիշ են» ։