Not Selected

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

10/06/2020

Ցավով տեղեկացանք, որ 53 տարեկան հասակում մահացել է «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») նախկին ֆուտբոլիստ Վահան Արզումանյանը։ 1992 թվականին Արզումանյանը «Բանանցի» կազմում դարձել էր նորանկախ Հայաստանի առաջին գավաթակիրը, «Ցեմենտի» կազմում դարձել էր Հայաստանի չեմպիոն։ 2001-ին վերակազմավորած «Բանանցում» նա կարևոր նշանակություն ուներ, լինելով թիմի փորձառու տղաներից մեկը՝ նա 14 հանդիպում անցկացրեց, իսկ 2002 թվականին «Բանանցի» կազմում դարձավ բրոնզե մեդալակիր։ Այդ մրցաշրջանում նա ավարտեց գործնական ֆուտբոլը։

Նրա պատվին հրաժեշտի հանդիպում կազմակերպվեց, որի ավարտից հետո նա 3 համարի մարզաշապիկը հանձնեց դեռևս երիտասարդ Արարատ Առաքելյանին։ «Բանանցի» թիմակիցներն այդ խաղում նրան ուսերի վրա դրած դուրս բերեցին խաղադաշտից։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր երախտագիտությունն է հայտնում Արզումանյանին՝ ակումբի պատմության մեջ ունեցած մեծ ավանդի համար ու ցավակցում ֆուտբոլիստի հարազատներին ու մտերիմներին՝ մաղթելով ուժ և տոկունություն։

Հայաստանի 1992 թվականի գավաթակիր «Բանանցը»։ Լուսանկարում Վահան Արզումանյանը ներքևի շարքում ձախից 4-րդն է