Not Selected

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՎԵՐՍԿՍԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

03/06/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սոցիալական էջերում վերջին շրջանում հաճախ են տրվում հարցեր ակումբի մանկապատանեկան թիմերի մարզումների հնարավոր վերսկսման մասին։ Այդ կապակցությամբ մենք զրուցել ենք ակադեմիայի գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանի ու մենեջեր Արթուր Նազարեթյանի հետ։ Նրանք մեզ մանրամասներ են ներկայացրել ստեղված իրավիճակի ու առաջիկա ծրագրերի մասին․

ԱՐԹՈՒՐ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ. «Այս պահին հստակ ժամկետ չկա, թե երբ են վերսկսվելու մարզումները: ՀՖՖ-ի կողմից հայտարարվել է անժամկետ դադար: Պետք է պահպանենք անվտանգության բոլոր պահանջները, իսկ որոշումներ կայացնելիս էլ անպայման հաշվի է առնվելու համաճարակի տարածվածության մակարդակը։ Առաջիկայում նախատեսվում է նաև սեմինար անցկացնել մարզիչների հետ, որտեղ կքննարկվեն նրանց անելիքները, կպլանավորվի հետագա աշխատանքը։ Կորոնավիրուսը համաշխարհային խնդիր է, բոլորին համբերություն եմ ցանկանում, եղեք առողջ ու հետևեք անվտանգության կանոններին։ Հուսով եմ, որ միասին կկարողանանք հաղթահարել այս դժվար ժամանակահատվածը» ։

ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆ․ «Մարտ ամսից մանկապատանեկան թիմերի պարապմունքները հարկադրված դադարեցրինք։ Ստիպված էինք ամեն ինչ կազմակերպել տնային պայմաններում, այդ նպատակով մարզիչների հետ միասին ծրագիր կազմեցինք՝ տարբեր տարիքային խմբերի հետ հեռավար մարզումներ անցկացնելու համար: Արդեն 3 ամիս է մարզումները հեռավար բնույթ են կրում, իսկ երեխաներն իրենց մարզումներից տեսանյութեր են ուղարկում մարզիչներին, նրանք վերլուծում են դրանք ու կատարում իրենց շտկումներն ու ցուցումները: Դեռ որևէ հստակ ժամկետ չկա, թե երբ են սկսվելու մարզումները, բայց ինչ կարող ենք անել, ժամանակի պահանջն է այդպիսին։ Ամենից կարևորը առողջությունն է ու կոչ եմ անում բոլորին լրջորեն հետևել անվտանգության բոլոր կանոններին։ Այս ժամանակահատվածում շատ կարևոր է, որ երեխաները շարունակեն անհատական մարզումները, որպեսզի չզիջեն իրենց դիրքերն ու առաջնության վերսկսվելուց հետո նույն ոգով ու նվիրումով շարունակեն իրենց ելույթները» :