Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԵՂՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԻՑ, ԲԱՅՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԱՆԵԼ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

20/10/2020

«Վանի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը մեզ հետ զրույցում կիսվել է խաղի մասին իր տպավորություններով ու խոսել երկրում տիրող իրավիճակի մասին։

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հեշտ խաղ չստացվեց, բայց ամենակարևորը՝ հաղթեցինք, վաստակեցինք 3 միավոր ու գլխավորեցինք մրցաշարային աղյուսակը։ Ես ինձ լավ եմ զգում, շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա։ Հաղթեցինք չոր հաշվով, սա նույնպես շատ կարևոր էր թիմի համար։ Խաղընկերներիս դերն էլ մեծ էր, նվազագույն վտանգավոր պահերը թույլ տվեցին մրցակցի կատարմամբ, իրենց հերթին էլ պահեր ստեղծեցին, կարծում եմ՝ արժանի հաղթանակ էր»։

ԵՐԿՐՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ամեն օր հանդերձարանում վերջին նորություններն ենք քննարկում․ ով ինչ գիտի, ինչ է կարդացել։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը բարդ է ու ֆուտբոլից էլ բավական շեղում է, բայց այս առումով մենք փորձում ենք պրոֆեսիոնալիզմ դրսևորել, անել մեր աշխատանքը, և օգնել ինչով կարող ենք մեր բանակի հետ զուգահեռ՝ թե՛ բարոյապես, թե՛ նյութապես։ Ինչպես գիտեք, մեր մարզաբազայում նաև փախստականներ են ապրում, կարծում եմ՝ մեր ղեկավարության կողմից ճիշտ քայլ է։ Ի դեպ, նրանք մեզ երկրպագում ու աջակցում էին երեկվա խաղում, դա նույնպես մեզ օգնեց և շատ հաճելի էր»։

ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Հավաքը լավ անցավ, ճիշտ է, մինչև վերջին օրը մենք չգիտեինք, որ Վրաստանի հետ չենք խաղալու Հայաստանում, միայն մի քանի օր առաջ հայտարարեցին ծրագրի փոփոխման մասին, որ պետք է Լեհաստանում անցկացնենք խաղը, ուստի հավաքը չանցավ այնպես, ինչպես իսկզբանե պլանավորված էր, բայց ընդհանուր առմամբ, լավ պատրաստվել էինք, չստացվեց հաղթել, բայց ես կարծում եմ, որ կարող էինք դա անել։ Ամենակարևորը, որ մրցաշարային աղյուսակում ոչինչ չփոխվեց, ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե նոյեմբերին կայանալիք խաղերում հաղթենք, ապա կզբաղեցնենք առաջին հորիզոնականը ու կհասնենք ցանկալի արդյունքի»։