Not Selected

ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ «ՈՒՐԱՐՏՈՒ»՝ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՍ ԱՎԵԼԻ ԵՄ ԲԱՐԵԼԱՎԵԼ»

15/01/2021

Ինչպես գիտեք, «Ուրարտուն» ձմեռային նախապատրաստական շրջանն անցկացնում է սեփական մարզաբազայում։ Թիմի գրաֆիկը մարզումներից բացի հագեցած է լինելու նաև ստուգողական հանդիպումներով։ Նախապատրաստական շրջանի ու թիմի առաջիկա անելիքների մասին զրուցել ենք պաշտպան Էդգար Գրիգորյանի հետ։

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Նախապատրաստական այս հատվածում մարզումներն ուղղված են հիմնականում ֆիզիկական վիճակի բարելավմանը՝ վազք, ուժային վարժություններ։ Ունենք հագեցած գրաֆիկ, բավական ծանրաբեռնված աշխատանք ենք կատարում, որպեսզի լավ պատրաստվենք ու մրցաշրջանի ընթացքում ամեն ինչ ավելի հեշտ լինի մեզ համար»։

 

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարելի է ասել՝ նախապատրաստական շրջանի երկրորդ փուլում ենք գտնվում, ավելի մեծ ուժով ու ծանրաբեռնվածությամբ ենք մարզվում հիմա։ Մինչ առաջնության երկրորդ հատվածի մեկնարկը՝ այս ամսվա վերջում, ստուգողական հանդիպումներ ենք անցկացնելու և փորձում ենք մինչ այդ խաղերը բարելավել մեր մարզավիճակը, իսկ արդեն առաջնությանը մոտենալ էլ ավելի լավ վիճակում»։

 

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ուրարտու» վերադառնալով՝ մարզավիճակս ավելի եմ բարելավել, ավելի շատ խաղաժամանակ եմ ստանում այստեղ։ Պետք է փորձեմ ավելի շատ աշխատել, հնարավորություն ստանալ, որպեսզի ամրապնդեմ տեղս թիմի մեկնարկային կազմում, իսկ հետագայում արդեն դառնամ նաև ազգային հավաքականի թեկնածու»։