Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԱԱ-2022-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

14/11/2021

Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում հյուրընկալեց J խմբի միանձնյա առաջատար Գերմանիայի հավաքականին և պարտվեց 1-4 հաշվով։ Հայերի միակ գոլը 11-մետրանոցից հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանն իր երկրորդ խաղն անցկացրեց ազգային թիմի կազմում՝ հանդիպման 77-րդ րոպեին փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին։ Իսկ դարպասապահ Արսեն Բեգլարյանը պահեստայինների թվում էր և խաղաժամանակ չստացավ։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Նարեկ Գրիգորյանը խոսել է հավաքականի կազմում անցկացրած ժամանակահատվածի մասին՝ նշելով․

«Լավ էմոցիաներ ու տպավորություններ ունեմ հավաքից, փորձեցի օգնել թիմին այնքանով, որքանով կարողացա, կփորձեմ ավելի բարելավել խաղս, որպեսզի հետագա հավաքներին ավելի լավ մարզավիճակով ներկայանամ»։

Հավելենք, որ այս խաղով մեր հավաքականն ավարտեց իր ելույթները Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում՝ գրավելով 4-րդ հորիզոնականը 10 խաղերի արդյունքում վաստակած 12 միավորով։