Not Selected

ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԷՐ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԻ ՇԱՐՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

18/11/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 5-0 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Ջոնել Դեսիրեն հեթ-տրիկ ձևակերպեց, մեկական անգամ էլ աչքի ընկան Ուգոչուկվու Իվուն և Գոռ Լուլուկյանը։

Կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն անցկացրեց իր 30-րդ հանդիպումը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Այս ընթացքում ռուս ֆուտբոլիստը 6 գոլ է խփել։

20-ամյա կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանի համար ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը 10-րդն էր Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Մկրտչյանը այս ընթացքում դարձել է 1 գոլի հեղինակ։

Նարեկ Գրիգորյանն անցկացրեց իր 20-րդ հանդիպումը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում։ 20-ամյա հարձակողը իր նորամուտը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում նշել էր դեռևս 2018 թվականի մարտին՝ 16 տարեկան հասակում։ Այժմ Գրիգորյանն իր ակտիվում ունի 20 խաղ և խփած 4 գոլ։

18-ամյա կիապաշտպան Գոռ Լուլուկյանը պաշտոնական խաղերում խփեց իր առաջին գնդակը «Ուրարտուի» կազմում։ Ընթացիկ առաջնությունում սա Լուլուկյանի 4-րդ հանդիպումն էր։

Ջոնել Դեսիրեն, հեթ-տրիկ հեղինակելով, Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում խփեց իր 40-րդ գոլը։ Այս մրցաշրջանում Հայիթիի ազգային հավաքականի ֆուտբոլիստն աչքի ընկավ առաջին անգամ։ Վերջին անգամ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում Դեսիրեն գոլի հեղինակ դարձել էր այս տարվա ապրիլի 7-ին՝ «Արարատի» հետ խաղում (1-0):

Հատկանշական է, որ ԲԿՄԱ-ի հետ խաղում 2 գոլ խփելով՝ «Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր լիգայում իր գոլերի հաշիվը հասցնում էր 1200-ի։ Այս խաղում մեր տղաները 5 գոլ խփեցին, ինչի շնորհիվ թիմի ակտիվում այժմ 1203 գնդակ է։