Not Selected

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԷՐ 2021-Ն «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԱՄԱՐ․ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

16/12/2021

Դեկտեմբերի 10-ին «Ուրարտուն» այս տարվա վերջին հանդիպումն անցկացրեց, որի շրջանակում թիմը հյուրընկալվեց «Նոային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Առաջարկում ենք վերհիշել կարևորագույն իրադարձությունները, որոնք կատարվեցին անցնող 2021 թվականին։ 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԵՌՅԱԿ

2020-ի վերջն ու 2021-ի սկիզբն այդքան էլ հեշտ չէին։ Մրցաշրջանի երկրորդ կեսի սկզբում թիմի մարզչական շտաբում տեղի ունեցան փոփոխություններ՝ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Ալեքսանդր Գրիգորյանը, որը թիմը գլխավորում էր մոտ մեկուկես տարի։ Նրան փոխարինելու եկավ Ռոբերտ Արզումանյանը, որն այդ պահին գլխավորում էր «Ուրարտու-2»-ը։ Ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնեց Արամ Բարեղամյանը։

«Ուրարտուի» ֆուտբոլիստները մինչև վերջ պայքարեցին չեմպիոնության համար, սակայն առաջնության վերջին տուրում մեր տղաներին հաջողվեց ամրապնդվել լավագույն եռյակում ու նվաճել եվրագավաթային ուղեգիր, որտեղ «Նոայի» և «Արարատի» հետ միասին առաջին անգամ հանդես եկան ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում։

ԵՎՐԱԳԱՎԱԹԱՅԻՆ ԱՄԱՌ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած մրցակիցը բոլոր ֆուտբոլասերներին քաջածանոթ սլովենական «Մարիբորն» էր։ Վիճակահանության համաձայն՝ առաջին հանդիպումը հյուրի կարգավիճակում անցկացրինք։ Սլովենիայի «Լուդսկի Վրտ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն առավելությամբ՝ 1-0 հաշվով, միևնույն ժամանակ բազմաթիվ լրագրողներ և առհասարակ ֆուտբոլասերներ հիշատակեցին այդ խաղում «Ուրարտուի» ֆուտբոլիստների ցուցադրած արժանի ելույթը։ Ցավոք, նույն արդյունքը գրանցվեց նաև Երևանում կայացած պատասխան խաղում, որից հետո մեր եվրագավաթային ամառն ավարտվեց։

2021/22 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲԸ

Եվրոպական մրցաշարի վաղ ավարտը մեզ երկար նախապատրաստվելու ժամանակ տվեց նոր մրցաշրջանին, որտեղ մեզ սպասում էին ոչ միայն արդեն ծանոթ մրցակիցները, այլև Հայաստանի Առաջին խմբից առաջնությունը համալրած «Սևանը», «Նորավանքն» ու ԲԿՄԱ-ն։

Մեզ համար մրցաշրջանը, կարելի է ասել, բավական հաջող մեկնարկեց։ Առաջին երկու տուրերի արդյունքում մեր ֆուտբոլիստներին հաջողվեց 7 գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը՝ բաց թողնելով ընդամենը մեկը։

ՄՇՏԱԿԱՆ ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ՏՈՄՍԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

2021/21 մրցաշրջանում տնային հանդիպումների ժամանակ մենք առաջին անգամ կիրառեցինք QR կոդերի համակարգը, ինչպես նաև առաջին անգամ ակումբի պաշտոնական կայքում գործարկվեց տոմսերի առցանց գնման համակարգը։ Ընթացիկ մրցաշրջանի սկզբում մեր տնային հանդիպումներին հաճախակի ներկա գտնվող ֆուտբոլասերներից ոմանց՝ սիրված դերասան Խորեն Լևոնյանին և աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին հանձնվեցին անդամաքարտեր, որով նրանք ունեցան իրենց անվանական տեղերն «Ուրարտու» մարզադաշտում։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Չնայած Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում տիրող լճացմանը՝ մեր տղաները բնավորություն դրսևորեցին գավաթի համար պայքարում։ Ինչպես գիտեք, մեր թիմը պայքարի մեջ մտավ քառորդ եզրափակչից, մրցակիցը «Ալաշկերտն» էր, որի հետ հանդիպումը մեզ համար տնային էր։ Ջոնել Դեսիրեի և Հակոբ Հակոբյանի խփած գոլերի շնորհիվ «Ուրարտուն» հաղթեց՝ նվաճելով գավաթի կիսաեզրափակչի ուղեգիրը։ Բացի «առյուծներից» կիսաեզրափակիչ դուրս եկան նաև «Նորավանքը», «Վանը» և «Արարատը»։

2021/22 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՎԱՐՏԸ

Առաջնության առաջին կեսում «Ուրարտուի» ֆուտբոլիստներին ընդհանուր առմամբ հաջողվեց խփել 19 գոլ՝ բաց թողելով 17-ը (* հաշվի են առնված նաև «Սևանի» հետ հանդիպումները), մերոնք տոնել են 5 հաղթանակ, 5 հանդիպում ավարտվել է ոչ-ոքիով և 6 պարտություն գրանցել։ Այս պահին թիմը առաջնությունում 6-րդն է և 5 միավորով է զիջում 5-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին»։

ՄԻ ՓՈՔՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ուրարտուի» կազմում  առավելագույն թվով հանդիպումներ (* հաշվի են առնված նաև «Սևան» ֆուտբոլային ակումբի հետ հանդիպումները) անցկացրած ֆուտբոլիստները 5-ն են՝ Ուգոչուկվու Իվու, (16 հանդիպում, 1421 րոպե), Օլեգ Պոլյակով (16 հանդիպում, 1335 րոպե), Նարեկ Աղասարյան (16 հանդիպում, 1282 րոպե), Նարեկ Գրիգորյան (16 հանդիպում, 1011 րոպե) և Կարեն Մելքոնյան (16 հանդիպում, 609 րոպե)։ Եթե դիտարկենք խաղադաշտում ամենաշատ ժամանակն անցկացրած ֆուտբոլիստներին, ապա այս հնգյակում Գրիգորյանի և Մելքոնյանի փոխարեն կտեսնենք Սալոմոն Նիրիսարիկեին (13 հանդիպում, 1165 րոպե) և Հակոբ Հակոբյանին (13 հանդիպում, 1092 րոպե):

Ամենաշատ գոլերը խփել է Օլեգ Պոլյակովը, որը կարողացել է 5 անգամ գրավել մրցակիցների դարպասը, նրան հաջորդում է Նարեկ Գրիգորյանը՝ 4 գոլով, իսկ Ջոնել Դեսիրեն ու Ուգոչուկվու Իվուն իրենց ակտիվում 3-ական գոլեր ունեն։ Ամենաշատ գոլային փոխանցումների թվով այս պահին առաջատարները Հակոբ Հակոբյանն ու Օլեգ Պոլյակովն են՝ 3-ական փոխանցումով։

ՀՐԱՎԵՐՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ

2021 թվականին «Ուրարտուի» 9 ֆուտբոլիստներ հրավիրվել են տարբեր երկրների հավաքականներ։ Մարտին կայացած ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել մեր ակումբի 5 ֆուտբոլիստներ՝ Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Հակոբ Հակոբյանը, Արթուր Միրանյանը, ինչպես նաև Էրիկ Սիմոնյանը, որն առաջին անգամ հրավեր ստացավ ազգային հավաքականից, սակայն առողջական խնդիրների պատճառով բաց թողեց Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա (0-1), ինչպես նաև տանը Իսլանդիայի (2-0) և Ռումինիայի (3-2) հավաքականների հետ հանդիպումներում խաղադաշտ դուրս գալու հնարավորությունը:

Մի քանի ամիս անց՝ հունիսին, Հակոբյանի ու Միրանյանի հետ միասին առաջին անգամ հավաքական հրավիրվեց Կարեն Մելքոնյանը, որն ազգային ընտրանու կազմում իր նորամուտը նշեց Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական խաղում (1-1)։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրերին մասնակցելու համար Հայաստանի հավաքական առաջին անգամ հրավիրվեց նաև «Ուրարտուի» երիտասարդ հարձակվող Նարեկ Գրիգորյանը և մասնակցեց տուրի երկու տնային հանդիպումներին էլ՝ Հյուսիսային Մակեդոնիայի (0-5) և Գերմանիայի հետ (1-4)։

Մեր մյուս հարձակվող Ջոնել Դեսիրեն էլ Հայիթիի հավաքականի կազմում մասնակցեց Բահրեյնի հետ ընկերական հանդիպմանը, որում հայիթցիները պարտվեցին 6-1 հաշվով։

2021-ին «Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիեն մշտապես հրավիրվել է Ռուանդայի ազգային հավաքական։ ԱԱ-2022-ի ընտրական փուլում Ռուանդան անցկացրել է 6 հանդիպում և վաստակել մեկ միավոր՝ զբաղեցնելով իր խմբում վերջին հորիզոնականը։ Հատկանշական է, որ որոշ հանդիպումներում ավագի պարտականությունները կատարել է Սալոմոն Նիրիսարիեն։

ՎԵՐՋԱԲԱՆ

2021 թվականը ինչպես ուրախացրեց մեզ հաղթանակներով, այնպես էլ տխրեցրեց՝ ցավալի պարտություններից հետո: Այնուամենայնիվ, մեր նվիրված երկրպագուների հետ միասին և բոլոր նրանց, ովքեր համարում են իրենց մեր թիմի մի մասը, մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները և կհասնենք այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև։