Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԵՐԻ՝ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

22/12/2021

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի 2021-2022թթ. մանկապատանեկան առաջնությունների աշնանային հատվածը։ «Ուրարտուի» ակադեմիայի թիմերը մասնակցեցին իրենց տարիքային առաջնություններին, ինչպես նաև գավաթային հանդիպումներին։ Ձեզ ենք ներկայացնում այս հատվածում Մ-14-ից Մ-18 տարեկանների մրցաշարերում մեր թիմերի գրանցած արդյունքներն ու ունեցած հաջողությունները։

 

Մ-18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Այս տարիքային առաջնությունում «Ուրարտուն» ներկայացնում են 2 թիմեր։ «Ուրարտու-05»-ը A ենթախմբում, իսկ «Ուրարտու-04»-ը՝ B-ում։

«Ուրարտու-05» թիմն անցկացրած 11 խաղերում վաստակել է 14 միավոր՝ 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 5 պարտություն, և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Թիմի լավագույն գոլահարը Արամ Հունանյանն է, որը խփած 7 գոլով եզրափակում է ենթախմբի լավագույն ռմբարկուների եռյակը։

Մյուս ենթախմբում «Ուրարտու-04»-ն ընթանում է 2-րդ տեղում  Մեր թիմը 2 միավորով է հետ մնում առաջատար «Արարատ-05»-ից  ։ Երրորդ տեղով ընթացող «Նոա-1-04» թիմը նույնպես ունի 13 միավոր, սակայն լրացուցիչ միավորներով զիջում է «Ուրարտու-04»-ին։

Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Այստեղ նույնպես մեր ակումբը ներկայացնող 2 թիմ ունենք, որոնք հանդես են գալիս տարբեր ենթախմբերում։

A ենթախմբում «Ուրարտու-1-06» թիմն աշնանային հատվածն ավարտեց առաջատարի դիրքում՝ վաստակելով 27 միավոր։ Ի դեպ, Վալերի Ալեքսանյանի գլխավորած թիմն ամենաշատ գոլեր խփած և ամենաքիչ գոլեր բաց թողած թիմն է։ Անցկացրած 10 հանդիպումներում թիմը մրցակիցների դարպասները գրավել է 44 անգամ, իսկ սեփականն ընդունել 11 գնդակ։

B ենթախմբում «Ուրարտու-2-06»-ը 6 թիմերի հետ պայքարում 4-րդն է։ Անցկացրած 8 խաղերում մեր թիմը տոնել է 3 հաղթանակ և կրել նույնքան պարտություն, 2 խաղ էլ ավարտել ոչ-ոքի։

Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

«Ուրարտու-1-07» թիմը տեղ է գտել մինչև 16 տարեկանների առաջնության A ենթախմբի լավագույն եռյակում։ Թիմը բավականին հուսալի է գործում պաշտպանությունում։ Անցկացրած 8 խաղերում պատանի ֆուտբոլիստները սեփական դարպասն են ընդունել ընդամենը 5 գոլ, որը լավագույն արդյունքն է այս ենթախմբում։

Մ-15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Այս տարիքային խմբում մեր պատանի ֆուտբոլիստների գրանցած արդյունքները նույնպես ուրախացնող են։ 5 հաղթանակ և 2 պարտություն, և վաստակած 15 միավորով «Ուրարտու-1-08» թիմը աշնանային շրջանն ավարտում է երկրորդ տեղով՝ 4 միավորով  հետ մնալով առաջատար «Շիրակ-07»-ից։ Թիմի լավագույն ռմբարկուն Սարգիս Գասպարյանն է, որն աչքի է ընկել 5 անգամ և տեղ է զբաղեցնում ռմբարկուների լավագույն եռյակում։

Մ-14 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Մինչև 14 տարեկանների առաջնություններում մեր ակումբն ունի միանգամից 2 մասնակից թիմ։

A ենթախմբում հանդես եկող «Ուրարտու-1-09» թիմը, ամբողջ շրջանի ընթացքում կրելով ընդամենը 1 պարտություն, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Թիմն ամենաարդյունավետն է մրցող թիմերի մեջ՝ 7 խաղում աչքի է ընկել 18 անգամ, ինչպես նաև երկրորդն է ամենաքիչ գոլ բաց թողածների շարքում՝ 7 գնդակ։

«Ուրարտու-2-08» թիմը, որը հանդես է գալիս B ենթախմբում, տարին եզրափակեց 4-րդ հորիզոնականում, բացի այդ ամռանն այս թիմը մասնակցեց Ռաֆայել Թորգոմյանի անվան առաջին հուշամրցաշարին և մինչև 14 տարեկանների հետ պայքարում B խմբում ճանաչվեց հաղթող։