Not Selected

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆՈՂ 2021 ԹՎԱԿԱՆԸ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ

29/12/2021

2021 թվականը հագեցած ստացվեց «Ուրարտուի» համար։ Եվրագավաթներում պայքար, գավաթի կիսաեզրափակիչ և առաջնության աշնանային հատված։ Ակումբի մամուլի ծառայության հետ այս և այլ թեմաների մասին զրուցել և անցնող տարին ամփոփել է Ռոբերտ Արզումանյանը։

 

- Պարոն Արզումանյան, նախորդ տարի, երբ հարցազրույց ունեցանք Ձեզ հետ, Դուք Ուրարտու-2-ի գլխավոր մարզչի կարգավիճակում էիք, այժմ գլխավորում եք «Ուրարտուն»։ Ձեզ համար սա հավանաբար մեծ առաջընթաց էր: Ի՞նչ կարող եք ասել թիմերում աշխատանքի տարբերությունների մասին:

- 2021 թվականի մարտից ես ստանձնեցի «Ուրարտուի» գլխավոր թիմի ղեկը։ Տարբերությունը շատ չէր, հեշտ էր այն առումով, որ նույն ակումբում առաջընթաց ունեցա, շատերին ճանաչում էի, ոմանց հետ էլ անհատապես ծանոթացա թիմը գլխավորելուց հետո։ Դժվարությունն էլ կայանում է նրանում, որ առաջին թիմում ավելի հասուն ֆուտբոլիստներ են և ոչ միայն հայեր, ու նրանց ցանկացած խնդիրը, նաև՝ ֆուտբոլային, տարբերվում է։ Երևի թե այլ դժվարությունների չեմ հանդիպել, սովորական աշխատանքային պրոցես ենք ունեցել։

 - Ձեր գլխավորությամբ թիմին հաջողվեց եվրագավաթների ուղեգիր վաստակել։ Կարո՞ղ ենք նվազագույն առաջադրանքը կատարված համարել։

- Երրորդ հորիզոնականով ավարտեցինք մրցաշրջանը, ինչը թույլ տվեց մեզ մասնակցություն ունենալ եվրագավաթներում։ Իմ կարծիքով՝ դա նորմալ արդյունք է և կախված է նրանից, թե ինչ սպասելիքներ ունեն մարզիչն ու ակումբը։ Անձամբ ես սա մեծ աճ եմ համարում հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների համար։

- Թիմն առաջին անգամ էր մասնակցում նորաստեղծ՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում, ինչպե՞ս կգնահատեք «Ուրարտուի» ելույթները «Մարիբորի» հետ հանդիպումներում:

- «Մարիբորի» հետ երկու խաղերը շատ մեծ փորձ և օգուտ եմ համարում թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մեզ համար։ Մրցակիցն ուժեղ էր, կարծում եմ՝ հանդես եկանք նորմալ, և սա այն դեպքում, երբ մեր ֆուտբոլիստները եվրագավաթներում հանդես գալու մեծ փորձ չունեին։ Չնայած չկարողացանք գրավել մրցակցի դարպասը՝ բայց հաջող ելույթներ ունեցանք ու մեծ փորձ ձեռք բերեցինք։

 - «Ալաշկերտն» այս տարի դարձավ առաջին հայկական ակումբը, որը դուրս եկավ եվրագավաթների խմբային փուլ։ Թեև պայքարը սկսեց Չեմպիոնների լիգայի ուղեգրով, բայց ի վերջո հայտնվեց Կոնֆերենցիաների լիգայում։ Կարելի՞ է ասել, որ այժմ առաջնությունում առաջին տեղը զբաղեցնելը ոչ միայն հերթական տիտղոսն է թիմերի համար, այլև եվրագավաթներում խաղալու շատ իրական հնարավորություն։

- Եվրագավաթների խմբային փուլ մտնելն ինչ-որ չափով հեշտացել է։ Բնականաբար, այս առիթով ավելի թեժ պայքար է սպասվում առաջնությունում առաջին տեղն զբաղեցնելու համար, բայց մեկ անգամ խմբային փուլ մտնելով մեր խնդիրը չի ավարտվում, կարծում եմ՝ պետք է համախմբված աշխատանքի արդյունքում թիմը հասնի դրան ու դա պարբերաբար կրկնվի։ Պետք է ակումբները պայքարեն հենց այդ եվրոպական մրցաշարերում ընդգրկվելու ու այնտեղ լավ հանդես գալու համար։

- Մրցաշրջանի սկզբում մեզ մոտ վերադարձան այն ֆուտբոլիստները, որոնք գործուղվել էին ԲԿՄԱ։ Կարելի՞ է ասել, որ նրանք ուժեղացրին թիմը։

- Այո, այս տարի մեզ միացան նախորդ մրցաշրջանը ԲԿՄԱ-ում անցկացրած մեր ֆուտբոլիստները, որոնք, միանշանակ, ուժեղացրին թիմը, իրենց հետ բերեցին թե՛ որակ, թե՛ մրցակցություն։ Բավականաչափ խաղաժամանակ ստացան թիմում ու կարծում եմ՝ սա օգուտ էր ոչ միայն մեր, այլև հենց իրենց համար։ Պետք է այնպես անենք, որ մեր երիտասարդներն էլ ավելի շատ խաղաժամանակ ստանան։

 - Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք՝ մեջբերում եմ՝ «Եթե առաջնությունում ավելի լավ հենակետային կիսապաշտպանի գիտեք, քան Նարեկ Աղասարյանն է, ինձ էլ ասեք»։ Դուք դեռ մնու՞մ եք այս կարծիքին:

- Մինչև հիմա էլ այդպես եմ կարծում, քանի որ Աղասարյանը շատ խելացի ֆուտբոլիստ է, նրա խաղից դա երևում է, բայց սովորական ֆուտբոլասերը դա միգուցե չնկատի, քանի որ շատերն են սիրում գնդակով տեսնել ֆուտբոլիստներին, գոլեր ու փոխանցումներ տեսնել նրա կատարմամբ, բայց թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի Աղասարյանը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Չմոռանանք նաև, որ հեշտ չէ Առաջին խմբից միանգամից տեղափոխվել Բարձրագույն խումբ ու խաղալ այնտեղ, մանավանդ Հայաստանում, որտեղ տարբերությունը առաջնությունների մակարդակի միջև մեծ է։ Շատ կարևոր է, որ այդ ֆուտբոլային սթրեսը նա կարողանում է հաղթահարել։

- Նախորդ տարվա մեկ այլ հարցազրույցում նշել եք, որ կցանկանայիք հնարավորինս շատ ֆուտբոլիստների տեսնել գլխավոր թիմում։ Կարճ ժամանակ անց գլխավորեցիք թիմը․ ավելացե՞լ է երիտասարդ խաղացողների թիվը, թե՞ ամեն դեպքում նախապատվություն եք տալիս առավել փորձառու ֆուտբոլիստներին:

- Ֆուտբոլում պետք է փորձել գտնել բալանսը։ Ունենալով թիմում արդյունք ապահովող բարձրակարգ լեգեներներ՝ մարզիչը չի կարող նրանց թողնել պահեստայինների նստարանին և խաղաժամանակ տրամադրել ոչ փորձառու բայց երիտասարդ ֆուտբոլիստին։ Սա պետք է տրամաբանության ու սահմանների մեջ լինի։ Երիտասարդը պետք է խաղաժամանակ ստանա այն դեպքում, եթե նա բացի երիտասարդ լինելուց նաև մրցունակ է, ուժեղ։ Ամեն խաղի մեր կազմում դուք կտեսնեք 5-6 հայ ֆուտբոլիստի, բայց մենք ունենք ևս 11 լեգեոներ, և պետք է մտածել նրանցից յուրաքանչյուրի մասին, քանի որ բոլորն են ցանկանում խաղալ, իսկ մարզիչը պետք է ընտրի իր համար լավագույն մեկնարկային կազմը ցանկացած խաղի համար։

- Կազմում փոփոխությունների սպասե՞նք։

- Բնականաբար, փոփոխություններ սպասվում են, բայց տրանսֆերային պատուհանն էլ պետք է ճիշտ օգտագործել և մեծ սթրեսի չենթարկել թիմը։ Մեր տղաներն արդեն գիտեն՝ ինչի վրա է պետք աշխատել, ու այդ ուղղությամբ մեծ աշխատանք արդեն տարվել է։ Այս երևույթը կրկնակի ճիշտ չէ մեր ակումբի համար, քանի որ «Ուրարտուն» ունի ակադեմիա, և ես կարծում եմ, որ մեզ պետք է դիրքային ուժեղացում, բայց այդ փոփոխությունը չպետք է ստիպի մեզ սպասել մինչև նոր ֆուտբոլիստները կադապտացվեն թիմին։

- Տարին ավարտում ենք 6-րդ հորիզոնականում։ Ի՞նչ է սա նշանակում։

- Ֆուտբոլում ես միշտ կարծում եմ, որ այն դիրքը, որը ունես, ամենաօբյեկտիվն է, բայց մյուս կողմից ինչ-ինչ պատճառներով միավորներ ենք կորցրել՝ չնայած շատ խաղերում բացահայտ առավելություն ենք ունեցել։  Բայց շարժվում ենք առաջ, քանի որ կա խաղային առաջընթաց թիմի ու ֆուտբոլիստների մոտ, ինչը հույս է ներշնչում, որ կկարողանանք ավելի լավ արդյունքի հասնել։

 - Ի՞նչ նպատակներ կան թիմի առջև, և ի՞նչ նպատակներ ունեք Դուք 2022-ին։

- Բոլորիս նպատակն ու ցանկությունը այս պահին գավաթի խաղարկությունում հաղթելն է։ Պետք է ընդունենք, որ առաջնությունում չեմպիոնության համար պայքարելը շատ բարդ է ու գրեթե անհնարին, այս պահին նախ պետք է մտածենք 3-րդ հորիզոնականին հասնելու մասին, իսկ թե վերջում ինչ տեսք կունենա մրցաշարային աղյուսակը, ցույց կտա հետագա պայքարը։ Առաջիկա խնդիրը, որը թիմի առջև դրված է, գավաթում հաղթանակն է և առաջնության եռյակում տեղ զբաղեցնելը։ Իսկ որպես անձնական ցանկություն կնշեմ, որ կուզեի՝ թիմը խաղից խաղ մեծ աճ գրանցեր ու այն ֆուտբոլը, որը ես եմ պատկերացնում, կարողանար ավելի կազմակերպված ու լավ խաղալ։

- Ե՞րբ է թիմը վերադառնալու արձակուրդից և վերսկսելու մարզումները։

- Այս պահին թիմն արձակուրդում է, ֆուտբոլիստներին անհատական մարզումային ծրագրեր ենք ուղարկում, իսկ արդեն հունվարի 8-ից մարզումները կվերսկսենք ամբողջ թիմով։

- Որտե՞ղ է դիմավորելու Ամանորը Ռոբերտ Արզումանյանը։

- Հայաստանում։ Չեմ էլ մտածել այս տարի երկրից դուրս գալու մասին, քանի որ թե՛ ֆուտբոլային, թե՛ ֆուտբոլից դուրս կիսատ գործեր ունեմ, որոնք կցանկանայի ավարտին հասցնել։

- Հանդիպե՞նք և ամփոփենք 2022 թվականը միասին։

- Չեմ կարող ասել՝ հաջորդ տարի որտեղ կլինեմ, որևէ նպատակ այս պահին չունեմ, դեռ միակը «Ուրարտուի» հետ հաջողության հասնելն է։ Երևի թե «Ուրարտուում» կլինեմ։