Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ

05/12/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային» ու գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց, ստորեւ ներկայացնում ենք փաստեր կայացած հանդիպման մասին․

1․ Երկու թիմերն էլ ընթացիկ առաջնությունում վերջին անգամ գոլազուրկ ոչ-ոքի գրանցել էին «Սևանի» հետ խաղերում, բայց քանի որ այդ թիմն առաջնությունից դուրս է եկել և այդ խաղերի արդյունքները չեղարկվել են, սա ընթացիկ մրցաշրջանում «Ուրարտուի» 3-րդ, իսկ «Արարատ-Արմենիայի» 1-ին ոչ-ոքին էր։ Հարկ է նշել, որ սեփական հարկի տակ «Ուրարտուն» վերջին անգամ գոլազուրկ ոչ-ոքի գրանցել էր նախորդ առաջնության 21-րդ տուրում, ուշագրավ է, որ այդ խաղում «առյուծների» մրցակիցը դարձյալ եղել էր «Արարատ-Արմենիան»։ Հատկանշական է, որ այս թիմերի դիմակայություններում 0-0-ն ամենից շատ գրանցված արդյունքն է։ Թիմերը միմյանց հետ մրցել են 11 անգամ, գրանցվել է 5 ոչ-ոքի, որից 3-ն ավարտվել է հենց 0-0 հաշվով։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ հոկտեմբերի 9-ին այս թիմերի միջև կայացած ընկերական հանդիպումն էլ ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։

2․ Կարեն Մելքոնյանն անցկացրեց իր 90-րդ հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ 22-ամյա հարձակվողն 90 խաղերի ընթացքում աչքի է ընկել 8 անգամ։ 

3․ Սերգեյ Մկրտչյանն երկրորդ անգամ ընդգրկվել էր «Ուրարտուի» մեկնարկային կազմում և ինչպես այն խաղում, այս անգամ ել անցկացրեց 90 րոպե խաղադաշտում։ Ընդհանուր հաշվով Մկրտչյանն առաջին մրցաշրջանն է անցկացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում և այս ընթացքում հասցրել է մասնակցել 12 հանդիպման ու դառնալ 1 գոլի հեղինակ։

4․ Արսեն Բեգլարյանն ընթացիկ մրցաշրջանում 5-րդ անգամ (հաշվի առնելով «Սևանի» հետ գոլազուրկ ոչ-ոքին)  դարպասը պահեց անառիկ։ Ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» 6 խաղում գոլ բաց չի թողել, այդ խաղերից 5-ում դարպասին եղել է Բեգլարյանը, իսկ 1-ում՝ Անատոլի Այվազովը։

5․ «Ուրարտուն» ամենակոռեկտ խաղերն անցկացնում է հենց «Արարատ-Արմենիայի» հետ։ Ուշագրավ է, որ ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» հետ կայացած 2 խաղերում, «Ուրարտուի» և ոչ մի ֆուտբոլիստ չի զգուշացվել դեղին քարտով։ Ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» մասնակցությամբ նման խաղերը՝ 4-ն են։ «Առյուծները» դեղին քարտ չեն ստացել նաև մեկնարկային տուրի «Նորավանքի» հետ խաղում (3-0) և 11-րդ տուրի «Արարատի» հետ խաղում (1-1): Հարկ է նշել նաև, որ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում «Ուրարտուն» ընթացիկ առաջնության ամենից քիչ խախտումները թույլ տվեց՝ 8 անգամ, իսկ «Արարատ-Արմենիայի» համար այս խաղն՝ ամենակոպիտն էր ընթացիկ առաջնությունում, քանի որ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի ֆուտբոլիստներն այս խաղում 21 անգամ խախտել են կանոնները։

6. Այս խաղում գնդակին ավելի շատ տիրել են «Ուրարտուի» ֆուտբոլիստները 52-48 հարաբերակցությամբ։ Ուշագրավ է, որ սա ընթացիկ առաջնությունում երկրորդ դեպքն է, որ «Արարատ-Արմենիան» գնդակին տիրելու տեսանկյունից զիջում է մրցակցին։ Առավել հատկանշական է, որ նախորդ դեպքում էլ մրցակիցը եղել էր «Ուրարտուն»։ Ճիշտ է, այդ խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 3-0 հաշվով, բայց «Ուրարտուն» ավելի շատ էր տիրել գնդակին։ Փոխարենը սա ընթացիկ առաջնությունում առաջին խաղն էր, որտեղ «Ուրարտուն» դարպասի ուղղությամբ ոչ մի հարված չի իրականացրել։ «Առյուծների» կատարած 7 հարվածներից և ոչ մեկը դարպասի ուղղությամբ չի եղել։