Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»

13/05/2021

«Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը պատասխանել է մեր հարցերին․

 

«ՎԱՆԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինչպեսև սպասվում էր, «Վանի» հետ դժվար հանդիպում ստացվեց, մրցակիցը հետ քաշված էր գործում ու մենք քիչ տարածություն ունեինք, բայց ամեն դեպքում խաղի մեր պլանը լավ աշխատեց։ Մենք ստեղծեցինք պահեր, մնում էր միայն դրանք իրագործելը, դրա հետ կապված որոշակի խնդիրներ կային։ Հուսով եմ, որ հանդիպման 33-րդ րոպեին իմ բաց թողած գոլը սթափեցրեց տղաներին, նրանք թասիբի ընկան ու առջևի գծում կարողացան ցանկալի արդյունքի հասնել։ Լավատեսորեն նայում ենք առաջ։ Այո, խիտ գրաֆիկ ունենք, բայց դա մեր աշխատանքն է, այնպես չէ, որ մրցակիցն ավելի հեշտ խաղացանկ ունի։ Այնպես, որ ամեն ինչ մեր ձեռքերում է»։

 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Արդեն ասացի, ամեն ինչ իսկապես մեր ձեռքերում է։ «Արարատ-Արմենիայի» հետ խաղը շատ կարևոր է, կարծում եմ, որ առաջիկա 4 խաղերից կարևորագույնն է։ Պետք է անպայման հաղթել ու երեք միավոր վաստակել, այդ ժամանակ մենք կլինենք քառյակում, իսկ դա մեզ հնարավորություն կտա հանդես գալ եվրոգավաթներում։ Բայց այս պահին բոլոր մտքերը «Արարատ-Արմենիայի» հետ խաղի մասին են և ես կարծում եմ, որ մենք կարող ենք ցանկալի արդյունքի հասնել»։