Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՇՆՈՐՀԻՎ ԵՍ ՎԵՐԱԴԱՐՁԱ ՀԱՎԱՔԱԿԱՆ»

13/05/2021

«Ուրարտուի» 25-ամյա հարձակվող Արթուր Միրանյանի հետ զրուցել ենք իր կարիերայի, «Ուրարտուում» հանդես գալու և առաջնությունում թիմի սպասելիքների մասին։ 

 

- Վատառողջ լինելու պատճառով տևական ժամանակ բացակայում էիր, այժմ վերադարձել ես, ինչպե՞ս ես քեզ զգում «Ուրարտուում»։

- Շատ լավ եմ զգում ինձ այստեղ, բոլորն ի սկզբանե լավ ընդունեցին ինձ, որը օգնեց թիմին ադապտացվելուն, շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս այստեղ և «Ուրարտուի» ֆուտբոլիստն եմ։ Որոշ ժամանակ բաց թողեցի, բայց հիմա յուրաքանչյուր մարզման ու հանդիպման ընթացքում փորձում եմ լավագույն մարզավիճակս հավաքել, այնպես որ, դեռ աշխատելու ու ավելացնելու տեղ ունեմ։

- Մրցաշարային աղյուսակում կարուսելային իրավիճակ է, դեռ ոչինչ հայտնի չէ, իսկ «Ուրարտուն» վերջին հաղթանակից հետո դեռ պահպանում է շանսերը եվրագավաթային ուղեգիր վաստակելու ու մրցանակային տեղ զբաղեցնելու համար։ Ի՞նչ կասես առաջնության ու մեր թիմի հնարավորությունների մասին։       

- Իսկապես հետաքրքիր պայքար է, վստահ եմ, որ այն ավելի կսրվի վերջին 4 խաղերում, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ։ Մրցաշարային աղյուսակում թիմերը միմյանց մոտ են դասավորված, իսկ ինչ վերաբերում է մեր թիմին՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի 3 միավոր վաստակենք ամեն խաղում։ Մեզ համար կարևոր չէ, թե որ հորիզոնականում ենք, յուրաքանչյուր խաղում մեր նպատակը հաղթելն է։

- «Ուրարտուից» հրավիրվեցիր ազգային հավաքական։ Կարո՞ղ ենք ասել, որ քո կարիերայում թիմը մեծ դեր խաղաց, որովհետև տևական դադարից հետո կրկին խաղացիր ազգային հավաքականի մարզաշապիկով։

- Այո, երկար դադարից հետո կրկին հրավիրվեցի հավաքական, շատ ուրախ եմ ու կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի համար աննկարագրելի զգացողություն է ազգային հավաքական հրավիրվելն ու այնտեղ խաղաժամանակ ստանալը։ «Ուրարտուի» շնորհիվ, կարելի է ասել, ես վերադարձա հավաքական։

- Արթուր, քո կարիերայում վայրիվերումներ շատ են լինում։ Թվում է, թե ամեն ինչ լավ է դասավորվում քո կարիերայում, պետք է որ առաջ քայլ կատարես, բայց միշտ ինչ-որ բան չի ստացվում, ինչո՞ւ։

- «Փյունիկում» հանդես գալու ժամանակ ես հրավեր ստացա «Տամբովից», սակայն երկրում սկսված պատերազմի պատճառով չկարողացա երկիրը լքել և ստացվեց այնպես, որ բաց թողեցի առաջարկն ու առանց ակումբի մնացի, քանի որ Հայաստանում առաջնությունը մեկնարկել էր արդեն, ես չէի կարող հայտավորվել որևէ թիմի կազմում։ Հետո, բարեբախտաբար, ստացվեց «Ուրարտուի» տարբերակը։ Այժմ միակ նպատակս առաջիկա այս 4 հանդիպումներում հաղթանակ տոնելն ու բարձր հորիզոնականում առաջնությունն ավարտելն է։ Հույս ունեմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, հավատում եմ մեր տղաներին, մարզիչներին, «Ուրարտուն» ուժեղ կոլեկտիվ ունի, իսկ մենք մեր հերթին կփորձենք ամեն ինչ անել։

- Ռոբերտ Արզումանյանի հետ խաղացել ես ազգային հավաքականում, իսկ հիմա նա մարզչի կարգավիճակում է․ ինչ-որ բան փոխվե՞լ է։

- Անկեղծ ասած, ցանկացած ֆուտբոլիստ, երբ դառնում է մարզիչ ինչ-որ չափով փոխվում է, բայց Ռոբերտի հետ հարաբերություններս թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ շատ ջերմ են։ Կասեմ այսպես, ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակի վրա է։

Ի՞նչը կարող է հաջողություն կամ անհաջողություն համարվել «Ուրարտուի» համար այս մրցաշրջանում:

- Ես կարծում եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը եվրագավաթային ուղեգիր վաստակելու համար, մնացածը կախված է մեզնից, ամեն ինչ անելու ենք առավելագույնին հասնելու համար։