Not Selected

ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆ․ «ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՔԱՂԵԼ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԸ ԿՕԳՆԻ ԻՆՁ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ»

21/07/2021

ԲԿՄԱ-ից «Ուրարտու» վերադարձած ֆուտբոլիստներից Սերգեյ Մկրտչյանը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի «Մարիբորի» հետ պատասխան խաղում նշեց իր նորամուտը հարազատ ակումբի կազմում։ Երիտասարդ ֆուտբոլիստի հետ զրուցել ենք առաջին խաղից տպավորությունների և այլ թեմաների մասին․ 

 

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Նորամուտս նշեցի շատ պատասխանատու ու կարևոր խաղում, փոխարինվելուց առաջ մի փոքր լարվածություն կար, բայց խաղադաշտ մտնելուց ու մի քանի րոպե անցկացնելուց հետո այն վերածվեց վստահության։ Հնարավորության չափով փորձեցի օգնել թիմիս, չգիտեմ՝ որքանով այն ստացվեց, բայց խաղի մեջ ներդրեցի բոլոր ուժերս։ Իսկապես մեծ փորձ էր խաղալ նման մրցակցի դեմ, եվրոպական բարձր տեպն էլ զգացվեց, փորձեցի քաղել այն ամենը, ինչն օգուտ կտա ինձ հետագայում»։

 

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երկու տարի անց վերադարձա հարազատ ակումբ, այստեղ շատ լավ է, մարզչական կազմը պրոֆեսիոնալ է, թիմը համալրված է թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու ֆուտբոլիստներով, որոնցից մենք շատ բան ենք սովորում։ Պետք է լավ մարզվենք, խաղերի ժամանակ լավ դրսևորենք ինքներս մեզ, որպեսզի ամրապնդենք մեր տեղը թիմի կազմում»։

 

ԲԿՄԱ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ

«ԲԿՄԱ-ում հանդես գալով Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ՝ մեծ փորձ կուտակեցինք այդ տարիների ընթացքում, կրթվեցինք տակտիկապես և անհատապես, մեծ վստահություն ձեռք բերեցինք և թիմն էլ սկսել էր բավական լավ արդյունքներ գրանցել»։

 

ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Մարիբորի» հետ խաղն անցյալում է, փորձում ենք արդեն կենտրոնանալ առաջնության վրա։ Կասեմ, որ Պրեմիեր լիգայում տեմպն ավելի բարձր է, տարբերվում է Առաջին խմբից։ Պետք է խաղերից առաջ լավ տրամադրվենք ու հնարավորինս լավ արդյունքներ ցույց տանք 2021/22 մրցաշրջանում ոչ միայն առաջնությունում, այլև գավաթային պայքարում»։