Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը 10 ՀՈԳՈՎ ՈՉ-ՈՔԻ ԿՈՐԶԵՑ «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

21/11/2022

Միջազգային դադարից հետո «Ուրարտու-2»-ը Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի խաղում հյուրընկալվեց «Վեստ Արմենիային» և 1-1 հաշվով ոք-ոքի գրանցեց։ Մեր թիմի կազմում աչքի ընկավ Դավիթ Հարությունյանը, իսկ տանտերերի միակ գոլը խփեց Դավիթ Մարգարյանը։

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպումը բարձր տեմպ ու ակտիվ մեկնարկ ունեցավ։ Չնայած որ «Վեստ Արմենիան» համարվում է առաջնության ֆավորիտներից մեկը, բայց մեր տղաները խաղադաշտում նրանց չէին զիջում թե՛ ստեղծած պահերով, թե՛ գնդակին տիրելու առումով։ Բազմաթիվ լավ ու վտանգ պարունակող փորձեր մեր թիմի կատարմամբ տեսանք հատկապես ստանդարտների խաղարկման ժամանակ, և կարող էինք նույնիսկ արագ գոլ խփել։ Բայց խաղի տեմպն ընկավ խաղակեսի միջնամասում․ ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած բախումն ավարտվեց մեր թիմի պաշտպան Էրիկ Ամիրխանյանի՝ խաղադաշտից հեռացմամբ, քանի որ ֆուտբոլիստը 2-րդ դեղին քարտն ստացավ, իսկ մեկն արդեն ուներ խաղային դրվագից։ 10 հոգով մնալուց հետո չի կարելի ասել, թե «Ուրարտու-2»-ն ընկճվեց ու դադարեց գրոհել, բայց այդ գրոհներն ավելի փոքրաթիվ դարձան։ Հանդիպման 41-րդ րոպեին տանտերերին հաջողվեց բացել խաղի հաշիվը․ աչքի ընկավ Դավիթ Մարգարյանը։ Մինչ խաղակեսի ավարտը մեր տղաները որևէ բան փոխել չկարողացան ու ընդմիջման գնացին մրցակցի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում Իգոր Պադերինը մի քանի փոփոխություն կատարեց ու փորձեց ակտիվացնել խաղը։ Նրա մոտ դա ինչ-որ չափով ստացվեց, բայց գրավել մրցակցի դարպասը տղաներին չէր հաջողվում, քանի որ դարպասապահ Խաչատուր Մանուկյանը հաճախ էր փրկում իր թիմին։ Նույնը կարելի է ասել մեր դարպասապահ Հայկ Ղազարյանի մասին, որը մի քանի դրվագում փայլուն գործողություններով աչքի ընկավ։ Երկուստեք գրոհները շարունակվեցին մինչև խաղի ավարտը։ Իսկ ահա ավելացված ժամանակում «Ուրարտու-2»-ին հաջողվեց պատասխան գնդակը խփել ու ոչ-ոքի կորզել։ Փոխարինման մտած Հարություն Ստեփանյանն ազատվեց մրցակցից ու փոխանցեց գնդակը Դավիթ Հարությունյանին, որն էլ եզրափակեց գրոհն ու հաշիվը դարձրեց 1-1։  

Հավելենք, որ հաջորդ տուրում՝ նոյեմբերի 25-ին, մեր տղաները սեփական հարկի տակ կմրցեն «Արարատ-2»-ի հետ։ Խաղը կմեկնարկի 18։00-ին։

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

1-0 Դավիթ Մարգարյան (41'), 1-1 Դավիթ Հարությունյան (90+3')

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»․ 1. Խաչատուր Մանուկյան, 93․ Հակոբ Լոռեցյան, 9․ Արամ Լոռեցյան, 6․ Դավիթ Մարգարյան, 4․ Վահե Չոփուրյան (ա), 3․ Գագիկ Դաղբաշյան, 7․ Չարլզ Մարկի Իկեչուկվու, 11․ Ռոման Ջիգկաև, 5․ Ստեփան Սահրադյան, 17․ Էրիկ Սողոմոնյան, 21․ Վլադիմիր Մորգոև։

Պահեստայիններ՝  99․ Արթուր Միրոյան, 66․ Պատվական Մահտեսյան, 77․ Դավիթ Ղանդիլյան, 23․ Սուրիկ Զաքարյան, 88․ Աղասի Եղիազարյան, 90․ Անդրանիկ Քոչարյան, 22․ Յարոսլավ Մատվիենկո, 24․ Արման Ասիլյան, 70․ Բորիս Չիլինգարյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 18․ Համլետ Սարգսյան, 6․ Էրիկ Ամիրխանյան, 27․ Գառնիկ Մինասյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 38․ Դեյվիդի Բույու, 35․ Իսաակ Բարրի, 15․ Կարեն Դավթյան (ա), 14․ Դավիթ Հարությունյան, 16․ Էդիկ Վարդանյան։

Պահեստայիններ՝  1․ Սուրեն Ղազարյան, 19․ Կարեն Թալասյան, 5․ Արթուր Թալասյան, 9․ Արթուր Իսրայելյան, 21․ Հարություն Ստեփանյան, 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան, 17․ Էրիկ Ասատրյան, 25․ Դավիթ Ղիասյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 29․ Խաչատուր Կիրակոսյան։