Not Selected

ՀԵՐԹԱԿԱՆ 3 ՄԻԱՎՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

22/11/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին» և 2-1 հաշվով առավելության հասավ։ Մեր թիմ կազմում գոլի հեղինակներ դարձան Եվհենիի Ցիմբալյուկն ու Կարեն Մելքոնյանը, հյուրերի միակ գնդակն էլ խփեց Ամարա Տրաորեն:

Հանդիպման մեկնարկից առաջ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին հանձնվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակը։

Մեր թիմի մեկնարկային կազմից բացակայում էին միջազգային դադարի ընթացքում Հայաստանի հավաքականին միացած ֆուտբոլիստները, որոնք այսօր ավելի քիչ խաղաժամանակ ստացան։ Խաղի մեկնարկը բավականին ակտիվ ստացվեց մեր ֆուտբոլիստների կատարմամբ։ «Ուրարտուի» ճնշումն իր արդյունքը տվեց ու արագ գոլ խփեցինք խաղի 6-րդ րոպեին, երբ Եվհենիի Ցիմբալյուկը գլխի հարվածով գնդակն ուղարկեց «Արարատի» դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը։ Նշենք, որ մեր կենտրոնական պաշտպանի համար այս գոլը երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Բաց թողած գոլից հետո «Արարատն» էլ ակտիվացավ, թիմերը շարունակեցին փոխանակվել գրոհներով, որոնցից մեկի արդյունքում հանդիպման 21-րդ րոպեին Ամարա Տրաորեն գլխի հարվածով կարողացավ գրավել Մելիխովի դարպասն ու հավասարեցնել հաշիվը։ Կարելի է ասել, որ բաց թողած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները երկար ժամանակ դուրս չէին գալիս մրցակցի տուգանայինի մատույցներից և մի քանի անգամ էլ սպառնացին նրանց դարպասին։ 34-րդ րոպեին եզրից կատարած փոխանցումից հետո Կարեն Մելքոնյանը, այնուամենայնիվ, գլխի հարվածով խփեց մեր թիմի երկրորդ գնդակը։ Մինչ խաղակեսի ավարտը հյուրերը փորձում էին պրեսինգի ենթարկել ու կրկին հավասարեցնել հաշիվը, սակայն թիմերը հանդերձարան գնացին մեր թիմի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը համեմատաբար հանգիստ ստացվեց։ Գրոհներ կային, բայց դրանք վտանգ չէին պարունակում։ Խաղը որոշ չափով փոխվեց երկու թիմերի կազմում փոխարինումներից հետո։ 67-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստների դիրքային գրոհի եզրափակիչ հարվածից հետո հիանալի սեյվի հեղինակ դարձավ մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը։ Մեր տղաների պատասխանը չուշացավ․ փոխարինման մտած Նարեկ Գրիգորյանը լավ հնարավորություն ուներ աչքի ընկնելու, սակայն այս անգամ էլ Արտյոմ Պոտապովը փրկեց իր թիմին։ Խաղի ավարտին էլ Մաքսիմ Մայրովիչը իր պահերը ստեղծեց, սակայն դրանցից ոչ մեկն իր նպատակին չհասավ։ Այսպիսով, առաջին խաղակեսում գրանցված հաշիվը մնաց անփոփոխ, ու «Ուրարտուն» հերթական 3 միավորը վաստակեց։ 

Հաջորդ հանդիպումը մեր տղաների համար կլինի գավաթային։ 1/4 եզրափակչում Գունկոյի տղաները հյուրի կարգավիճակում կմրցեն «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ու կմեկնարկի 17։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» 2-1

1-0 Եվհենիի Ցիմբալյուկ (6'), 1-1 Ամարա Տրաորե (21'), 2-1 Կարեն Մելքոնյան (34')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի (36․ Խարիտոն Այվազյան 82'), 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 67․ Վադիմ Պարամոնով, 25․ Էդգար Գրիգորյան, 9․ Նարեկ Աղասարյան (27․ Դավիթ Խուրցիձե 90'), 10․ Կարեն Մելքոնյան, 8․ Ուգոչուկվու Իվու, 33․ Մարկոս Ժունիոր (19․ Սերգեյ Մկրտչյան 66'), 90․ Օլեգ Պոլյակով (21․ Նարեկ Գրիգորյան 66'), 13․ Դմիտրո Խլյոբաս (15․ Մաքսիմ Մայրովիչ 66')։ 

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 88․ Ժիրայր Մարգարյան, 19․ Սերգեյ Մկրտչյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 21․ Նարեկ Գրիգորյան։ 

«ԱՐԱՐԱՏ»․ 28. Արտյոմ Պոտապով, 18․ Էդգար Մալաքյան, 5․ Հրայր Մկոյան (ա), 23․ Գոռ Մալաքյան (11․ Դավիթ Մանոյան 66'), 99․ Ռոբերտ Դարբինյան, 7․ Իսահ Ալիյու (19․ Բաբոու Չամ 80'), 22․ Արման Մկրտչյան (44․ Խուան Բրավո 71'), 6․ Հայկ Իշխանյան, 20․ Ռուդիկ Մկրտչյան, 25․ Ջեջե Արմանդ Դագրո (21․ Սերոբ Գալստյան 66'), 45․ Ամարա Տրաորե (9․ Ռազմիկ Հակոբյան 71')։

Պահեստայիններ՝ 1․ Գոռ Մանուկյան, 13․ Արման Սիմոնյան, 9․ Ռազմիկ Հակոբյան, 44․ Խուան Բրավո, 24․ Դիմիտրի Լեգբո, 70․ Զիլե Տիեիդե, 19․ Բաբոու Չամ, 21․ Սերոբ Գալստյան, 4․ Յուրի Մաղաքյան, 8․ Վարդան Արզոյան, 30․ Աշոտ Քոչարյան, 14․ Էդուարդ Գալստյան, 17․ Թիմուր Պուխով, 11․ Դավիթ Մանոյան։