Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ՝ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԹԻՄԵՐՈՒՄ

30/12/2022

«Ուրարտուի» գրանցած լավագույն արդյունքն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում օրինակելի էր նաև մեր ակադեմիայի պատանեկան թիմերի համար։

Տարբեր տարիքային թիմերում ունենք բացարձակ առաջատարներ, որոնցից շատերն, ի դեպ, հանդես են գալիս 1 տարի բարձր տարիքային խմբում։

Հայաստանի Մ-13 տարեկանների առաջնություն

Ունենք առաջնությունը ներկայացնող 3 թիմ, որոնցից «Ուրարտու-2-10»-ը գլխավորում է աղյուսակը 6 խաղում վաստակած 16 միավորով՝ խփած և բաց թողած գոլերի 22:4 գերազանց հարաբերակցությամբ։

Հայաստանի Մ-15 տարեկանների առաջնություն

«Ուրարտուից» կրկին 3 թիմ է հանդես գալիս այս առաջնությունում, ընդ որում, 2-ը՝ միևնույն խմբում։ «Ուրարտու-1-09»-ը, չնայած խաղում է 1 տարի մեծ տարիքային խմբում, այնուամենայնիվ, միանձնյա գլխավորում է աղյուսակը՝ 9 խաղ - 19 միավոր արդյունքով։ Առաջնության գործող չեմպիոնները 9 խաղում 6 հաղթանակ են տոնել, 1 ոչ-ոքի և 2 պարտություն գրանցել։

Հայաստանի Մ-16 տարեկանների առաջնություն

Մինչև 16 տարեկանների առաջնության 2 խմբեերը գլխավորում են մեր թիմերը։ A խմբում բացառիկ արդյունք է գրանցել «Ուրարտու-1-08» թիմը։ Անցկացրած 8 խաղերում թիմը նույնքան հաղթանակ է տոնել՝ վաստակելով առավելագույն 24 միավոր։ Թիմը 25 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը, իսկ սեփականն ընդունել միայն 2-ը։ Հարկ է նշել, որ այս արդյունքը մեր պատանիները գրանցել են կրկին 1 տարի բարձր տարիքային խմբում։ Թիմն այս շրջանում չի սահմանափակվել միայն առաջնությունում գրանցած փայլուն արդյունքով։ Ընթացող գավաթի խաղարկությունում նույնպես թիմը հաղթանակի է հասել կայացած առայժմ առաջին խաղում («Արտաշատ-07 – «Ուրարտու-1-08»՝ 1-5)։

Հատկանշական է նաև, որ խմբի ռմբարկուն մեր ֆուտբոլիստ Սարգիս Գասպարյանն է, որին առաջնությունում աչքի ընկնել հաջողվել է 12 անգամ, իսկ գավաթում նա 4 գոլ է հեղինակել։

Իսկ ահա նույն տարիքային առաջնության B խմբում լավագույն ցուցանիշը կրկին մեր պատանիներինն է։ «Ուրարտու-2-07»-ը ևս անպարտելի է առայժմ (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի) և առաջատարի կարգավիճակում է 9 խաղում վաստակած 25 միավոր և 37 խփած ու 1 բաց թողած գոլերի ցուցանիշով։

Հայաստանի Մ-18 տարեկանների առաջնություն

Մինչև 18 տարեկանների խմբերում հանդես եկող մեր բուֆերի 2 թիմերն էլ ընթանում են համապատասխանաբար՝ «Ուրարտու-06»-ը՝ 2-րդ, իսկ «Ուրարտու-1-05»-ը՝ 3-րդ հորիզոնականներով։ Հարկ է նշել, որ այս թիմերի հիմնական կազմի ֆուտբոլիստների մեծ մասն աշնանային հատվածն անցկացրել են «Ուրարտու-2»-ի կազմում։

Բացի առաջնություններում հանդես եկող թիմերից, որոնք միավորներ են վաստակում՝ աղյուսակում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար, ավելի փոքր տարիքային թիմերը, որոնք առանց միավորների հաշվարկի են խաղում, նույնպես գերազանց արդյունքներ են գրանցել, մասնավորապես՝ «Ուրարտու-2-14» թիմը 5 խաղում 5 հաղթանակ է տոնել և «Ուրարտու-1-12»-ը 6 խաղ է անցկացրել նույնքան հաղթանակով: