Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

15/03/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Ժիրայր Մարգարյանը։

24-ամյա պաշտպանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց մեր ակումբում՝ հանդես գալով 2014-2017 թվականներին։ Այնուհետև ֆուտբոլիստը համալրել է նաև «Շիրակի» և «Արարատի» կազմերը։

2021/22 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մարգարյանը տեղափոխվեց ուկրաինական «Վերես» ֆուտբոլային ակումբ, որտեղից էլ վերադարձավ հարազատ «Ուրարտու»։ 

Ակումբ տեղափոխվելուց հետո Մարգարյանը կիսվել է իր առաջին տպավորություններով․

«Վերադարձել եմ հարազատ ակումբ, ինչի համար շատ ուրախ եմ: Տղաներից շատերի հետ լավ ծանոթ եմ, ընկերներս են։ Կփորձեմ լավ ելույթներ ապահովել ու թիմին օգնել՝ բարելավելու դիրքերն առաջնությունում և հաղթելու գավաթը»։

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ԱԱ 2022 որակավորման փուլի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա խաղում։ 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Ժիրայր Մարգարյանին հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ և հաջող ելույթներ մաղթում կարիերայում։

Ժիրայր Մարգարյանն «Ուրարտուում» հանդես կգա 88 համարի մարզաշապիկով։