Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱԳԵՑԱԾ ՏԵՄՊԻՆ»

20/03/2022

«Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ զրուցել ենք միջազգային դադարից առաջ վերջին խաղի, իր ու թիմի մարզավիճակի, ինչպես նաև գավաթի սպասվող կիսաեզրափակչի մասին։

- Բավականին դիտարժան, բայց միևնույն ժամանակ ցավալի ելքով հանդիպում անցկացրիք, գոլ բաց թողեցիք վերջին րոպեին։ Ինչպե՞ս կգնահատես «Փյունիկի» հետ խաղը:

- Խաղի որակը գնահատում եմ լավ, վերջին հանդիպումներն անցկացնում ենք այնպես, ինչպես պլանավորում ենք նախապես։ Կարծում եմ, որ պետք է շարունակենք հավատարիմ մնալ դրան, քանի որ միայն այդպես կարող ենք արդյունքի հասնել այս մրցաշրջանում։ Այսօր մեզ չհաջողվեց խաղի լավ որակը վերածել արդյունքի, բայց կփորձենք տեսնել դրականն ու շտկել սխալները, առջևում գավաթի կարևորագույն հանդիպումներն են։

- Մի քանի անգամ փրկեցիր թիմին անխուսափելի թվացող գոլերից, մեկ անգամ էլ օգնության հասավ դարպասաձողը։ Ի՞նչ կարող ես ասել քո խաղի մասին:

- Այստեղ պետք է նաև արժանին մատուցել «Փյունիկին», նրանք լավ էին գրոհում։ Չեմ կարծում, որ այն դրվագները, որոնց ես էի միջամտում, չափազանց վտանգավոր էին։ Այնտեղ, որտեղ պետք է օգնեի, օգնեցի: Ցավոք, այդ վերջին պահին դրա հնարավորությունը չունեցա։

- Ի՞նչ կարող ես ասել քո և թիմի ֆիզիկական վիճակի մասին։ Ինչպիսի՞ն է մթնոլորտը հանդերձարանում:

- Ֆիզիկապես, կարծում եմ, ամբողջ թիմը լավ վիճակում է, ակնհայտ է, որ յուրաքանչյուր խաղում մեծ ծավալի աշխատանք ենք կատարում։ Կարծում եմ՝ ես նույնպես լավ մարզավիճակում եմ, քանի որ լավ մարզումներ ենք անցկացնում։ Հանդերձարանում տղաները կենտրոնացած են միայն լավ աշխատանքի վրա, տրամադրության որևէ անկում չի նկատվում։ Մենք հասկանում ենք, թե ինչ է մեզ սպասում և ինչի ենք մենք ձգտում։

- Առջևում միջազգային դադարն է, միգուցե թիմին պարզապես անհրաժեշտ է դադա՞ր վերցնել մրցաշրջանի կարևորագույն հանդիպումներից մեկից առաջ։ Ինչպե՞ս եք պատրաստվում գավաթային խաղին։

- Մինչ այսօր բոլոր մտքերը «Փյունիկի» դեմ խաղի հետ էին կապված, արդեն կսկսենք մտածել գավաթի կիսաեզրափակչի մասին։ Կարծում եմ՝ մենք լավ մարզավիճակում ենք և կարող ենք դիմակայել առաջնության հագեցած տեմպին։ Վերջ ի վերջո, երկար ժամանակ է, պարտություն չէինք կրել։ Դադարի ընթացքում կունենանք ստուգողական հանդիպումներ, որը շատ կարևոր է, քանի որ բոլորն ավելի շատ սիրում են խաղալ, քան մարզվել: