ՍԻՄՈՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սիմոն Իսրայելյանը ծնվել է 1986 թվականի մարտի 9-ին Երևան քաղաքում։ Սկսել է հաճախել Դավիթ Հովսեփյանի անվան համար 191 դպրոց, իսկ 5-րդ դասարանից կրթությունը շարունակել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Վաղ տարիքից Սիմոնը մեծ սեր է ունեցել սպորտի հանդեպ և հաճախել է թեթևատլետիկայի մարզումների։ Սիմոնն արագավազորդ էր։ Իսկ սպորտի նկատմամբ սերը որոշիչ գործոն է հանդիսացել ճանապարհի ընտրության հարցում։ Սիմոնն ընդունվում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, թեթևատլետիկայի բաժին։ 2007-ից 2009 թվականներին Իսրայելյանը ծառայել է բանակում և զորացրվել է լեյտենանտի կոչումով։ Բանակից վերադառնալուց հետո աշխատել է «Սպարտակ» մարզահամալիրում, որպես թեթևատլետիկայի մարզիչ։

2014 թվականի հունվարից սկսել է աշխատել «Ուրարտու» («Բանանց») ֆուտբոլային ակումբում, որպես տնտեսվար, մարզաբազայի ադմինիստրատոր։ Սիմոն Իսրայելյանն աշխատել է նաև «Հեքիաթ» մանկապարտեզում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

44-օրյա պատերազմի գույժը լսելուց հետո Սիմոնն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմից առաջիններից էր, որը շտապեց ռազմաճակատ։ Սիմոնն Արցախի ճանապարհը բռնեց սեպտեմբեր 29-ին։ Պահեստազորի լեյտենանտը հերոսաբար կռվեց սանձարձակ թշնամու հետ մինչև հոկտեմբերի 10-ը։

Տևական ժամանակ նրա գտնվելու մասին տեղեկություն չկար։ Սիմոն Իսրայելյանի մարմինը գտնվեց միայն 2020 թվականի դեկտեմբերին, իսկ նույնականացվեց 2021-ի փետրվարին։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը, ստացվեց այնպես որ հուղարկավորության օրը՝ փետրվարի 5-ին «Ուրարտուն» ընկերական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտի» հետ, այդ խաղում «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել Սիմոն Իսրայելյանի պատկերով մարզաշապիկներով, խաղը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։

Այդ խաղում «Ուրարտուի» կազմում միակ ու հաղթական գոլի հեղինակ դարձած Ջեյմս Սանթոսը գոլից հետո խաչակնքվեց ու ձեռքերը պարզեց երկինք։ Խաղից հետո Սանթոսն իր ինստագրամյան էջում գրեց հետևյալը․ «Խփածս գոլը նվիրում եմ ընկերոջս, որը հերոսաբար մահացավ պաշտպանելով իր հայրենիքը։ Հանգչիր խաղաղությամբ, իմ ընկեր»։ Սանթոսն այդ խաղի իր մարզաշապիկը հետագայում նվիրեց Սիմոն Իսրայելյանի ընտանիքին։

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Սիմոն Սպարտակի Իսրայելյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2021 թվականի N: 663-Ա հրամանագրով հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։

Արցախյան 44-օրյա պատերազմը չընդհատեց Սիմոն Իսրայելյան – «Ուրարտու» կապը։ Սիմոնի որդին՝ Սպարտակ Իսրայելյանը 2021 թվականի ապրիլից սկսեց հաճախել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզադպրոց։

Սիմոն Իսրայելյանի ծննդյան օրը խորհրդանշական է դարձել ողջ ակումբի համար։ Այդ օրը «Ուրարտուի» աշխատակիցներն ու  մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստները հաճախում են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցում Սիմոն Իսրայելյանին։ Ծաղկեդրում է կատարվում նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում գտնվող կիսանդրու մոտ։

 

ՍԻՄՈՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ՝ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ»

Հատկանշական է, որ  2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում տեղի ունեցավ արձանախմբի բացման հանդիսավոր արարողություն։ Լեգենդար ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանի, Արկադի Անդրիասյանի, ինչպես նաև մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Գրիգորյանի կիսանդրու հետ միասին տեղադրվեց նաև Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրին։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սիմոն Իսրայելյանի հարազատները, միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը հանդես եկավ ելույթով․ «Ինձ համար այսօր մեծ պատիվ է ներկա գտնվելու այս գեղեցիկ միջոցառմանը։ Ֆուտբոլային լեգենդար գործիչների կողքին բացում ենք նաև Սիմոն Իսրայելյանի կիսանդրին։ Մարդ, որը մեծ ներդրում է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, իր կյանքն է նվիրել այսօրվա մեր խաղաղ արարմանը։ Այսօր հայ ժողովուրդը շատ դժվար իրավիճակում է գտնվում, բայց այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը՝ նվիրումն է։ Մարդկանց նվիրումն իրենց գործին, իրենց մասնագիտական վարպետությանը, արժանապատվությանը։ Շնորհակալություն եմ հայտնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի աշխատակիցներին և բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեծարում են մեր ֆուտբոլի մեծ ճանապարհը և այն հերոսներին, որոնք հավերժացնում են հայ ժողովրդի պատմությունն ու անցած ուղին»։

 

ՍԻՄՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ ՏԵՂԻՆ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԵՐՈՍ ԲԱՌԸ

Կապիտան Գևորգ Հովհաննիսյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է այն վաշտի հրամանատարը, որը համալրել է պահեստազորի լեյտենանտ Սիմոն Իսրայելյանը։ Մեզ հետ զրույցում Հովհաննիսյանը պատմել է, թե ինչպես է ռազմաճակատում իրեն դրսևորել «Ուրարտուի» երկարամյա աշխատակիցը․

«Սիմոն Իսրայելյանը շատ հավասարակշռված, համեստ ու խելացի անձնավորություն էր, ցավոք, նրա հետ քիչ եմ շփվել, բայց հասցրել եմ հասկանալ այդ ամենը։ Նա լեյտենանտի կոչում ուներ, դրա համար էլ պատերազմի ընթացքում նրան վստահվեց դասակի հրամանատարի պաշտոնը, ու նա շատ հեշտությամբ սկսեց կատարել իրեն առաջադրված խնդիրները։ Հասկանալի է, որ պատերազմի դաշտում դժվարություններն ու անհարմարությունները շատ են լինում, բայց նա երբեք ոչնչից չի դժգոհել, դժվարություններին դիմակայում էր տղամարդու պես։ Կարճ ժամանակահատվածում նա շատ հեշտ հարմարվեց բոլորին, այնպիսի տպավորություն էր, որ ասես երկար ժամանակ է ինչ ճանաչում ենք իրար։ Նա կարողանում էր մարդկանց հետ շփվելու ճիշտ տարբերակներ գտնել, դրա համար էլ զինվորների կողմից շատ շուտ ընդունվեց։ Հականալի է, որ նա զինծառայողներից տարիքով մեծ էր, բայց ասում էր, որ այստեղ բոլորն իր համար կրտսեր եղբոր պես են, ու դա միայն խոսքեր չէին, նա այդ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ արեց նրանց համար։

Հոկտեմբերի 10-ը շատ դաժան օր էր ու դա թերևս ամենամեղմ բառն է, տվյալ իրավիճակը բնութագրելու համար։ Հոկտեմբերի 10-ին մենք գտնվում էինք Արա լեռից դեպի Հադրութ ընկած հատվածում։ Ստացանք խնդիր, որ պետք է մեկ այլ բնագիծ զբաղեցնենք։ Հակառակորդն այդ տարածքով նախապատրաստվում էր հարձակման, մեր խնդիրն էր կանխել նրանց առաջխաղացումը։ Բայց անօդաչու թռչող սարքերի միջոցով մեզ հայտնաբերել էին ու սկսել աշխատել մեր ուղղությամբ։ Դեռ չէինք հասցրել ամբողջությամբ դիրքավորվել ու հրետակոծության ենթարկվեցինք։ Մեծ թվով զոհեր ու վիրավորներ ունեցանք։ Սիմոնն էլ զոհվածների թվում էր․․․

Մեզ համար նրա մահը մեծ կորուստ էր, չնայած, որ ընդամենը 11-12 օր էր ինչ ճանաչում էինք միմյանց։ Սիմոնը թողեց լավ հիշողություններ մի լավ մարդու մասին։ Եթե չլիներ այս ամենն ու ինձ ասեին, որ հնարավոր է, որ մարդը քաղաքացիական կյանքից միանգամից կարողանա ադապտացվել պատերազմական իրավիճակին, այն էլ ստանձնելով ենթականեր ունեցող հրամանատարի պարտականությունները ու նման հարգանքի արժանանա, ես չէի հավատա, բայց Սիմոնի պատմությունը պատմելով հասկանում եմ, որ այդ ամենը իրականություն է։

Սիմոնը, իր ենթականները, մեր մյուս տղաներն էլ կռվել են հերոսաբար, մինչև վերջին շունչը եղել են իրենց դիրքերում․․․ Սիմոնի ու նրա նման մյուս տղաների մասին խոսելիս ՀԵՐՈՍ բառը տեղին է օգտագործված»։

 

ՄՏԵՐԻՄՆԵՐԸ՝ ՍԻՄՈՆԻ ՄԱՍԻՆ

ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ (Սիմոնի մայրը)

«Նա իրոք յուրահատուկ մարդ էր, նրան ճանաչողները երբեք չէին մտածի, որ նրա մեջ այդքան ուժ կա։ Սիմոնը շատ հանգիստ մարդ էր, առանց էմոցիոնալ պոռթկումների։ Նա սպորտի մարդ էր, սիրում էր մարզվել։ «Ուրարտուն» նրա տունն էր։ Նրա մեջ չար բան չկար, երբեք չէր սիրում, երբ մենք տխուր էինք լինում, հիմա երբ ժամանակ առ ժամանակ հուզվում եմ, հիշում եմ նրան ու գիտակցում, որ դա նրա սրտով չէ։ Նման դեպքերում նա ամեն ինչ կաներ, որ մենք ուրախ լինենք»

ՍՊԱՐՏԱԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (Սիմոնի հայրը)

«Ես չեմ կարողանում գտնել գեթ մեկ մարդու, որը Սիմոնի մասին խոսելիս դրականից զատ ուրիշ բան ասի։ Երևի նման մարդ չկա։ Նա ինչ անում էր, անում էր մեծ նվիրումով, հոգով ու սրտով։ Նա յուրահատուկ էր։ Չեմ ասում դա նրա համար, որ նա իմ տղան է։ Ես շփվել եմ շատ-շատերի հետ, բայց նա ուրիշ էր։ Նա հոգնել չուներ։ Գալիս էր տուն ու առաջին զանգի դեպքում միանգամից շտապում «Ուրարտու», առաջացած խնդիրները լուծելու համար։ Նրա համար չկային աշխատանքային ժամեր, հանգստյան օրեր․․․ Նա հասանելի էր բոլորին, օրը՝ 24 ժամ։ Նույնը նաև մանկապարտեզում։ Երբ նա մտնում էր մանկապարտեզ, երեխաները գալիս ու գրկում էին նրան, փաթաթվում ոտքերին»

ՀՐԱՉ ԱՂԱԲԵԿՅԱՆ («Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն)

«2015 թվականի սեպտեմբերն էր, ինձ մոտեցավ ընդունարանի աշխատակիցը և ասաց, որ մի տղա կա, որն ուզում է զրուցել ինձ հետ։ Սիմոնն էր։ Նրան չէի ճանաչում։ Սիմոնը մոտեցավ և ասաց, որ ժամանակին աշխատել է «Ուրարտուում», բայց ինչ-որ հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալու պատճառով դուրս էր եկել աշխատանքից, սակայն հիմա ցանկանում է վերադառնալ։ Հենց առաջին հանդիպումից ես դրական էներգիա զգացի նրանից։ Աշխատանքի ընթացքում էլ նա մեծ նվիրյալ էր, հետագայում մենք բազմիցս էինք խոսում, թե ինչ ճիշտ որոշում ենք կայացրել, որ նրան աշխատանքի ենք հրավիրել։ Զարմանալ կարելի էր, թե անկախ իր զբաղեցրած պաշտոնից, նա ինչպես էր վերաբերվում իր աշխատանքին, ինչպես էր սիրում իր գործը, եթե Սիմոնի պես նվիրյալ լինեն բոլորն իրենց բնագավառներում, ապա մենք կունենանք շատ հզոր երկիր։ Նա իր գործի սիրահարն էր։ Հիմա մեր ակումբի մանկապատանեկան թիմերից մեկում է հանդես գալիս Սիմոնի որդին՝ Սպարտակը։ Մենք ուզում ենք նրա մեջ տեսնել Սիմոնին, ուրախանալ նրա հաջողություններով։ Եթե Սպարտակը ունենա հոր աշխատասիրությունն ու նվիրումը, ապա վստահ եմ, որ հաջողության կհասնի կյանքի յուրաքանչյուր բնագավառում, որովհետև չի կարելի այդքան սիրել իր աշխատանքն ու հաջողության չհասնել»

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ («Ուրարտու» ՖԱ նախկին գլխավոր մարզիչ)

«Երբ ապրում էի մարզաբազայում, երեկոյան հաճախ էի Սիմոնի հետ թեյ խմում։ Ես լսում էի Սիմոնին, նայում նրա վրա ու մտածում, թե որքան լավ կլիներ, եթե հայ ժողովրդի նոր սերնդի մեծամասնությունը նրա նման լիներ, ինչ հզոր պետություն կունենայինք։ «Հերոս» տերմինն օգտագործելիս մենք սովորաբար այլ ընկալում ենք ունենում, բայց Սիմոնի մարդկային որակները՝ նրա բարությունը, հավասարակշռվածությունը, համեստությունն ու միևնույն ժամանակ քաջությունը մեր օրերի հերոսի բնութագիրն է»։

 

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՍԻՄՈՆԻ

Սիմոն Իսրայելյանը ռազմաճակատ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Երկու տարի անց ճիշտ նույն օրը «Ուրարտուն» Vbet Հայաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ուժերը չափեց «Նոայի» հետ (0-1): Այդ խաղը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ, իսկ «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ էին մտել Սիմոն Իսրայելյանի պատկերով մարզաշապիկներով։

 

ՍԻՄՈՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

2022 թվականի մարտի 9-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում առաջին անգամ անցկացվեց Սիմոն Իսրայելյանի անունը կրող գավաթի խաղարկություն, որը վիճարկեցին «Ուրարտու-վետերաններ» և հայկական ֆուտբոլի վետերաններ թիմերը։ «Ուրարտուի» թիմը հաղթեց 8-5 հաշվով։ «Ուրարտու-վետերանների» կազմում հանդես էին գալիս տարբեր ժամանակահատվածներում «Ուրարտուում» հանդես եկած հետևյալ ֆուտբոլիստները՝ Ալբերտ Օհանյան, Ստեփան Ղազարյան, Արթուր Ոսկանյան, Արամ Բարեղամյան, Արարատ Առաքելյան, Սամվել Մելքոնյան, Նորայր Գյոզալյան, Կարեն Սիմոնյան, Իգոր Պադերին, Կարեն Միքայելյան, Աշոտ Բարսեղյան և Սեմյոն Մուրադյան։ Թիմերին մեդալներով ու խորհրդանշական գավաթով պարգևատրեց Սիմոնի հայրը՝ Սպարտակ Իսրայելյանը։

Պլանավորվում է, որ այս մրցաշարը կրելու է կանոնավոր բնույթ։ Նախատեսվում է, որ Սիմոն Իսրայելյանի անունը կրող մրցաշար է անցկացվելու նաև մանկապատանեկան թիմերի շրջանում։ Հատկանշական է, որ նույն օրը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց «Ալաշկերտի» հետ (0-0): Այդ խաղի մեկնարկից առաջ «Ուրարտուի» ֆուտբոլիստները լուսանկարվեցին Սիմոն Իսրայելյանի պատկերով պաստառի մոտ, որի վրա գրված էր․ «Սիմոն Իսրայելյան, հավերժ մեզ հետ ու մեր սրտերում»։