Not Selected

ԶԻՋԵՑԻՆՔ «ՎԱՆԻՆ» ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ

13/08/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Վանին»։ Հանդիպման միակ գոլը խփեց Իպեյ Վիլիամսը։ 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ուրարտուն» 2022/23 մրցաշրջանը մեկնարկել էր հաղթանակով, «Վանի» հետ դիմակայությանը մեր թիմը մոտեցել էր 6 միավորով, ընդ որում՝ առանց բաց թողած գնդակների։ Իսկ հյուրերը գրանցած 1 հաղթանակ ունեին և մեկ ոչ-ոքի։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԵՐ ԿԱԶՄՈՒՄ

Նախորդ խաղի համեմատ մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնարկային կազմի համար մի քանի փոփոխության էր դիմել։ «Շիրակի» հետ նախորդ մրցավեճում վնասվածք ստացած Նանա Անտվիի փոխարեն խաղն առաջին րոպեներից սկսեց Խարիտոն Այվազյանը, Արման Ղազարյանի փոխարեն՝ Վադիմ Պարամոնովը, իսկ հարձակման գիծը Լեոն Սաբուայի փոխարեն Մաքսիմ Մայրովիչի ու Նարեկ Գրիգորյանի հետ միասին կազմել էր Դմիտրո Խլյոբասը։

ԱՐԱԳ ԳՈԼ, ՈՐԸ ՎՃՌԵՑ ԽԱՂԻ ԵԼՔԸ

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկ ստացավ, վտանգավոր գործողություններով աչքի էին ընկնում հատկապես «Վանի» ֆուտբոլիստները։ Հանդիպման 7-րդ րոպեին նրանք առաջին հարվածը կատարեցին մեր դարպասին, որից հետո Արսեն Բեգլարյանը գնդակը դուրս բերեց դաշտի ուղղահայաց գծից: Իսկ անկյունայինի խաղարկումից հետո կրկին անառիկ պահել դարպասը մերոնց չհաջողվեց։ Իպեյ Վիլիամսը կարողացավ բացել հաշիվն ու առաջ մղել իր թիմին։ Բաց թողած արագ գոլից հետո «Ուրարտուն» սկսեց ավելի ակտիվ գործել ու իր հերթին սպառնալ «Վանի» դարպասին։ Մեր ֆուտբոլիստների հարվածները, սակայն, չեզոքացվում էին հիմնականում մրցակցի պաշտպանների կողմից։ Մինչ խաղակեսի ավարտը այլ գոլեր չգրանցվեցին ու թիմերն ընդմիջման գնացին «Վանի» նվազագույն առավելությամբ։

ԼԱՐՎԱԾ ՎԵՐՋԱԲԱՆ ՈՒ ԱՆՀԱՋՈՂ ԱՎԱՐՏ

Երկրորդ խաղակեսը բավական դիտարժան ստացվեց, գնդակը խաղադաշտի կենտրոնում գրեթե չէր մնում։ Մեր թիմի կատարմամբ առավել վտանգավոր պահի ականատես եղանք 69-րդ րոպեին, երբ Ագամագոմեդովը ստիպված եղավ ոչ մեկ անգամ միջամտել դրվագին։ Փոխարինման մտած ֆուտբոլիստներ Օլեգ Պոլյակովի, այնուհետև Լեոն Սաբուայի հարվածներից հետո «Վանի» դարպասապահը կրկնակի սեյվով փրկեց իր թիմին։ Մեր տղաներն այսքանով չբավարարվեցին ու հանդիպման մնացած մասում մրցակցին գրեթե թույլ  չտվեցին դուրս գալ սեփական տուգանայինից։ Իսկ խաղի վերջին րոպեներն անասելի լարված էին։ «Ուրարտուի» բազմաթիվ պահերն ու հարվածները չէին հասնում իրենց նպատակին։ Արդյունքում, խփել պատասխան գնդակը Գունկոյի տղաներին այդպես էլ չհաջողվեց․ «Ուրարտու» - «Վան» 0-1։ 

Հավելենք, որ հաջորդ տուրի խաղը կանցկացնենք օգոստոսի 20-ին՝ Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում հյուրընկալվելով «Նոային»։ Խաղը կմեկնարկի 17։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 0-1 

0-1 Իպեյ Վիլիամս (8')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 36․ Խարիտոն Այվազյան, 30․ Էվերսոն Պերեյրա (5. Եվգենի Նազարով 46'), 67․ Վադիմ Պարամոնով, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 19․ Սերգեյ Մկրտչյան (33. Մարկոս Ժունիոր 63'), 9․ Նարեկ Աղասարյան ( 6. Արման Ղազարյան 79'), 8․ Ուգոչուկվու Իվու, 21․ Նարեկ Գրիգորյան, 15․ Մաքսիմ Մայրովիչ (90. Օլեգ Պոլյակով 63'), 13․ Դմիտրո Խլյոբաս (18. Լեոն Սաբուա 65')։ 

Պահեստայիններ՝ 1. Ալեքսանդր Մելիխով, 5. Եվգենի Նազարով, 6. Արման Ղազարյան, 25. Էդգար Գրիգորյան, 34. Էրիկ Փիլոյան, 17. Տիգրան Այունց, 29. Համլետ Սարգսյան, 33. Մարկոս Ժունիոր, 20. Գոռ Լուլուկյան, 90. Օլեգ Պոլյակով, 10. Կարեն Մելքոնյան, 18. Լեոն Սաբուա։

«ՎԱՆ»․ 1․ Սամուր Ագամագոմեդով, 10․ Իպեյ Վիլիամս (37․ Իբրահիմ Յահայա 73'), 20․ Սիլվիո Գուտիերրես, 7․ Էդգար Մովսեսյան (27․ Ջոսուե Գաբա 73'), 3․ Համլետ Ասոյան, 8․ Շոթա Գվազավա (ա), 2․ Վասպուրակ Մինասյան, 33․ Ալան Տատաև, 6․ Դաուր Չանբա, 22․ Գեղամ Հարությունյան, 77․ Միլան Լալիչ (18․ Նարեկ Հովհաննիսյան 79')։

Պահեստայիններ՝ 21․ Դավիթ Պապիկյան, 27․ Ջոսուե Գաբա, 11․ Էդուարդ Ավագյան, 18․ Նարեկ Հովհաննիսյան, 23․ Պավել Գորելով, 30․ Արթուր Ստեփանյան, 17․ Սանի Բուհարի, 14․ Քրիստոֆեր Բոիֆեյս, 9․ Գուդնյուզ Իգբոկվե, 37․ Իբրահիմ Յահայա։