Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԶԻՋԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ»

14/08/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրը եզրափակվեց «Ուրարտու-2» - «Գանձասար» խաղով։ Մեր թիմն այդ խաղում պարտվեց մրցակցին։ «Ուրարտու-2»-ի միակ գոլը խփեց Կարեն Դավթյանը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկան Ուսման Ֆայեն ու Օրբելի Համբարձումյանը։

Հանդիպման առաջին րոպեները, կարելի է ասել, անցան գնդակի համար պայքարում։ Մեր ֆուտբոլիստները փորձում էին կազմակերպված խաղալ ու տիրել նախաձեռնությանը։ Խաղադաշտում երկկողմանի խաղ էինք տեսնում, բայց սցենարը մի փոքր փոխվեց, երբ «Գանձասարը» սկսեց ավելի ակտիվ պրեսինգ իրականացնել ու փորձել անցանելի դարձնել շեր պաշտպանությունը։ Խաղակեսի վերջին րոպեներին թիմերը հաճախ էին փոխանակվում վտանգավոր պահերով ու սպառնում միմյանց դարպասին, սակայն հաշիվն այդպես էլ չբացվեց։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Գանձասարի» ֆուտբոլիստները վտանգավոր գրոհ ձեռնարկեցին ու շատ մոտ էին հաշիվը բացելուն։ Նախ Օրբելի Համբարձումյանի հարվածից հետո աչքի ընկավ մեր դարպասապահ Մխիթար Ումրեյանը, որը գնդակը կարողացավ դուրս բերել դարպասային գծից։ Հյուրերը չդադարեցին նոր գրոհներ ձեռնարկել, որն էլ ունեցավ իր արդյունքը։ Հանդիպման 64-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ուսման Ֆայեն։

Խփած գոլից հետո խաղի տեմպը նկատելիորեն աճեց։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները փորձում էին հավասարեցնել հաշիվը։ 81-րդ րոպեին մեր թիմն ունեցավ ամենաիրական հնարավորությունը, երբ Նարեկ Դավթյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխով հարվածեց, սակայն գնդակն անցավ դարպասաձողի կողքով։ Մեկ րոպե անց «Գանձասարի» ֆուտբոլիստների հակագրոհի ժամանակ Գևորգ Գրիգորյանը սեփական տուգանայինում ձեռքով խաղաց, ինչի արդյունքում նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Օրբելի Համբարձումյանը՝ դրանով իսկ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։

Բաց թողած երկրորդ գնդակը մեր թիմի ֆուտբոլիստներին միայն ակտիվացրեց։ 88-րդ րոպեին, Կարեն Դավթյանի փայլուն անցումից հետո, այս անգամ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեցին «Գանձասարի» ֆուտբոլիստները։ Նույն Կարեն Դավթյանը անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու մեկ գնդակ հետ բերեց թիմի համար։ Սակայն ժամանակը քիչ էր, և «Ուրարտու-2»-ի տղաներին այս խաղում որևէ բան փոխել չհաջողվեց․«Ուրարտու-2» - «Գանձասար»՝ 1-2։

Հավելենք, որ մեր տղաները հաջորդ հանդիպումն առաջնությունում կանցկացնեն օգոստոսի 19-ին՝ «Միկայի» մարզադաշտում հյուրընկալվելով «Միկային»։ Հանդիպումը կմեկնարկի 17:00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԳԱՆՁԱՍԱՐ»

0-1 Ուսման Ֆայե (64') 1-1 Օրբելի Համբարձումյան (83') 1-2 Կարեն Դավթյան (88')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան, 39․ Նարեկ Դավթյան, 6. Էրիկ Ամիրխանյան, 12․ Արա Ջոլաքյան, 27․ Գառնիկ Մինասյան, 26․ Կարեն Գալստյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 15․ Կարեն Դավթյան,  13․ Էդգար Ղուլինյան, 7․ Հայկ Ղազարյան, 21․ Հարություն Ստեփանյան։

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 70․ Արման Մարտիրոսյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 9․ Արթուր Իսրայելյան, 24․ Գոռ Վանոյան, 19․ Կարեն Թալասյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 14․ Դավիթ Հարությունյան․ 

«ԳԱՆՁԱՍԱՐ»․ 22. Նարեկ Հովաննիսյան, 23․ Դավիթ Փարեմուզյան, 10․ Սուրեն Առաքելյան, 16․ Ժորա Սավադյան, 7․ Օրբելի Համբարձումյան, 11․ Գևորգ Հովհաննիսյան, 26․ Ուսման Ֆայե, 4․ Շիոմի Յուշիրո, 25․ Օմար Մանսուր, 17․ Բոակյո Ստեփհեն, 14․ Օմանո Շոգո։

Պահեստայիններ՝ 1․ Էդվին Հակոբյան, 5․ Ռուբեն Խաչատրյան,15․ Ռուսլան Ավագյան, 8․ Գաբրիել Եղիազարյան, 19․ Հայկ Մարտիրոսյան, 9․ Տիրան Գասպարյան, 21․ Անսահ Կվարտենգ, 33․ Նիշի Գուստավո Կենջի։