Not Selected

ԳԵՐԼԱՐՎԱԾ ԽԱՂՈՒՄ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆՔ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

19/09/2022

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»: Մեր տղաներն առավելության հասան 2-1 հաշվով։ «Ուրարտուից» աչքի ընկավ Նարեկ Գրիգորյանը, մեկ անգամ մեր օգտին ինքնագոլ գրանցվեց, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Յուսուֆ Օտուբանջոն։

Ինչպես Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները, «Ուրարտու» - «Փյունիկ» խաղն էլ սկսվեց 1 րոպե լռությամբ՝  ի հիշատակ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց: 

Հանդիպումն առաջին րոպեներից բավական լարված ու արագ տեմպ ուներ, սակայն հարկ է նշել, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները ավելի շատ պահեր էին կարողանում ստեղծել։ Դրանցից մեկում անկյունայինի խաղարկումից հետո ճիշտ տեղում հայտնված Ուգոչուկվու Իվուն դարպասային գծից դուրս բերեց գնդակն ու թիմին փրկեց վերահաս գոլից։ Մեր ֆուտբոլիստները բավական վտանգավոր էին գործում սեփական կիսադաշտում ու պահեր ստեղծում մրցակցի համար, որը խաղակեսի ընթացքում մի քանի ստանդարտի իրավունք վաստակեց, սակայն չօգտվեց դրանցից։ Մեր ֆուտբոլիստները նույնպես մի քանի վտանգավոր պահ ունեցան, սակայն բոլոր հարվածները շեղ ստացվեցին։ Խաղակեսի վերջին րոպեին «Փյունիկի» հերթական գրոհից հետո մեր թիմին փրկեց դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, որն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց մեր թիմի կազմում։ Իր նորամուտը մեր թիմի կազմում նշեց նաև նորեկ պաշտպան Եվհենի Ցիմբալյուկը։ Խաղակեսի մնացած ժամանակում թիմերը չհասցրին բացել հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսը ոչնչով չէր զիջում առաջինին. կրկին մի քանի անգամ խաղի մեջ տեսանք Մելիխովին։ 54-րդ րոպեին Կարեն Մելքոնյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո Մաքսիմ Մայրովիչը կարող էր իր 6-րդ գոլը հեղինակել ընթացիկ մրցաշրջանում, սակայն գնդակը Բուչնևի դարպասն ընթացավ «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոյից։ Բաց թողած գոլից հետո հյուրերը հերթական վտանգավոր պահը ստեղծեցին, սակայն Մելիխովը կրկին փրկեց թիմին։ Մի քանի րոպե անց «Փյունիկին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Դիպուկ հարվածով հաջողվեց աչքի ընկնել Յուսուֆ Օտուբանջոյին։ 72-րդ րոպեին մեր տղաները կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն փոխարինման մտած Մարկոս Ժունիորը չհասցրեց եզրափակել Մելքոնյանի փոխանցումը։ 4 րոպե անց մենք ի վերջո կարողացանք հետ բերել եղած առավելությունը։ Գնդաի հիանալի խաղարկումից հետո Նարեկ Գրիգորյանը վերջապես բացեց իր գոլերի հաշիվը 2022/23 մրցաշրջան։ Իսկ լարվածությունը խաղում գնալով մեծանում էր։ «Փյունիկը» հիմնականում ճնշում էր գործադրում, իսկ մերոնք առաջ էին շարժվում հակագրոհներով։ Գրիգորյանը կարող էր նույնիսկ երկրորդ գոլը գրանցել իր օգտին, երբ նկատելով գրեթե դաշտի կենտրոնում գտնվող Բուչնևին, փորձեց գնդակը պտտեցնելով հասցնել դարպասին, բայց, ցավոք, նրան շատ քիչ չբավականացրեց։ Խաղի վերջնամասում իրական գոլային պահերի ականատես չեղանք, և մեր տղաները հերթական 3 միավորը վաստակեցին միջազգային դադարից առաջ։

Հավելենք, որ հաջորդ խաղը Հայաստանի Պրեմիեր լիգայում կանցկացնենք սեպտեմբերի 30-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Արարատի» հետ։ «Հանրապետական» մարզադաշտում հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ» 2-1

1-0 Միխայիլ Կովալենկո (54' ԻԳ), Յուսուֆ Օտուբանջո (67'), Նարեկ Գրիգորյան (76')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 10․ Կարեն Մելքոնյան, 4․ Եվհենի Ցիմբալյուկ, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 19․ Սերգեյ Մկրտչյան (9․ Նարեկ Աղասարյան 80'), 8․ Ուգոչուկվու Իվու, 15․ Մաքսիմ Մայրովիչ (21․ Նարեկ Գրիգորան 70'), 27․ Դավիթ Խուրցիձե (33․ Մարկոս Ժունիոր 70'), 90․ Օլեգ Պոլյակով (13․ Դմիտրո Խլյոբաս 80')։ 

Պահեստայիններ՝  1․ Հայկ Ղազարյան, 24․ Արսեն Բեգլարյան, 36․ Խարիտոն Այվազյան, 30․ Էվերսոն Պերեյրա, 34․ Էրիկ Փիլոյան, 25․ Էդգար Գրիգորյան, 33․ Մարկոս Ժունիոր, 9․ Նարեկ Աղասարյան, 21․ Նարեկ Գրիգորան, 18․ Լեոն Սաբուա, 13․ Դմիտրո Խլյոբաս։ 

«ՓՅՈՒՆԻԿ»․ 71. Ստանիսլավ Բուչնև, 6․ Կարլոս Ջունիոր (17․ Ռոման Կարասյուկ 78'), 9․ Արտակ Դաշյան (ա), 15․ Միխայիլ Կովալենկո, 97․ Դավիդ Դավիդյան, 8․ Անդրե Լիմա (11․ Հովհաննես Հարությունյան 46'), 79․ Սերհի Վակուլենկո, 24․ Մարյան Ռադեսկի (14․ Յուսուֆ Օտուբանջո 32'), 90․ Ալեքսանդար Միլյկովիչ, 28․ Ռոբերտ Գեգեդոշ (87․ Ալեքսանդր Կարապետյան 46'), 10․ Ստեֆան Սպիրովսկի (23․ Արաս Օզբիլիս 57')։

Պահեստայիններ՝  1․ Դավիթ Յուրչենկո, 32․ Սերգեյ Միքայելյան, 11․ Հովհաննես Հարությունյան, 88․ Յուրի Գարեգինյան, 26․ Ռոնզո Զամբրանո, 21․ Արթուր Ավագյան, 14․ Յուսուֆ Օտուբանջո, 95․ Անտոն Բրադկով, 3․ Բորիս Վարգա, 23․ Արաս Օզբիլիս, 17․ Ռոման Կարասյուկ, 87․ Ալեքսանդր Կարապետյան։