Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆՔ, ՈՐ ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻՑ ԵՆՔ»

20/09/2022

«Ուրարտուի» հարձակվող Նարեկ Գրիգորյանը 8-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ խաղում (2-1) իր առաջին գոլը հեղինակեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում։

Ֆուտբոլիստը կիսվել է հաղթական խաղի ու խփած գոլի տպավորություններով․

ԽԱՂԻ ՈՒ ԽՓԱԾ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Մեր ամբողջ թիմը լավ աշխատանք տարավ, ուրախ եմ, որ ես էլ կարողացա խփել առաջին գոլս, լավ գոլ ստացվեց, կփորձեմ հաջորդ խաղերում ավելի լավ հանդես գալ ու ավելի շատ գոլեր խփել, որպեսզի ավելի շատ օգնեմ թիմին և շատ միավորներ կարողանանք վաստակել։ «Փյունիկի» նկատմամբ հաղթանակը շատ մեծ նշանակություն ուներ մեզ համար, ցույց տվեցինք, որ կարող ենք մրցակցել բոլորի հետ ու այս մրցաշրջանի ակնհայտ ֆավորիտներից ենք»։

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մեկնարկային կազմն ընտրում է մարզչական շտաբը, կարծում եմ՝ ամեն խաղի համար կատարվում է ամենաճիշտ ընտրությունը, մենք էլ ամեն մարզմանն ու խաղին պետք է ապացուցենք, որ մեկնարկային կազմի խաղացող ես։ Կարծում եմ՝ ինքս անում եմ ամեն հնարավորը, որպեսզի ապացուցեմ, որ կարող եմ լավ հանդես գալ, գոլ խփել ու օգտակար լինել թիմին»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Չեմ ասի, որ իմ լավագույն մարզավիճակում եմ, միշտ տեղ կա բարելավելու, ընդամենը պետք է շատ աշխատել ու առաջ գնալ»։