Not Selected

ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈ. «ՈՉ ԲՈԼՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՆՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ»

28/01/2023

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ուրարտուի» հերթական ձեռքբերումը ֆրանսիացի 30-ամյա հարձակվող Յայա Սանոգոն էր: Փորձառու ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են իրեն ընդունել նոր ակումբում և այն փորձի մասին, որը ցանկանում է փոխանցել թիմակիցներին։

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍԻՆ

«Առաջին տպավորություններս ակումբից և նրա ենթակառուցվածքներից շատ լավն են: Եվրոպայում ոչ բոլոր ակումբներում կարելի է հանդիպել նման պայմանների, ինչպիսին այստեղ է, ինձ համար սա շատ զարմանալի է։ Ինձ ասացին, որ մարզաբազայի տարածքում 10 խաղադաշտ կա, կարծում եմ՝ սա շատ է օգնում երիտասարդ սերունդներին։ Մարդիկ պետք է սա իմանան։

Եթե համեմատենք, կարելի է նմանություն գտնել «Ուրարտուի» և «Արսենալի» բազաների միջև, քանի որ, կրկնում եմ, ոչ բոլոր ակումբներն ունեն նման թվով խաղադաշտեր, դա իսկապես շատ է։ Կարծում եմ՝ երիտասարդ ֆուտբոլիստների ու ապագա սերունդների զարգացման համար շատ կարևոր է նման ենթակառուցվածքի առկայությունը»։

ԹԻՄԻ ՈՒ ՆՐԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թիմն ինձ շատ լավ ընդունեց, զգացի, որ ուրախ էին ինձ այստեղ տեսնել։ Ընդունեցին այնպես, ասես մեկ ընտանիք լինենք։ Ես պարզապես հաճույք ստացա այդ ամենից:

Երբ առաջին անգամ խոսեցի գլխավոր մարզչի հետ, նա ինձ ասաց, թե որոնք են թիմի նպատակները մրցաշրջանի մնացած հատվածում և ինչ ապագա հեռանկարներ կան այստեղ, ուստի ես որոշեցի պայմանագիր կնքել և օգնել թիմին իրագործելու այդ ամենը՝ նվաճել եվրագավաթային ուղեգրեր»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Այս պահին ֆիզիկապես 100%-ով պատրաստ չեմ, բայց առաջնության վերսկսվելուն դեռ 5 շաբաթ ժամանակ կա, պետք է քրտնաջան մարզվեմ՝ սկզբում անհատական, այնուհետև ընդհանուր խմբում, որպեսզի թիմակիցներիս հետ էլ խաղակցվածություն ձեռք բերեմ»։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ ԽԱՂԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ

«Մինչ «Ուրարտու» տեղափոխվելս խաղացել եմ «Արսենալում», «Քրիսթալ Փելասում», «Այաքսում», «Թուլուզում» և այլ ակումբերում։ Եթե ինչ-որ բան ասեմ, ապա դա կլինի այն, որ բոլորը միմյանցից տարբերվում են։ Չնայած այդ ամենը մեծ փորձ է եղել ինձ համար: Նույնիսկ եթե պայմանագիր ես ստորագրում մի ակումբի հետ, որտեղ կարճ ժամանակ ես մնալու, միևնույնն է, քեզ համար նոր բան պետք է սովորես։ Կարծում եմ՝ կարող եմ իմ փորձը փոխանցել «Ուրարտուի» իմ թիմակիցներին և օգնել նրանց էլ ավելի զարգանալ»:

ՖՐԱՆՍԻԱՅԻ Մ-20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ես նվաճել եմ տիտղոսներ և Ֆրանսիայի Մ-20 տ․ հավաքականի հետ աշխարհի առաջնության չեմպիոնությունը դրանցից մեկն է: Մենք հիանալի թիմ ունեինք՝ Պոգբա, Կոնդոգբիա, Ումտիտի, Զումա, Արեոլա. իսկապես շատ լավ թիմ էր: Գիտեք, երբ լավ ֆուտբոլիստեր ունես, միշտ էլ հեշտ է հաղթել: Եվ կարծում եմ, որ թիմում ամենակարևորը խաղացողների հարաբերություններն են։ Որովհետև եթե կապը թիմի ներսում է, ապա դու կարող ես նվաճել ցանկացած տիտղոս, նույնիսկ աշխարհի գավաթը: Այսպիսով, ինչ-որ բան հաղթելու համար մենք բոլորս պետք է շատ աշխատենք»: