Not Selected

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆ․ «ԿԱՆԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

30/03/2023

«Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը Կիպրոսի հետ ընկերական խաղում իր նորամուտը նշեց մեր ընտրանու կազմում։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի հավաքականի կազմում, ինձ թվում է դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Ճիշտ է, հանդիպումն ընկերական էր, բայց տարբերություն չկա, ամեն խաղում խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթելու համար։

Ցավոք, սա մեր ուզած արդյունքը չէր, ոչ-ոքի խաղացինք, բայց ոչինչ կորած չէ։ Կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնեմ ազգային հավաքականում։ Շնորհակալություն բոլորին ինձ աջակցելու ու օգնելու համար»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԹԻՄՈՒՄ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ հիմա լավ մարզավիճակում եմ: Հավաքի ընթացքում մարզվել եմ նաև շատ փորձառու խաղացողների հետ, շատ բան սովորեցի, ինչը կօգնի ինձ ապագայում։ Կփորձեմ բարելավել մարզավիճակս, քանի որ մեզ շատ կարևոր հանդիպումներ են սպասվում առաջնությունում, բայց թիմը պատրաստ է, բոլորս էլ հասկանում ենք խաղերի լրջությունը, յուրաքանչյուրին դուրս ենք գալու որպես եզրափակչի, պետք է փորձենք գրավել հնարավորինս ամենաբարձր հորիզոնական: Ընդհանուր առմամբ թիմը լավ մարզավիճակում է, պետք է պահպանենք այդ ամենը և ավելացնենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի»։

ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒ ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Մրցակցությունը թեժ է, քանի որ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են խաղադաշտում լինելուն։ Շնորհակալ եմ մարզիչներին՝ ինձ խաղալու հնարավորություն տալու համար, ես էլ իմ հերթին ամեն ինչ արեցի իրենց վստահությունն արդարացնելու համար։ Մեր թիմում չկան առաջին և երկրորդ կազմեր, բոլորը պատրաստ են ցանկացած պահի դուրս գալ խաղադաշտ և հնարավորինս օգնել թիմին։ Ե՛վ խաղադաշտում, և՛ դրանից դուրս թիմում մթնոլորտը շատ լավ է, և այդ ամենը լավ է ազդում մեր խաղի վրա»: