Not Selected

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՎՃՌՈՐՈՇ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

31/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան մոտեցել է վերջնակետին, կրքերն էլ պիկին են: «Ուրարտուն» շատ մոտ է իր պատմության մեջ երկրորդ անգամ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն:

ՎՃՌՈՐՈՇ ԽԱՂԻՆ ՄՈՏԵՑԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Այս մրցաշրջանում «Ուրարտուն» հիանալի արդյունք  է գրանցել: Մեր թիմը առաջատարի իր դիրքը չի զիջել արդեն 7 ամիս՝ առաջին հորիզոնականում լինելով 9-րդ տուրից սկսած: Այս ընթացքում մեր թիմը մինչ այս անցկացրած 34 խաղերից 25-ում հաղթանակ է տոնել, 4-ն ավարտել ոչ-ոքի և 5 խաղում պարտություն կրել՝ ընդհանուր առմամբ վաստակելով 79 միավոր:

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ՝ ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

2022/23 մրցաշրջանի ընթացքում թիմերը հանդիպել են միայն առաջնության շրջանակում: Նախորդ 3 հանդիպումներից երկուսում հաղթանակն ուղեկցել է «Ուրարտուին», մեկ անգամ էլ «Փյունիկն» է առավելության հասել:

Ընթացիկ առաջնության առաջին շրջանում մեր թիմն ընդհատել էր «Փյունիկի» հետ դիմակայությունում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը: Իսկ մրցակցին հաջողվեց մրցաշրջանի առաջին հաղթանակն «Ուրարտուի» դեմ գրանցել միայն 3-րդ շրջանում:

ՉԵՄՊԻՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ 1 ՏՈՒՐ ԱՌԱՋ ՊԱՐԶ ԴԱՌՆԱԼ

Դմիտրի Գունկոյի թիմը լավ հնարավորություն ունի պատմության մեջ առաջին անգամ «ոսկե դուբլ» գրանցելու և երկրորդ անգամ գլխավերևում պահելու Հայաստանի չեմպիոնի գավաթը: Իսկ դրանից թիմին մեկ քայլ է բաժանում. «Փյունիկի» հետ մրցավեճին մեր տղաները մոտեցել են որոշակի առավելությամբ, ինչն էլ կարող է առաջնության ավարտից մեկ տուր շուտ հայտնի դարձնել հաղթողին. «Ուրարտուն» պետք է հաղթի «Փյունիկին» ցանկացած հաշվով: Եթե հանդիպումն ավարտվի ոչ-ոքիով, ապա երկու թիմերն էլ կպահպանեն շանսերը, և ամեն ինչ կախված կլինի վերջին տուրից, որտեղ «Ուրարտուն» տանը մրցելու է «Արարատի» հետ, և այդ խաղում մեր թիմին բավարար կլինի անգամ ոչ-ոքին, իսկ «Փյունիկը» հյուրընկալվելու է «Ալաշկերտին»: Ամեն ինչ վերջին տուրը կորոշի նաև այն դեպքում, եթե առավելության հասնել կարողանան Եղիշե Մելիքյանի տղաները:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Թիմերը միմյանց դեմ ընդհանուր առմամբ 94 խաղ են անցկացրել, որոնցից 23-ում հաղթել է «Ուրարտուն», 48 անգամ հաջողության է հասել «Փյունիկը», գրանցվել է 23 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունն էլ 160-100 է:

ԿՀԱՆԴԻՊԵՆՔ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ»

Այսպիսով, հունիսի 2-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: