Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

02/06/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Փյունիկի» հետ ու հաղթանակ տոնելով` 1 տուր առաջ հռչակվեց Fastex Հայաստանի չեմպիոն: Հաղթական գոլի հողինակ դարձավ Եվհենիի Ցիմբալյուկը։

Թիմերի միջև դիմակայություններում այս մրցաշրջանում հաղթանակը 2 անգամ ուղեկցել էր մեր թիմին, մեկ անգամ էլ հաղթողի կարգավիճակում էր եղել «Փյունիկը»։

Առաջին խաղակեսը հիմնականում մեր նախաձեռնությամբ էր ընթանում։ Ինչպես և սպասելի էր, թիմերը կոպիտ ու լարված խաղ ցուցադրեցին։ Երկուսն էլ պահեր ստեղծում էին, բայց դրանք իրական գոլային չէին ու մեծ մասամբ պաշտպանների միջամտությամբ էին ավարտվում գրոհները։ Հարկ է նշել, որ «Ուրարտուն» առաջին կեսում չէր խաղում իր հարձակողական ֆուտբոլն ու ավելի զգույշ էր գործում։ Առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց։

Երկրորդ խաղակեսում Դմիտրի Գունկոն փոփոխություններ կատարեց՝ խաղադաշտ դուրս բերելով Յայա Սանոգոյին, Կարեն Մելքոնյանին, Արաս Օզբիլիզին ու Արման Ղազարյանին։

Մեր թիմն սկսեց ավելի ակտիվ գործել ու «Փյունիկին» թողնել հակագրոհների հույսին։ Առավելություն ու պահեր ունեինք, բայց հաշիվը բացվել չէր հաջողվում մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը։ Ավելացված ժամանակում մեր թիմը տուգանային հարվածի իրավունք վաստակեց, որը վարպետորեն իրացրեց Արաս Օզբիլիզը, որի փոխանցումը գոլային ու հաղթական դարձավ մեր թիմի համար։ Եվհենիի Ցիմբալյուկը գլխի հիանալի հարվածով գնդակն ուղարկեց Ստանիսլավ Բուչնևի դարպասը՝ բացելով հաշիվը։ Մեր տղաները կարողացան պահել այս հաշիվը ևս 4 րոպե ու սուլիչը ազդարարեց «Ուրարտուի» չեմպիոնությունը։