ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆ

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Զանազանյանը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 10-ին Աթենքում։ Զանազանյանի հայրը նույնպես ֆուտբոլիստ էր և հանդես էր գալիս «Ապոլոն» թիմում։ Հայաստան վերադառնալուց հետո Հովհաննեսը եղբոր՝ Լևոնի հետ սկսում է հաճախել Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոց։ Առաջին մարզիչը լինում է Քաջայր Փոլադյանը։

1965 թվականինին Զանազանյանը սկսում է խաղալ Ղափանի (ներկայիս Կապան) «Լեռնագործում» և հենց առաջին մրցաշրջանում խփած 11 գոլով դառնում է համամիութենական «Բ» կարգի առաջնության լավագույն ռմբարկու։ 1966-ին Զանազանյանը սկսում է հանդես գալ նախ Լենինականի (ներկայիս Գյումրիի) «Շիրակում», հետագայում էլ արդեն Երևանի «Արարատի» կազմում։

Հովհաննես Զանազանյանը ներքևի շարքում աջից երկրորդն է 

Հովհաննես Զանազանյանը «Արարատում» հանդես եկավ մինչև 1975 թվականը։ Այդ ընթացքում նա 1971 թվականին դառնում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1973 թվականին ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։

1969-ից մինչև 1975 թվականը եղել է «Արարատի» ավագը։ ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների մեջ եղել է 2-րդը՝ 1971թ․, 1973թ․, 3-րդը՝ 1974թ․։ 1972 թվականին ԽՍՀՄ հավաքականում 6 խաղ է անցկացրել և մեկ գոլ խփել, իսկ 1971թ․ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում՝ 6 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ 1972 թվականին դարձել է նաև Մյունխենի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (6 խաղ 1 գոլ)։  

ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 247 խաղ, խփել 56 գոլ («Արարատի» կազմում՝ 243 խաղ, 56 գոլ)։ Եվրագավաթների խաղարկություններում անցկացրել է 11 խաղ (Եվրոպայի չեմպիոնների գավաթ՝ 6, ՈՒԵՖԱ-ի գավաթ՝ 5), խփել 3 գոլ։ 

Մարտի 19, 1975թ․ «Արարատ» (Երևան) - «Բավարիա» (Մյունխեն)։ Խաղից առաջ միմյանց են ողջունում թիմերի ավագները՝ Հովհաննես Զանազանյանն ու Ֆրանց Բեկենբաուերը

Հանդես է եկել նաև Մոսկվայի «Սպարտակում» (1976թ․), Երևանի ՖԻՄԱ-ում (1977թ․), իսկ կարիերան ավարտել է Ստեփանակերտի «Ղարաբաղում» (1978-1979թթ)։

Վախճանվել է 2015 թվականի հոկտեմբերի 4-ին։

 

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Երբ Հովհանը մեր կողքին էր, մենք չէինք կարող գլուխ պահել։ Նա իր եռանդով և խաղին անսահման նվիրվածությամբ կարողանում էր ստիպել մեզ նույնպես ամբողջովին տրվել պայքարին»։

Սերգեյ Բոնդարենկո

«Մենք Հովհաննես Զանազանյանի հետ խաղում էինք «Շիրակում», ու 1966 թվականին նրան, Նորայր Դեմիրճյանին և ինձ Արտյոմ Ֆալյանը հրավիրեց «Արարատ»։ 1967 թվականին ես տեղափոխվեցի Հոկտեմբերյանի «Սպարտակ», իսկ 1969 թվականին երկրորդ անգամ եկա «Արարատ», մենք թիմի ավագ էինք ընտրում։ Այն ժամանակ բոլորս երիտասարդներ էինք ու գրեթե նույն տարիքի։ Եղավ ընտրություն և մենք թիմի ավագ ընտրեցինք Հովանին։ Զանազանյանը որպես ֆուտբոլիստ անչափ աշխատասեր էր, կամքի մեծ ուժ ուներ, աջ և ձախ ոտքով տիրապետում էր ուժեղ հարվածների, երկար և հաշվենկատ փոխանցումներ էր կատարում։ «Արարարտում» կիսապաշտպանական հզոր եռյակ ձևավորվեց՝ Զանազանյան, Անդրիասյան և Բոնդարենկո։ Այն ժամանակ ես, Զանազանյանը և Բոնդարենկոն մտածում էինք, որ յուրաքանչյուր մրցաշրջանում պետք է 7-8 գոլ խփենք ու հետագայում այդպես էլ եղավ։

Հովանն ու Բոնդարենկոն հիմնականում աչքի էին ընկնում հեռու տարածություններից։ Ես էլ էի մեկ-մեկ հեռվից աչքի ընկնում, բայց ավելի շատ նետվում էի առաջ և մոտիկ տարածությունից էի գրավում դարպասը։ Այդպիսի բազմազանությունը դժվարացնում էր մրցակցի պաշտպանությունը։ Հենց լավ կիսապաշտպանության հիմքի վրա մեր թիմը սկսեց ուժեղանալ: Հովանը մեծ հեղինակություն ուներ թիմում, կարողանում էր ստիպել խաղացողներին լավ նախապատրաստվել հանդիպումներին։ Երբ մենք միասին սկսեցինք խաղալ, մեկս մյուսին հավատում էինք ու ձգտում հաջողությունների հասնել»:

Արկադի Անդրիասյան

«Ցանկացած բարձրակարգ թիմում պարտադիր պետք է լինի ընդգծված առաջատար, որն իր հետևից կտանի խաղընկերներին։ Այդպիսին էր Հովհաննես Զանազանյանը։ Ինչ խոսք, որ «Արարատ-73»-ում կային այնպիսի վիրտուոզներ, ինչպիսիք էին Էդուարդ Մարգարովը, Արկադի Անդրիասյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Նորայր Մեսրոպյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանը, մի խոսքով՝ բոլորը, բայց Հովհաննես Զանազանյանը նրանց մեջ իսկական առաջատար էր։ Նրա խոսքը հասնում էր բոլորին։ Նրա դերը շատ մեծ էր «Արարատում»։ Ես երախտապարտ եմ Հովանին մեր համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա «Արարատի» և ընդհանրապես հայկական ֆուտբոլի համար շատ բան է արել։ Խոնարհվում եմ նրա ու «Արարատ-73»-ի բոլոր խաղացողների առջև»։

Նիկիտա Սիմոնյան

«Զանազանյանը ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչին խաղադաշտ էր դուրս եկել 2 ոտքի չբուժված վնասվածքով, սրսկումով։ Երբ խաղից առաջ թիմի բժիշկ Արամ Յուսուփյանը հարց էր բարձրացրել Հովհաննես Զանազանյանի՝ խաղին հնարավոր մասնակցության մասին, Հովհաննեսն ինքն էր այդ հարցը հանել օրակարգից՝ վճռականորեն հայտարարելով, որ մրցասպարեզ է դուրս գալու ցանկացած իրավիճակում»։

Սուրեն Բաղդասարյան

«Շատ մարզիչներ կերազեին իրենց կազմում ունենալ Զանազանյանի պես ֆուտբոլիստի, եթե ինձ հարցնեին՝ «Արարատից» հարկավոր է ընտրել ընդամենը մեկ ֆուտբոլիստի, ես կընտրեի Զանազանյանին։ Նա իր անհատական որակներով գուցե զիջում է Էդուարդ Մարգարովին և Արկադի Անդրիասյանին, բայց նա իր եռանդով, պայքարին անմնացորդ նվիրվածությամբ, մարտական բնավորությամբ, թիմակիցներին վարակելու ունակությամբ անփոխարինելի ֆուտբոլիստ է»։

Նիկոլայ Գլեբով

 

ԿՅԱՆՔԸ՝ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻ ՄՏՔԵՐՈՒՄ

«Միշտ ձգտել եմ հասարակ լինել։ Այդ հատկության համար պարտական եմ թե՛ ծնողներիս, թե՛ իմ առաջին մարզիչներին։ Խոնարհվում եմ, երախտապարտ եմ նրանց։ Հրաշալի մարզիչներ եմ ունեցել՝ Քաջայր Փոլադյան, Ղազարոս Թեքնեջյան, Օնիկ Աբրահամյան, որոնք պահանջկոտ մասնագետներ են եղել և իմ պատանեկան հոգում եսասիրության, մեծամտության համար տեղ չէր կարող լինել։ Նրանց համար ֆուտբոլի Աստվածը աշխատանքն էր, նվիրումը սիրած գործին։ Այդ ամենը փոխանցվել է ինձ և իմ հասակակիցներին։ Այնպես որ, երբ ընդունվեցի վարպետների թիմ, ես արդեն պատրաստ էի նախ և առաջ հոգեբանորեն։ Երախտապարտ եմ ճակատագրիս»:

****

«Արարատն» իսկապես աստղային թիմ էր, որում հրաշալի կերպով ներդաշնակել էին ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի անհատական, կատարողական մեծ վարպետությունը և կոլեկտիվ-կոմբինացիոն խաղը։ Դա հենց այն որակներն են, որոնոցով այսօր փայլում են Եվրոպայի առաջատար թիմերը՝ «Ռեալը», «Չելսին», «Բարսելոնան», «Միլանը», «Լիոնը»․․․ «Արարատի» ֆուտբոլիստները ընտրյալներ էին, մարզիչ Արտյոմ Ֆալյանն էր նրանց մեկ-մեկ ընտրել։ Այն Ֆալյանը, որը հեղափոխություն կատարեց հայկական ֆուտբոլում։ Նա ի դեմս 17-19 տարեկան տղաների տեսավ ապագա տաղանդների՝ ինձ, Անդրիասյանին, Իշտոյանին, Դեմիրճյանին, Ղազարյանին, մյոսւներին։ Կովալենկոն մեզ միացավ արդեն որպես փորձառու ֆուտբոլիստ։ Մարգարովն էլ ճիշտ ժամանակին «Նեվթչիից» տեղափոխվեց «Արարատ»։ Անկախ նրանց կրթական մակարդակից, բոլորն էլ բնատուր խելքով ու անուրանալի ձիրքով օժտված տղաներին էին, և մարզիչները զարգացրին, բարձր մակարդակի հասցրին այդ ամենը։ Ուզում եմ ասել, որ նրանց ինտելեկտուալ կարողությունները կդնեի առաջին պլանում։ Տղերքը կատարյալ տեխնիկա ունեին, իսկ տակտիկապես մեզ զինել էին խորհրդային ժամանակների լավագույն մարզիչները, որոնք ստանձնել էին «Արարատի» ղեկը։

Հովհաննես Զանազանյանն ու Էդուարդ Մարգարովը շրջապատված պատանի ֆուտբոլիստներով Հանրապետական ֆուտբոլի դպրոցում (ներկայիս «Ուրարտու» ՖԱ)

Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրն անհատականություն էր, մեկը նման չէր մյուսին, թե՛ բնավորության գծերով և թե՛ խաղային որակներով։ Մենք ֆիզիկապես, տեխնիկապես ու նախ և առաջ հոգեբանորեն պատրաստ էինք խաղադաշտում իրականացնելու մեր յուրաքանչյուր մարզչի՝ Ֆալյանի, Պոնոմարյովի, Գլեբովի, Սիմոնյանի, Մասլովի տակտիկական մտահղացումները»։

****

«Արարատի» խաղացողներից յուրաքանչյուրն աստղ էր և իրավունք ուներ թիմի ավագը լինել, բայց քանի որ ինձ էին ընտրում, ուրեմն դրանով ոչ միայն մեծ պատասխանատվություն էին դնում իմ ուսերին, այլև ինձ օժտում էին բարոյական մեծ իրավունքներով։ Խաղընկերներս անվերապահորեն վստահում, հարգում էին ինձ։ Իհարկե, թիմի ավագը պետք է ունենա մարդկային և խաղային բարձր որակներ, հատկապես դժվարին պահերին թիմն իր հետևից տանելու կարողություն»։

****

«Ինձ երջանիկ եմ համարում, որ գնացի Ղարաբաղ։ Իմ մասնակցությամբ առաջին խաղի ժամանակ Ստեփանակերտի գեղեցիկ մարզադաշտի տրիբունաներում 15 հազար մարդ էր հավաքվել։ Երիտասարդ տղաներից ու աղջիկներից բացի եկել էին նույնիսկ 80-90 տարեկան տատիկներ ու պապիկներ իրենց ծոռներով։ Գրկում ու համբուրում էին ինձ և իրենց օրհնանքը տալիս։ Դա նկարագրելու բան չէր, այդ ամենը տեսնել էր պետք։ Պարզապես ցնցվել էի, առաջին անգամ խորությամբ զգացի, որ նրանք անսահման կարոտ ունեն մայր Հայաստանի նկատմամբ։ Մի խոսքով, նման մթնոլորտում ես պիտի խաղայի այնպես, ինչպես իմ լավագույն տարիներին։ Իրավունք չունեի հիասթափեցնել, հուսախաբ անել այդ մարդկանց։ Գոլեր շատ եմ խփել։ Մի խոսքով, արդարացրի սպասելիքները։ Նույնիսկ մարզին հատկացված միակ «Գազ-24» ավտոմեքենան ինձ տվեցին, այն էլ յուղը վրան, որին հավակնում էինք 3 հոգով, այդ թվում՝ Ճարտարի կոլտնտեսության նախագահ, սոցիալիստական աշխատանքի հերոս Սուրեն Ադամյանը, որը շատ հարգված ու հռչակավոր մարդ էր և մեկ ուրիշ հերոս, կարծեմ, Հադրութից էր, ազգանունը չեմ հիշում»։

****

«Կրկին ֆուտբոլ եմ վերադարձել «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրաելյանի շնորհիվ, երախտապարտ եմ նրան։ Տեսնում եմ նրա լուրջ ծրագրերը և ձգտում եմ աջակցել դրանց իրագործմանը։ Նա մտադիր է սուպեր ակումբ ստեղծել։ Դժվար խնդիր է, բայց հնարավոր է իրագործել այն։ Ուղին ճիշտ է ընտրված, մարզաբազան հիանալի է, պետք է առավել խստությամբ կատարել ֆուտբոլիստների ընտրությունը, իսկ խոստումնալից պատանիներ ունենք, որոնց պետք է աճեցնել հոգատարությամբ և մի քանի տարուց հետո սպասված արդյունքը կլինի անկասկած։ Վերելք եմ մաղթում մեր ամբողջ հայկական ֆուտբոլին»։

                                            

ԶԱՆԱԶԱՆՅԱՆՆ ՈՒ «ՈՒՐԱՐՏՈՒՆ»

Հովհաննես Զանազանյանը «Բանանց» ֆուտբոլային ակումբ (ներկայիս «Ուրարտու») է հրավիրվում անձամբ ակումբի նախագահ Սարգիս Իսրաելյանի կողմից։ Լեգենդար ֆուտբոլիստն այս ակումբում սկսում է աշխատել 2003 թվականի հունվարի 20-ից։ Սկզբում որպես փոխնախագահ, կարճ ժամանակահատված էլ եղել է, որպես գլխավոր մարզիչ։

«Բանանց»-2003։ Հովհաննես Զանազանյանը երկրորդ շարքում ձախից երկրորդն է

Որպես ակումբի փոխնախագահ Զանազանյանը սկսում է իրականանցնել ֆուտբոլի դպրոցի ընդհանուր ղեկավարումը, ակումբի ղեկավարության հետ մշակում է դպրոցի խնդիրները և զարգացման ռազմավարությունը։ 2013 թվականին հունվարի 8-ին Հովհաննես Զանազանյանը ստանձնում է «Բանանց» ՖԱՀԿ մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցի մարզչական խորհրդի նախագահի պաշտոնը։ Զանազանյանն «Ուրարտուում» աշխատում է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը։

2006 թվականի դեկտեմբերի 10-ին «Բանանց» (ներկայիս «Ուրարտու») ակումբը Առնո Բաբաջանյանի անվան ֆիլարմոնիայի փոքր դահլիճում կազմակերպել էր Հովհաննես Զանազանյանի 60-ամյակին նվիրված հանդիսությունը։ Հովհաննես Զանազանյանի հասցեին իրենց սրտի խոսքն ասացին ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, «Արարատ-73»-ի մարզիչ Հարություն Քեհեյանը, «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրաելյանը, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Միջոցառման ավարտին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման այդ ժամանակվա նախարար Հովիկ Աբրահամյանը կարդաց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը և հանձնեց ոսկե մեդալ։ Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ պաշպտանության այդ ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանը։

Հովհաննես Զանազանյանն ու Սարգիս Իսրաելյանը հետևում են թիմի մարզմանը Թբիլիսիում

2016 թվականի oգոստոսի 6-ին «Ուրարտու» մարզահամալիրում հանդիսավոր արարողությամբ կայացավ Հովհաննես Զանազանյանի արձանի շնորհանդեսը։ Հայտնի ֆուտբոլիստի մեծարման այս միջոցառմանը ներկա էին «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») համասեփականատերեր Ջևան Չելոյանցն ու Օլեգ Մկրտչանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, «Արարատ-73»-ի լեգենդար  ֆուտբոլիստներ Էդուարդ Մարգարով, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը և հարգարժան այլ անձինք։ Արձանի հեղինակը Մհեր Մնացականյանն է։ Խորհրդանշական էր, որ հենց այդ օրը մեկնարկող Հայաստանի Բարձրագույն խմբի 25-րդ առաջնության առաջին տուրում միմյանց հետ մրցեցին «Բանանցն» ու «Արարատը»։ Թիմեր, որոնց հետ կապված է լեգենդար Զանազանյանի անունը։ Առավել ուշագրավ է նաև այն, որ հանդիպման միակ գոլը «Բանանցից» խփեց Լաերսիոն։ Բրազիլացի հարձակվողը «Բանանցի» կազմում խաղում էր զանազանյական 10 համարի մարզաշապիկով։

Հովհաննես Զանազանյանի արձանն «Ուրարտուում»

2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզահամալիրում կայացավ արձանախմբի բացման արարողություն, որտեղ Հանրապետական ֆուտբոլի դպրոցի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Գրիգորյանի, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրիների կողքին, բացվեց նաև Հովհաննես Զանազանյանի ու Արկադի Անդրիասյանի արձանները։ Զանազանյանն ու Անդրիասյանը միասին, մեկի ձեռքին՝ գնդակ, մյուսի ձեռքին՝ ԽՍՀՄ գավաթը, ուս-ուսի խրոխտ կանգնած պատգամում են, որ հաղթանակներ միշտ էլ կունենանք, եթե լինենք ջանասեր ու միասնական։

 

Արձանախումբ «Ուրարտու» ֆուտբոլաիյն ակումբում։ Ձախ կողմում Սիմոն Իսրայելյանի կիսանդրին է, կենտրոնում՝ Հովհաննես Զանազանյանի և Արկադի Անդրիասյանի արձանները, իսկ աջ կողմում՝ Էդվարդ Գրիգորյանի կիսանդրին

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի թիմերի համար Հովհաննես Զանազանյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 10-ը և մահվան օրը՝ հոկտեմբերի 4-ը կարևոր նշանակություն ունեն։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը ծաղիկ է խոնարհում Հովհաննես Զանազանյանի արձանի մոտ

Այդ օրերին պատանի ֆուտբոլիստները ակումբի ղեկավարության հետ մասին ծաղիկ են խոնարհում անվանի ֆուտբոլիստի արձանի մոտ։