Not Selected

ԼԻՎԻՈ ՄԻԼՏՍ․ «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՅՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ»

29/06/2021

«Ուրարտուի» բելգիացի նորեկը մեզ հետ զրույցում խոսել է թիմին միանալու, իր խաղային ոճի ու առաջիկա նպատակների մասին․

 

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գործակալիս ասացի, որ նոր մարտահրավեր գտնի ինձ համար, իսկ նա էլ ինձ առաջարկեց «Ուրարտուի» տարբերակը։ Նախ համացանցում որոնեցի Հայաստանը, հետո Երևանը, որն իսկապես շատ լավն է, իսկ հետո էլ գտա արդեն ակումբի մասին տեղեկություն, հասկացա, որ այս թիմն այս երկրում ամենաբարձր նպատակներ ունեցող ակումբներից է, իսկ առաջիկայում էլ խաղալու է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում, ես շատ տպավորվեցի»։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անկեղծ ասած, գաղափար չունեի Հայաստանի մասին՝ չնայած որոշ հայ ծանոթներ ունեմ իմ երկրում՝ Բելգիայում, սա իմ առաջին արտերկրյա փորձն է։ Այո, խաղացել եմ նաև Նիդեռլանդներում, բայց քանի որ սահմանային խնդիր չկա, Բելգիայի իմ բնակավայրից դեպի ակումբի մարզաբազա հասնելու համար ինձնից ընդամենը 30 րոպե էր պահանջվում, ուստի ես ապրում էի Բելգիայում, բայց խաղում ու մարզվում էի հոլանդական ակումբում։ Հիմա ամեն ինչ այլ է, առաջին անգամ եմ առանց ծնողներիս, առանց ընկերուհուս, ամեն ինչ նոր է։ Սա մեծ մարտահրավեր է, որը ես ուզում եմ հաջողությամբ հաղթահարել»։

ԽԱՂԱՅԻՆ ՈՃԻ ՄԱՍԻՆ

«Ես հարձակողական ոճի կիսապաշտպան եմ, կարող եմ գործել նաև ձախ վինգերի գոտում, սիրում եմ, երբ գնդակով եմ լինում, շատ եմ կարևորում կոմբինացիոն ֆուտբոլը, փորձում եմ նաև լավ եզրային փոխանցումներ կատարելով սրել խաղը։ Ես թիմային խաղի կողմնակիցն եմ, որովհետև անհատապես ոչ ոք ոչինչ անել չի կարող։ Արդեն խոսել եմ թիմի մարզչական անձնակազմի հետ։ Մարզիչը հստակ բացատրել է, թե ինչ ֆուտբոլ է ցանկանում տեսնել, ամեն ինչ պարզ է, մնում է այդ ամենն իրականացնել խաղադաշտում»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հուսով եմ, որ իմ գոլերով ու գոլային փոխանցումներով կօգնեմ թիմին հաջողության հասնել ու կյանքի կոչել այն նպատակները, որոնք մեզ առաջադրել ենք, ձգտելու ենք հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնել մրցաշարային աղյուսակում և հնարավորինս հեռուն գնալ գավաթի խաղարկությունում և Կոնֆերենցիաների լիգայում»։