Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՀՐԱՎԵՐՍ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է»

03/11/2021

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է 2022 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Հյուսիային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ հանդիպումներին։ Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում առաջին անգամ հայտնվել է «Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանի անունը։ Մեզ հետ զրույցում նա կիսվել է իր տպավորություններով․

«Շատ ուրախ եմ ազգային հավաքական հրավիրվելուս կապակցությամբ։ Բնականաբար, ես հիմա միայն դրական էմոցիաներ եմ ապրում։ Կարելի է ասել, որ իրականացավ իմ առաջին ու ամենակարևոր ֆուտբոլային երազանքը։ Կփորձեմ ամեն կերպ արդարացնել սպասելիքները։

Անկեղծ ասած, շատ ուրախացա, երբ տեսա իմ անունը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ իր երկրի ազգային հավաքականում, պաշտպանել իր դրոշի գույները, ներկայացնել իր ժողովրդին միջազգային ասպարեզում։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում և անհամբերությամբ սպասում եմ հավաքի մեկնարկին։

Այս հրավերն ավելի քան պարտավորեցնող է, հենց այսպիսի պահերին ես հասկանում, որ այն աշխատանքը, որը մի քանի տարի անում ես, ապարդյուն չի անցել։ Վստահաբար կարող եմ ասել, որ սա ոչ միայն իմ հաջողությունն է, այլև իմ բոլոր թիմակիցների և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի»։