Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ

28/02/2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Միրանյանի հետ։

25-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում» և Երևանի «Փյունիկում»։ Միրանյանի վերջին ակումբը եղել է «Փյունիկը», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում ու դարձել 9 գոլի հեղինակ։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Միրանյանը մասնակցել է 38 հանդիպման ու դարձել 12 գոլի հեղինակ․

«Ուրարտուի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո 25-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․ «Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Ուրարտու»։ Սպասելիքները մեծ են, ես էլ իմ հերթին կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգտակար լինեմ թիմին։ Առաջին մարզումից հետո պարզ դարձավ, որ այս թիմը յուրաքանչյուր խաղում դուրս է գալիս խաղադաշտ միմիայն երեք միավորի համար։ Զրուցել եմ ակումբի ղեկավարության, մարզիչների ու ֆուտբոլիստների հետ ու հասկացել, որ առավելագույն նպատակներ են առաջադրված։ Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել։ Ինձ թիմում շատ լավ ընդունեցին։ Ծանոթ դեմքեր կան, ոմանց հետ խաղացել եմ երիտասարդական ու ազգային հավաքականներում։ Մի խոսքով, ամեն ինչ լավ է։ Ուրախ եմ, որ խաղալու եմ այս ակումբում»։

Հավելենք, որ «Ուրարտուում» Արթուր Միրանյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։