Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

04/08/2022

Օգոստոսի 4-ին «Ուրարտու-2»-ը սկսեց իր ելույթները Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2022/23 մրցաշրջանում՝ առաջին տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով առաջնության նորեկ «Սյունիք» ֆուտբոլային ակումբին։ Մեր տղաները վստահ հաղթանակ տոնեցին 5-1 հաշվով։ «Ուրարտու-2»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարություն Ստեփանյանը, մեկական անգամ աչքի ընկան Կարեն Դավթյանն ու Լևոն Բաշոյանը, իսկ հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Էդգար Գրիգորյանը։

Հանդիպման առաջին րոպեներից մեր տղաները վստահ տիրում էին գնդակին՝ վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ։ Ավելի հաճախ հարվածային դիրքում կարելի էր տեսնել երիտասարդ հարձակվող Լևոն Բաշոյանին, որը մի քանի անգամ փորձեց հարվածել դարպասին, սակայն դրանք կա՛մ փակվում էին, կա՛մ անհաջող էին լինում։ Գրոհներից մեկի ժամանակ դարպասին կատարած հարվածից հետո մրցակից թիմի պաշտպանը ձեռքով փակեց գնդակի ճանապարհը, ինչի արդյունքում նշանակվեց 11-մետրանոց։ Չնայած նրան, որ «Սյունիքի» դարպասապահ Սուրեն Ալոյանը գուշակեց գնդակի ուղղությունը, հաշիվն այնուամենայնիվ բացվեց 26-րդ րոպեին Կարեն Դավթյանի դիպուկ հարվածով։ Նշենք, որ հյուրերը նույնպես փորձում էին գրոհներ կազմակերպել, սակայն նախաձեռնությունն ամբողջությամբ մեր խաղացողներինն էր։ Առաջին խաղակեսի վերջնամասում իր հնարավորություններից մեկը հաջողութան հասցրեց Լևոն Բաշոյանը, որը, շրջապատված լինելով մի քանի ֆուտբոլիստով, երկրորդ գնդակն ուղարկեց «Սյունիքի» դարպասը։ Թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտու-2»-ի՝ երկու գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը շատ ակտիվ սկսեցին փորձել հետ բերել կորցրածը, ինչն իրականում հաջողվեց, սակայն միայն մեկ անգամ։ 64-րդ րոպեին անկյունայինից կատարված փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Էդգար Գրիգորյանը։ Հանդիպման մնացած հատվածում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստների խնդիրն էր հնարավորինս մեծացնել ունեցած առավելությունը։ Այդ առաջադրանքը հիանալի կատարեց Հարություն Ստեփանյանը, որը, նախ՝ մեն-մենակ մնալով դարպասապահի դիմաց, կարողացավ գնդակն ուղարկել դարպասի հեռավոր ստորին անկյունը, այնուհետև գրեթե նույն անկյունից, բայց մյուս կողմից ևս մեկ գոլ խփեց։ Իսկ խաղի վերջնամասում նա անվրեպ իրացրեց Հայկ Ղազարյանի վաստակած 11 մետրանոցը՝ այդպիսով խփելով իր առաջին հեթ-տրիկը «Ուրատու-2»-ի կազմում․ «Ուրարտու-2» - «Սյունիք»՝ 5-1.

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն օգոստոսի 10-ին՝ ԲԿՄԱ-2-ի հետ։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում, մեկնարկը՝ 17:45-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՍՅՈՒՆԻՔ» 5-1

1-0 Կարեն Դավթյան (26' 11մ), 2-0 Լևոն Բաշոյան (45+1'), 2-1 Էդգար Գրիգորյան (64'), 3-1 Հարություն Ստեփանյան (74'), 4-1 Հարություն Ստեփանյան (88'), 5-1 Հարություն Ստեփանյան (90+2')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան (55․ Հայկ Ղազարյան 45'), 39․ Նարեկ Դավթյան, 70․ Արման Մարտիրոսյան, 12․ Արա Ջոլաքյան, 8․ Գևորգ Գրիգորյան (77․ Ալիկ Մկրտչյան 66'), 26․ Կարեն Գալստյան, 9․ Արթուր Իսրայելյան, 13․ Էդգար Ղուլինյան, 15․ Կարեն Դավթյան, 23․ Լևոն Բաշոյան (7․ Հայկ Ղազարյան 58'), 21․ Հարություն Ստեփանյան։

Պահեստայիններ՝ 50․ Արսեն Թուրվանդյան, 55․ Հայկ Ղազարյան, 3․ Վահե Շափաղաթյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 14․ Դավիթ Հարությունյան, 19․ Կարեն Թալասյան, 6․ Էրիկ Ամիրխանյան, 7․ Հայկ Ղազարյան, 27․ Գառնիկ Մինասյան, 11․ Էրիկ Ղուլինյան։

«ՍՅՈՒՆԻՔ»․ 33. Սուրեն Ալոյան, 4․ Հովհաննես Ոսկանյան, 13․ Վարդան Ազիզյան, 2․ Հայկ Հովհաննիսյան, 17․ Ալեն Ստեփանյան (99․ Դավիթ Վարդանյան 90+1'), 11․ Էդգար Գրիգորյան (20․ Արամ Հովհաննիսյան 90+1'), 5․ Գագիկ Գևորգյան, 8․ Դավիթ Մայիլյան, 10․ Յուրա Առաքելյան, 9․ Կորյուն Սեդրակյան, 7․ Ալեն Տատինցյան։ 

Պահեստայիններ՝ 12․ Նարեկ Ղազարյան, 1․ Միհրան Հովհաննիսյան, 24․ Հրաչ Մարտիրոսյան, 20․ Արամ Հովհաննիսյան, 3․ Նարեկ Հայրապետյան, 99․ Դավիթ Վարդանյան, 14․ Սամվել Սարգսյան, 22․ Լյովա Ավետիսյան, 18․ Յանեկ Հովհաննիսյան, 25․ Մայիս Ավանեսյան, 55․ Վանյա Մովսիսյան։