Not Selected

ԻՍԱՀ ԱԼԻՅՈՒ․ «ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

27/11/2020

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուի» շարքերն է համալրել նիգերացի հարձակողական ոճի կիսապաշտպան Իսահ Ալիյուն։ 21-ամյա կիսապաշտպանը Հայաստանում խաղալու փորձ ունի, նա «Լոռիի» կազմում 37 հանդիպում է անցկացրել ու դարձել 7 գոլի հեղինակ, խաղացել է նաև իսպանական «Ալմերիայում» և սաուդարաբական «Ալ-Շոլա» ակումբում։ Մեզ հետ զրույցում Ալիյուն խոսել է առաջիկա նպատակներից ու թիմից ստացած տպավորություններից․

 

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ամեն ինչ շատ լավ է։ Նախքան «Ուրարտու» տեղափոխվելը ես գիտեի այս թիմի մասին։ Այստեղ իմ նախկին թիմակիցներն են խաղում։ Նրանք այնպիսի հիացմունքով էին խոսում այս ակումբի մասին, որ ինձ մոտ ցանկություն առաջացավ միանալ «Ուրարտուին»։

ԻՎՈՒՒ, ԴԵՍԻՐԵԻ, ՄԵՆՍԱՀԻ ՀԵՏ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Այստեղ տեղափոխվելուց առաջ հատկապես շատ եմ զրուցել Ջոնել Դեսիրեի հետ, նա էլ շատ էր ուզում, որ ես տեղափոխվեմ «Ուրարտու»։ Մենք միասին լավ ելույթներ ենք ունեցել Հայաստանում, այստեղ խաղալու փորձ ունենք։ Շատ լավ եմ հիշում «Ուրարտուի» մարզադաշտում կայացած հանդիպումը, այն ժամանակ թիմը դեռ «Բանանց» էր կոչվում։ Եթե չեմ սխալվում մենք հաղթեցինք 3-1 հաշվով, ի դեպ այդ խաղում գոլի հեղինակ դարձա ես, Իվուն և Դեսիրեն, այս երեքով հիմա «Ուրարտուում» ենք, հուսով եմ, որ մեր համագործակցությունը արդեն հաջողություն կբերի այս ակումբին»։

«ԱԼՄԵՐԻԱՅՈՒՄ» ԱՆՑԿԱՑՐԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանից հետո Իսպանիա տեղափոխվելը մեծ քայլ էր ինձ համար։ «Ալմերիան» իսկապես մեծ ակումբ էր։ Իսպանիան էլ ֆուտբոլային առումով գերտերություն էր։ Ճիշտ է, ես այնտեղ շատ ժամանակ չանցկացրի, բայց հսկայական փորձ կուտակեցի, որը հուսով եմ ինձ շատ կօգնի ֆուտբոլային ողջ կարիերայի ընթացքում։ «Ալմերիայից» հետո որոշակի ժամանակ անցկացրի նաև Սաուդյան Արաբիայում։ Այնտեղ ամեն ինչ ուրիշ էր, ֆուտբոլային մշակույթը՝ նույնպես»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Վերադարձել եմ Հայաստան՝ չեմպիոն դառնալու ու նաև որպես ֆուտբոլիստ առաջադիմելու և ավելի լավը դառնալու համար։ Իսկապես մարտունակ թիմ ունենք, որը կարող է պայքարել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալու համար։ Ես հենց այս նպատակներնով էլ եկել եմ «Ուրարտու»։ Հուսով եմ՝ կստացվի»։