ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արկադի Անդրիասյանը ծնվել է 1947 թվականի օգոստոսին 11-ին՝ Բաքվում: Անդրիասյանը ծնվել էր մի միջավայրում, որտեղ ֆուտբոլն առօրյայի մասնիկ էր։ Հայրը՝ Գեորգի Անդրիասյանը Բաքվի «Լոկոմոտիվի» առաջատարներից էր, իսկ հորեղբայրը՝ Հայկ Անդրիասյանը, հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում», հետագայում էլ Երևանի «Սպարտակում», որտեղ էլ աշխատել է նաև որպես մարզիչ։ 1965 թվականին Արկադի Անդրիասյանն առաջին անգամ հայտնվել է Երևանի «Արարատում», սակայն գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանը հավանություն չէր տվել երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխությանը. անվանի մասնագետին դուր չէին եկել Անդրիասյանի ֆիզիկական տվյալները:

Անդրիասյանը խաղաց ցածր լիգաներում՝ Կապանում, Գյումրիում, Սևանում, և 1969 թվականին վերջապես հայտնվեց «Արարատում». Ալեքսանդր Պոնոմորյովը նրա մեջ տեսավ ԽՍՀՄ ֆուտբոլի ապագա աստղին: «Արարատում» նորամուտը Անդրիասյանը նշեց 1969 թվականի ապրիլի 4-ին, այդ խաղում «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում 1-4 հաշվով զիջեց Կիևի «Դինամոյին»։ Իսկ առաջին գոլը խփեց արդեն ապրիլի 23-ին՝ «Կռիլյա Սովետովի» հետ արտագնա խաղում (1-2):

Երիտասարդ Արկադի Անդրիասյանը հերթական հանդիպումից առաջ

 

«Արարատում» հարձակողական ոճի կիսապաշտպանը աստիճանաբար դարձավ թիմի առաջատարն ու ռմբարկուն, նրա խաղը չվրիպեց նաև ԽՍՀՄ հավաքականի մարզիչների ուշադրությունից: 1972 թվականին Անդրիասյանն ու նրա թիմակից Հովհաննես Զանազանյանը հրավիրվեցին ԽՍՀՄ հավաքական, որը պետք է մասնակցեր Մյունխենի Օլիմպիական խաղերին: Գերմանիայից Անդրիասյանն ու Զանազանյանը վերադարձան որպես օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ: 

Հաջորդ տարի տիտղոսներն ավելացան երկուսով. «Արարատն» իր լեգենդար կազմով՝ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի ու գավաթակրի կոչումը, ինքը՝ Անդրիասյանը խփած 13 գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն և ԽՍՀՄ տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում զբաղեցրեց երկրորդ տեղը, իրենից առաջ թողնելով Օլեգ Բլոխինին:

1975 թվականին Եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկությունում «Արարատը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպեց այդ տարիների ուժեղագույն ակումբներից մեկին՝ Մյունխենի «Բավարիային»: Առաջին խաղում «Արարատը» մրցակցի հարկի տակ պարտվեց 0-2 հաշվով, իսկ «Հրազդան» մարզադաշտում կարողացավ առավելության հասնել 1-0 հաշվով. Խաղի 37-րդ րոպեին Անդրիասյանն օդային պայքարում գերազանցեց Ֆրանց Բեկենբաուերին ու գրավեց Զեպ Մայերի դարպասը: «Արարատը» լքեց պայքարը, սակայն այդ գոլն ու հաղթանակը հավերժ մնացին ֆուտբոլասերների հիշողությունում: «Հայկական թիմից կառանձնացնեի 6 համարին։ Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Ես պարզապես երազում եմ նման ֆուտբոլիստ ունենալու մասին»,- խաղից հետո նշել էր Մյունխենի «Բավարիայի» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Դիտմար Կրամերը։

Եվս մեկ տարի անց «Արարատը», Անդրիասյանի անմիջական մասնակցությամբ, կրկնեց գավաթային հաջողությունը: «Արարատն» աստիճանաբար զիջում էր առաջատարի դիրքերը խորհրդային ֆուտբոլում, սակայն Անդրիասյանի փայլուն խաղն օգնեց թիմին 1976 թվականին ևս մեկ անգամ դուրս գալ գավաթի խաղարկության եզրափակիչ, արծաթե մեդալ նվաճել առաջնության գարնանային հատվածում, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, դարձավ առաջնության գարնանային հատվածի լավագույն ռմբարկու:

1975 թվական: «Արարատի» գլխավոր մարզիչ Վիկտոր Մասլովն ու Արկադի Անդրիասյանը գավաթակիր դառնալուց հետո

 

1978 թվականին Անդրիասյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան ու անցավ մարզչական գործունեության՝ Աբովյանի «Կոտայքում»: Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորեց մի շարք հայկական ու արտասահմանյան թիմեր, այդ թվում՝ Լիբանանի ՀՄԸՄ-ն, որի հետ նվաճեց Լիբանանի գավաթը, սակայն մարզչական հիմնական գործունեությունը կապված էր իր հարազատ «Արարատի» հետ, որտեղ վերադարձավ 5 անգամ: «Արարատի» հետ 1996/97 մրցաշրջանում դարձավ Հայաստանի գավաթակիր:

Բացի մարզչական աշխատանքից, Անդրիայսանը նաև զբաղեցրել է «Արարատի» փոխնախագահի պաշտոնը, տարբեր տարիների զբաղվել է ակումբի սելեկցիայով: Հենց Անդրիասյանի շնորհիվ Հայաստանում հայտնվեցին բրազիլացիներ Մարկոս Պիզելին, Ռենատոն, Ջուլիանոն, Ալեքսը: Մարկոսն ու Ալեքսը հետագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացան և համալրեցին ազգային հավաքականի շարքերը, իսկ Մարկոսը նաև դարձավ հավաքականի առաջատարներից մեկը:

Արկադի Անդրիասյանը՝ «Ուրարտուում»

 

Արկադի Անդրիասյանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում սկսեց աշխատել 2019 թվականի օգոստոսի 19-ից սկզբում որպես ակումբի սպորտային զարգացման գծով փոխտնօրեն, իսկ 2020 թվականի հունիսից հանդիսանում էր ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի խորհրդականը։

Արկադի Անդրիասյանը վախճանվեց 2020 թվականի դեկտեմբերի 23-ին՝ 73 տարեկան հասակում։ Այս բոթը ցնցեց բոլորին ու առաջիններից մեկը, որ արձագանքեց ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն էր, որը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ուղարկած ցավակցական հեռագրում նշել էր հետևյալը․ «Մենք չենք մոռանա և կկարոտենք Արկադի Անդրիասյանի ֆուտբոլային ժառանգությունը, նվաճումները և մասնավորապես առաջատարի հատկությունները, անհատականությունը և մարդկային որակները»։

 

ԾԱՂԿԱԴՐՈՒՄ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ

 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին նախկին «Միկա» մարզահամալիրում կազմակերպվեց ծաղկադրում լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Արկադի Անդրիասյանի արձանի մոտ։ 

Ծաղկադրում ի հիշատակ Արկադի Անդրիասյանի

 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմի ու ակադեմիայի սաների հետ միասին ծաղկադրման արարողությանը մասնակցեցին «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Նիկոլայ Ղազարյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, ինչպես նաև հայկական ֆուտբոլի վետերաներն ու երկրպագուները։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստների հետ՝ Արկադի Անդրիասյանի արձանի դիմաց։ Ձախից՝ Նիկոլայ Ղազարյան, Սերգեյ Պողոսյան, Նորայր Մեսրոպյան և Սերգեյ Բոնդարենկո

 

Արարողության ավարտին Անդրիասյանին նվիրված հատուկ հուշամատյանում իրենց սրտի խոսքը գրեցին միջոցառման մասնակիցները։ Հատկանշական է, որ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» մարզահամալիրում տեղի ունեցավ արձանախմբի բացման հանդիսավոր արարողություն։ Հանրապետական ֆուտբոլի դպրոցի հիմնադիր Էդվարդ Գրիգորյանի, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրիների կողքին բացվեցին նաև Հովհաննես Զանազանյանի և Արկադի Անդրիասյանի արձանները։ Ամեն տարի Արկադի Անդրիասյանի ծննդյան և մահվան օրերին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմը ծաղկադրում է կատարում անվանի ֆուտբոլիստի արձանի մոտ։

 

ՋԵՎԱՆ ՉԵԼՈՅԱՆՑ․ «ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՂԸ ԿՄԵԾԱՆԱ ՄԵՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ»

 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հուշարձանների ու մարզադաշտերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած ելույթում  «Ուրարտու» ՖԱ նախագահ Ջևան Չելոյանցը նշեց հետևյալ․

«Առաջին հերթին ուզում են Ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն, որ չեք մոռանում մեր հերոսներին։ Այլ կերպ ես նրանց չեմ կարող անվանել։ Ես իմ ակումբում միշտ ասում եմ, որ մեր խնդիրը լավ ֆուտբոլիստներ ու մարզիչներ պատրաստելն է, բայց գլխավոր խնդիրը՝ մարդկանց պատրաստելն է, որպեսզի նրանք արժանի լինեն իրենց հայրենիքին, պետությանը։ Դա մեր ակումբի գլխավոր խնդիրն է։

Ջևան Չելոյանցը արձանախմբի բացման հանդիսավոր արարողության ժամանակ

 

Ես չեմ խոսի այս մարդկանցից յուրաքանչյուրի մասին, բայց այս բառերը չեմ կարող չարտասանել, որովհետև սա իմ անձնական կարծիքն է, դեռևս պատանեկան տարիքից, հասուն շրջանում և հիմա։ Ես ուզում եմ երկու բառ ասել շատ հակասական մարդու՝ Արկադի Անդրիասյանի մասին։

Ճիշտ է, նա շատ բարդ բնավորություն ուներ, բայց նա հայկական ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստն է։ Անգամ ունենալով հիմա Մխիթարյանին, Անդրիասյանը՝ մեծագույնն է, որն անգերազանցելի է։ Ես ուզում եմ, որ լինի մեկը, ով կգերազանցի նրան, շատ եմ ուզում որ այդ ֆուտբոլիստը մեր մարզադաշտերում մեծանա։ Ինչու եմ ասում, որ նա մեծագույնն է, որովհետև նա կերտել է իր յուրահատուկ ոճը, ոչ թե խաղը, այլ ոճը։ Դա պետք է հասկանալ»։

 

ԹԻՄԱԿԻՑՆԵՐՆ՝ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Երբ եկա «Արարատ» միանգամից հասկացա, որ այս տղան օժտված է փոխանցման մշակույթի բնատուր ունակությամբ։ Նրա փոխանցումները փափուկ էին, էլաստիկ, հարմար ընդունելու համար, բայց նաև խորամանկ էին։ Մրցակիցների պաշտպանները ոչ միշտ էին կռահում նրա քայլերը։ Երբեմն թվում էր, որ նա պահում է գնդակը և «ուշացնում» փոխանցումը։ Բայց դա նա անում էր ոչ թե նրա համար, որ չէր նկատում իր թիմակցին, այլ պարզապես չէր ցանկանում մրցակցի համար ակնհայտ քայլի դիմել։ Գնդակը պահելով նա փնտրում էր գրոհի զարգացման լավագույն շարունակությունը։ Երբ թիմակիցներն ավելի լավ տարբերակներ էին առաջարկում, այդժամ գնդակի մատակարարումը չէր ուշանում։ Արկադի Անդրիասյանը ստեղծագործ ֆուտբոլիստ էր։ Նման ֆուտբոլիստի չեմ հանդիպել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև ամբողջ աշխարհում»

Էդուարդ Մարկարով

 

Գրոհում է Անդրիասյանը

 

«ԽՍՀՄ տարիներին ֆուտբոլիստներն իրենց ոչ միշտ էին պրոֆեսիոնալի պես պահում, բայց Անդրիասյանը մեծատառով պրոֆեսիոնալ էր»

Հովհաննես Զանազանյան

 

«Արկադի Անդրիասյանը՝ Հայաստանի հպարտությունն է։ Նա մեր «ոսկե» թիմի առաջատարներից էր, եկող սերունդների համար նա օրինակ էր, թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ։ Նա շատ ճիշտ մարդ էր, սկզբունքային ու ազնիվ։ Հպարտ եմ, որ նրա կողքին խաղացել եմ միևնույն թիմում»

Նիկոլայ Ղազարյան

 

«Արկադի Անդրիասյանը լավագույններից էր ոչ միայն «Արարատում», այլև ԽՍՀՄ-ում։ Նա իր վիրտուոզ խաղով արժանի է դասվելու Եվրոպայի մեծագույն ֆուտբոլիստների շարքին»

Լևոն Իշտոյան

 

«Արկադի Անդրիասյանը՝ ֆուտբոլիստի էտալոն է, նա ֆանատիկ սիրով նվիրված էր ֆուտբոլին ու ինչ անում էր՝ անում էր հրաշալիորեն։ Խաղադաշտում ես գործում էի նրա կողքին ու հաճախ մոռանում էի խաղի մասին, տարվելով նրա վիրտուոզ խաղով։ Նա խաղադաշտում ստեղծագործում էր, իսկ մենք՝ աշխատում։ Նա իր վառ խաղով տարբերվում էր ԽՍՀՄ ֆուտբոլիստների շրջանում։ Նա միջազգային մակարդակի ֆուտբոլիստ էր, ուղղակի այն ժամանակ չկային այն մեդիա հնարավորությունները, որոնք կան հիմա։ Այսօր միջակ շատ ֆուտբոլիստներ գովազդի շնորհիվ «փառավոր» պիտակավորումների են արժանանում։ Իսկ Անդրիասյանն իրոք իր գործի վիրտուոզն էր»

Սերգեյ Բոնդարենկո

 

«Արկադին իրենից ներկայացնում էր կատարյալ ֆուտբոլիստի նախատիպ։ Ուներ ֆիզիկական ուժ, հրաշալի տեխնիկա, թնդանոթային և ուժգին հարվածներ, այդ թվում նաև գլխով ու դաշտը հիանալի տեսնելու ունակություն։ Նա շատ գեղեցիկ գոլեր է խփել, հաճախ դրանք վճռական էին լինում։ Իսկ նրա մարզումներն ու օրվա կարգացուցակին հետևելու մոտեցումը կարող է յուրաքանչյուրի համար օրինակ լինել»

Ալեքսանդր Կովալենկո

1971 թվական ԽՍՀՄ օլիմպիական հավաքական։ Ներքևի շարքում ձախից առաջինը Արկադի Անդրիասյանն է, կողքին՝ Հովհաննես Զանազանյանը, իսկ 6-րդը Սերգեյ Բոնդարենկոն, որին բարեկամաբար գրկել է պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Էուսեբիոն

 

«Յուրաքանչյուր մարզչի համար Անդրիասյանը երազանք է։ Նա հաղթողի հոգեբանությամբ օժտված ֆուտբոլային հանճարեղ մտքի գիգանտ էր։ Դժվար պահերին, նա իր հետևից տանում էր թիմը, խաղը վերցնում իր վրա։ Արկադին օժտված էր դիսպետչերին բնորոշ ունակությամբ, թիմի դիրիժորն էր»

Նորայր Մեսրոպյան