ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Էդվարդ Գրիգորյան

 

Եթե չնվիրվես, չի ստացվի․․․

Է․Գ․ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վաստակավոր մարզիչ։ Հանդես է եկել Երևանի «Դինամոյի» փոխարինող թիմի կազմում։ 1952թ․ մարզչական աշխատանքի է անցել մայրաքաղաքի ֆուտբոլի նորաբաց դպրոցում (հետագայում՝ հանրապետական), գլխավորել է Հայաստանի պատանեկան հավաքականը, իսկ 1959-ին նշանակվել է նույն դպրոցի տնօրեն։ 1967թ․ ստանձնել է Երևանի «Արարատի» ղեկավարությունը, իսկ 1968-72թթ եղել է այս թիմի պետ և իր ներդրումն է ունեցել նրա 1971թ․ «արծաթե» հաջողությունում։ 1976թ․ Ֆուտբոլի հանրապետական դպրոցի հետ մեկտեղ ղեկավարել է նաև օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանը (գիշերօթիկ մարզադպրոց)։ Նրա օրոք բուռն զարգացում ապրեց հայկական պատանեկան ֆուտբոլը և բարձր ցուցանիշների հասավ համամիութենական մրցասպարեզում։ Էդվարդ Գրիգորյանն արժանացել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման։ ՍՄԿԿ անդամ է, Հանրապետության վաստակավոր մարզիչ։

 

ՆՐԱՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԲՐՈՎ

Գրիգորյանները Կրասնոդարից Հայաստանի մայրաքաղաք տեղափոխվեցին 30-ականներին Էդվարդի մոր՝ ծնունդով ստեփանավանցի Նինա Եգորովնայի պնդմամբ։

Տաղանդավոր երիտասարդն այնքան էր աչքի ընկել բակային ֆուտբոլում, որ արդեն 15 տարեկան հասակում գրավել էր մարզիչների ուշադրությունը։ Նա ընդունվեց հանրապետության ուժեղագույն թիմերից մեկը՝ Երևանի «Դինամոն» (ներկայիս «Արարատ»)։ Ութ տարի (1944-52) Էդվարդը պաշտպանեց հարազատ թիմի պատիվը։ Լավագույն մրցաշրջանը նրա համար, անշուշտ, 1949 թվականն էր, երբ «Դինամոյի» օգտին գրանցված 42 գոլերից 28-ը նրա հաշվին էր։ Դրա պատվին նա ստացավ «Բոբրով» մականունը՝ ի պատիվ ԽՍՀՄ հավաքականի և ԿԲԿՏ (ներկայիս ԲԿՄԱ) թիմի հայտնի ռմբարկու Վսևոլոդ Բոբրովի։

Ավարտելով ուսումը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ Էդվարդը թողեց ակտիվ ֆուտբոլը և անցավ մարզչական աշխատանքի Վորոշիլովի անվան քաղաքային ֆուտբոլի դպրոցում, որը ղեկավարում էր Գայոզ Ջեջելավան։

Երկու տարի անց նա նշանակվեց դպրոցի ղեկավար, որն արդեն ստացել էր հանրապետական կարգավիճակ։ Իսկ մեկ տարի անց՝ 1960 թվականին, Մինսկում կայացած Համամիութենական դպրոցականների օլիմպիադայում, նրա դպրոցը ներկայացնող թիմը ոսկե մեդալներ նվաճեց։

1965 թվականին Էդվարդ Գրիգորյանին շնորհվել է «Հայաստանի վաստակավոր մարզչի» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի» կոչումները։

 

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՌՈՄԱՆՏԻԿՆ ՈՒ ՆՎԻՐՅԱԼԸ

1971 թվականին Երևանի «Արարատն» առաջին անգամ դարձավ Խորհրդային Միության առաջնության արծաթե մեդալակիր։ Թիմն այդ ժամանակ գլխավորում էր Էդվարդ Գրիգորյանը։ Փառավոր «Արարատի» կազմավորման գործում մարզչական ներդրումների մասին խոսելիս, հիշատակում են Ֆալյանի, Պոնոմորյովի, Գլեբովի և Սիմոնյանի անունները, բայց հաճախ մոռանում են, որ 1968-ին Հանրապետության գլխավոր թիմի ավագ մարզիչը՝ Էդվարդ Գրիգորյանն էր։

Այդ պաշտոնը նա ստանձնել էր այն դժվարին պահին, երբ Արտյոմ Ֆալյանը, հեռացել էր «Արարատից»։ Էդվարդ Գրիգորյանը պահպանեց թիմի բարձր դիրքն ու այն բոլորովին վերափոխված հանձնեց Ալեքսանդր Պոնոմորյովին։ Վերջինիս և Գլեբովի հետ միասին Գրիգորյանը թիմի ղեկին մնաց ևս չորս տարի։ Այդ «Արարատի» 7 խաղացողներ գրիգորյանական ֆուտբոլային դպրոցի սաներ էին՝ Նորայր Մեսրոպյան, Ալեքսանդր Կովալենկո, Նիկոլայ Ղազարյան, Սուրեն Մարտիրոսյան, Սերգեյ Բոնդարենկո, Սանասար Գևորգյան և Արմեն Սարգսյան։

Գրիգորյանը մանկավարժական ասպարեզ վերադարձավ 1972 թվականին՝ կրկին գլխավորելով Երևանի Մալաթիա վարչական շրջանի ֆուտբոլային դպրոցը, որի շինարարությունը ժամանակին ղեկավարել էր։

1976 թվականին Գրիգորյանը նշանակվեց թիվ 10 գիշերօթիկ դպրոցի (հետագայում՝ օլիմպիական ռեզերվի ուսումնարան) տնօրեն։ «Որպես ժառանգություն՝ նախկին ղեկավարությունից նա ստացավ մի անտեսված տնտեսություն։ Դպրոցի մարզական հեղինակությունը զրոյի էր հավասար, նույնիսկ ուզում էին փակել անպետքության համար։ Նյութական բազան անմխիթար վիճակում էր... Անհանգստություն էր առաջացնում մարզչական ու ուսուցչական կազմը»,- գրում էր այդ ժամանակ հայկական մամուլը։

Գրիգորյանին լիակատար ազատություն տրվեց կադրերի ընտրության հարցում, սակայն նա թողեց բոլոր նախկին ուսուցիչներին՝ նորովի մղելով նրանց աշխատանքի։ Եվ փորձն արդարացվեց: Թիմը վերածնվեց, սկսեց աշխատել ընկերական մթնոլորտում:

Ինտերնատի մի քանի սաներ դարձան սպորտի վաստակավոր և միջազգային կարգի վարպետներ։ Աշխարհի և Եվրոպայի 50 չեմպիոն այստեղի սաներ են, երկուսն էլ դարձել են Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ Հոկսեն Միրզոյանը և Արմեն Նազարյանը (կրկնակի)։

Գրիգորյանը շագարախտ ուներ, նա այդ հիվանդությունը ժառանգել էր մորից։ Ընդամենը 59 տարեկան էր։ Նա ասում էր կնոջը․ «Լիդա, ինձ թվում է, որ իմ ամենաուժեղ տեղը ոտքերս են, բայց պարզվեց, որ նրանք ինձ դավաճանեցին»։ Փտախտ սկսվեց։

Էդվարդ Գրիգորյանը կյանքից հեռացավ 59 տարեկանում՝ 1988 թվականի հունիսի 11-ին։

Գրիգորյանը պարգևատրվել է Խորհրդային միության մի շարք շքանշաններով և մեդալներով («Ժողովուրդների բարեկամություն», «Պատվո շքանշան», «Քաջարի աշխատանքի համար», «Ի հիշատակ Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի»), սակայն նրա բարձրագույն պարգևը իր հիմնադրած ֆուտբոլային դպրոցն էր, որն այսօր տնօրինում է «Ուրարտուն» և շարունակում գրիգորյանական առաքելությունը՝ այն է կրթել ու պատրաստել ֆուտբոլիստներ վարպետ թիմերի համար։

 

 ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՈՐԴՈՒ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Էդվարդ Գրիգորյանի միակ որդին՝ Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմում է, թե գերագույն ինչ կամքի շնորհիվ հայրը կարողացավ հիմնադրել Հայկական ֆուտբոլի ամենամեծ դարբնոցը․

«Մարզաբազայի տարածքում՝ այգիներ էին, կոլխոզի այգիներն էին, երբ հայրս՝ Գրիգորյանը սկսեց մարզաբազա կառուցել,  պետությունը չէր օգնում, չկար պետական ֆինանսավորում, նա ամեն ինչ անում էր իր ընկերների հետ։

Մարզաբազայի տարածքում ծիրանենիներ էին, իսկ դրա բերքն էլ բավականին լավն էր, երբ հայրս սկսեց շինարարական աշխատանքները, այսինքն կտրել այդ ծառերը, այդ տարածքի ժողովուրդը մեծ դժգոհություն սկսեց հայտնել, գործը նույնիսկ հասավ նրան, որ ծառերը կտրելու համար Գրիգորյանը նկատողություն ստացավ, սակայն գործկոմի արտահերթ նիստի ընթացքում նա այնպես ելույթ ունեցավ, որ համոզեց ներկաներին, որ ճիշտ է պտուղ չի լինի ծիրանի տեսքով, բայց կլինի դպրոց ու դրա պտուղը կլինեն մեր ապագա մարզիկներն ու նրանց հաղթանակները։

Առաջինը պատրաստվեց գլխավոր դաշտը՝ ներկայիս 1-ին դաշտը։ Չիմապատման աշխատանքներով զբաղվում էր անձամբ՝ իր մարզիչների հետ միասին։ Գնում էին Եղեգնաձոր չիմերը վերցնում էին և գալիս դաշտը չիմապատելու։ Դրանք շատ արագ էր պետք շարել, քանի որ եթե դրանք չորացած վիճակում լինեին, ապա խոտը «չէր կպչի»։ Դա նրանք անում էին մարզչական ամբողջ կազմով, ֆիզիկական տաժանակիր աշխատանք էր, կիզիչ արևի տակ աշխատում էին այնպես, որ բոլորի մեջքը ժողովրդական լեզվով ասած «վառվում էր», հայրս գալիս էր տուն ու միայն փորի վրա էր կարողանում պառկել, մայրս մեջքին մածուն էր քսում, որպեսզի վերջինս կարողանա հանգիստ քնել։ Պետությունը ոչ մի կոպեկով չէր աջակցում, բանվորների սնունդն անգամ պատրաստում էր մայրս՝ տիկին Լիդան։ Վերջինս պատրաստում էր ճաշը, լցնում պղնձե կաթսայի մեջ, իսկ Գրիգորյանի վարորդը՝ Հակոբը այն բերում էր բանվորներին, որպես սնունդ։

Նրա համար կարևոր չէր մարդու պաշտոնը՝ բանվոր էր, փոս փորող, հավաքարար, թե պատգամավոր, նա ասում էր, որ կարևորը մարդ իրեն մարդ զգա։

Գրիգորյանի ջանքերն աննկատ չեն մնում։ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ  Լարիսա Ստեփանյանին Գրիգորյանը հրավիրում է շինհրապարակ շրջայցի։ Վերջինս տեսնելով ընթացող աշխատանքների թափն ու կատարվածի էությունը, հենց տեղում որոշում է, որ անպայման պետք է օգնի ֆինանսական առումով։

Մարզադաշտի կառուցման աշխատանքներին ներգրավված էին բոլորը, նույնիսկ նախկինում անվանի ֆուտբոլիստները, որոնք մեծ համբավ ունեին երկրպագուների շրջանում մեկ մարդու նման աշխատում էին, որպեսզի հիմնվեր հանրապետական ֆուտբոլի մարզադպրոցը։ Դպրոցի վրա իսկապես մեծ քրտինք է թափվել։

1984 թվականին նա Օլիմպիական ռեզերվի կողմից մեքենա պարգևատրվեց։ Ես էի վարում, նա մեքենա վարելու հետ սեր չուներ։ Աշխատանքից գալիս էր տուն, մի փոքր հանգստանում էր, հետո նորից ասում էր․ «Մի հատ վեր կաց գնանք դպրոց»,

- Բայց, ախր, նոր ես եկել։

- Չէ, արի գնանք դպրոց, տեսնենք ինչ կա։

Նա իր գործի բացառիկ նվիրյալ էր ու հավատարիմ էր մնում իր սկզբունքին, որը հետևյալն էր, որ ցանկացած գործ, եթե ուզում ես հաջողել, ապա պետք է նվիրվես անմնացորդ կերպով, նա ասում էր․ «Եթե չնվիրվես, չի ստացվի․․․»

Գրիգորյանն իր կյանքը նվիրեց ֆուտբոլի դպրոցի կայացման գործին ու այդ աշխատանքի պտուղներն ակնառու են»։

2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում տեղի ունեցավ արձանախմբի բացման հանդիսավոր արարողություն։ Լեգենդար ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանի, Արկադի Անդրիասյանի արձանների, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրու հետ միասին տեղադրվեց նաև դպրոցի հիմնադիր-տնօրեն  Էդվարդ Գրիգորյանի կիսանդրին։

Շնորհանդեսին ներկա էր նաև Էդվարդ Գրիգորյանի որդին՝ Արմեն Գրիգորյանը, որը իր ելույթի վերջում Էդվարդ Գրիգորյանի անձնական արխիվից խորհրդանշական նվերներ հանձնեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմ էր պատրաստել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում տեղակայված արձանախմբի յուրաքանչյուր անհատի մասին, որը ներկայացնում ենք ստորև․