Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏԵՑ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

16/12/2020

«Մրցաշրջան-2020»-ն «Ուրարտու-2»-ն ավարտեց սեփական հարկի տակ «Վեստ Արմենիայի» հետ 8-րդ տուրից հետաձգված խաղով։ Սերգեյ Օրլովի, Սարգիս Բալոյանի և Մայկի Չարլզ Իկեչուկվուի գոլերի շնորհիվ հյուրերը հաղթեցին 3-0 հաշվով։

Տարվա վերջին խաղը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից կարևոր էր կողմերի համար։ Թիմերի միջև ընդամենը մեկ միավորի տարբերություն կար։ Հաղթական ելքի դեպքում «Ուրարտու-2»-ը կշրջանցեր «Վեստ Արմենիային»։ Բուն խաղն անցավ հետաքրքիր պայքարում։ Ողջ հանդիպման ընթացքում անձրև տեղաց, սակայն դա չխանգարեց թիմերին ցուցադրել դիտարժան ֆուտբոլ։ Առաջին կեսում հավասար պայքար ծավալվեց։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները գոլ խփելու մի քանի լավ պահ ստեղծեցին, նպաստավոր դիրքերում հայտնվեցին Գևորգ Տարախչյանը, Էրիկ Փիլոյանը, սակայն երկուսն էլ վրիպեցին։ Փոխարենը «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներն աչքի ընկան, բազմաքայլ գրոհի արդյունքում Սերգեյ Օրլովը առաջ մղեց հյուրերին, խփելով իր 13-րդ գոլն ընթացիկ առաջնությունում։ Մինչև ընդմիջում նոր գոլեր չեղան, փոխարենը Ռաֆայել Ղազարյանը հեռացվեց խաղադաշտից, թողնելով «Վեստ Արմենիային» 10 հոգով։

Ստեղծված իրավիճակից «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները պետք է օգտվեին երկրորդ կեսում։ «Ուրարտու-2»-ն ավելի հարձակողական ֆուտբոլ սկսեց ցուցադրել, փոխարինման մտան Աբրահամ Պորտուգալյանը, Էրիկ Պետրոսյանը, Արթուր Միսկիրիջյանը, Ռուբեն Եսայանը, սակայն հարձակողական այս ներուժն էլ չօգնեց «Ուրարտու-2»-ին բեկել խաղի ընթացքը։ Եղավ ճիշտ հակառակը։ Երկրորդ կեսի վերջնամասում «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները ևս երկու գոլ խփեցին, նախ աչքի ընկավ Սարգիս Բալոյանը, իսկ խաղի վերջակետն էլ դրեց Մայկի Չարլզ Իկեչուկվուն։ «Ուրարտու-2» - «Վեստ Արմենիա» 0-3։

Այս խաղով «Ուրարտու-2»-ն ավարտեց իր ելույթները 2020 թվականին։ Թիմն իր ակտիվում այժմ ունի 23 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Հավելենք, որ Առաջին խմբի առաջնությունը վերսկսվելու է 2021 թվականի գարնանը։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 0-3

0-1 Սերգեյ Օրլով (29’), 0-2 Սարգիս Բալոյան (86’), 0-3 Մայկի Չարլզ Իկեչուկվու (90’)

 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 77․ էրիկ Սիմոնյան, 2․ Արթուր Մելիքյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (99․ Ռուբեն Աբրահամյան 73’), 28․ Ռոբերտ Բաղրամյան, 4․ Էրիկ Փիլոյան (20․ Ռուբեն Եսայան 79’), 26․ Կարեն Գալստյան (15. Աբրահամ Պորտուգալյան 46’), 17․ Տիգրան Այունց, 10․ Գոռ Լուլուկյան (11․ Արթուր Միսկիրիջյան 79’), 33․ Ջեսուկոբիրու Օկոտիե (9․ Էրիկ Պետրոսյան 71’), 19․ Գևորգ Տարախչյան։ 

Պահեստայիններ՝ 55․ Անդրանիկ Մարտիրոսյան, 3․ Էրիկ Ղարիբյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 11․ Արթուր Միսկիրիջյան, 24․ Դավիթ Թալալյան, 15. Աբրահամ Պորտուգալյան, 20․ Ռուբեն Եսայան, 9․ Էրիկ Պետրոսյան։ 

 

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»․ 12․ Խաչատուր Մանուկյան, 22․ Արտաշես Առաքելյան, 4․ Վահե Չոփուրյան, 15․ Իշխան Մանուկյան, 37․ Սերգեյ Օրլով, 77․ Ռաֆայել Ղազարյան, 9․ Միհրան Դերմենջյան, 8․ Ստեփան Հարությունյան (20. Մոնդեսիրե Ֆաբրիս Կուբի 90'), 25․ Մայկի Չարլզ Իկեչուկվու, 3․ Վլադիմիր Խառատյան, 10․ Միխայիլ Ժաբկին (28․ Սարգիս Բալոյան 65՛)։ 

Պահեստայիններ՝  24․ Էդվին Հակոբյան, 29․ Արման Սարգսյան, 19․ Արարատ Մկրտչյան, 5․ Արման Զեյնալյան, 20. Մոնդեսիրե Ֆաբրիս Կուբի, 17․ Յուրի Մարտիրոսյան, 11․ Դավիթ Բաղդասարյան, 28․ Սարգիս Բալոյան, 98․ Գագիկ Սարդարյան, 6․ Պատվական Մահտեսյան, 14․ Հարություն Դունամալյան։