Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ․ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԸ

05/12/2020

2019/20թթ․ մրցաշրջանում Կանանց ֆուտբոլի առաջնության Բ խմբում հաղթող դառնալուց հետո «Ուրարտու-աղջիկներ» թիմը հնարավորություն ստացավ հանդես գալու Բարձրագույն խմբում։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում մեր աղջիկները 9 հանդիպում են անցկացրել, հաղթել 6-ում ու պարտվել 3 անգամ։  Այսպիսով, վաստակելով 15 միավոր, տարին եզրափակում ենք 4-րդ հորիզոնականով։ 

Առաջնության աշնանային հատվածն ամփոփել ենք թիմի գլխավոր մարզիչ Քնարիկ Գրիգորյանի հետ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ

«Անկեղծ ասած, մեզ համար անակնկալ էր այս խմբում ընդգրկվելը։ Հնարավորութուն ստացանք ու, ճիշտ գնահատելով իրավիճակը, ի վերջո ընտրեցինք դժվար ճանապարհը։ Պատճառն ակնհայտ էր․ Բ խմբում մենք իրական մրցակիցներ չունեինք, ուստի չսահմանափակվեցինք ունեցածով։ Սկզբում որոշակի դժվարություններ կային․ նոր առաջնություն էր, ավելի փորձառու թիմեր, բայց մրցաշրջանը լավ մեկնարկեցինք, այս շրջանում ավելի շատ հաղթել ենք, ինչն արդեն գովելի է»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն խմբում թիմերի խաղամակարդակը շատ ավելի բարձր է։ Այստեղ հանդես է գալիս Կանանց ազգային հավաքականի ճնշող մեծամասնությունը, սակայն կան նաև քիչ փորձառություն ունեցող թիմեր։ Չեմպիոնության համար պայքարը, կարծում եմ, 2 թիմերի միջև է՝ «Ալաշկերտ-աղջիկների» և «Հայասայի»։

ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Թիմն ընդհանուր առմամբ լավ մարզավիճակում է, աղջիկներն արդեն հարմարվել են նրան, որ ի տարբերություն Բ խմբի, որտեղ 70 րոպե էին անցկացնում դաշտում, այստեղ հանդիպման տևողությունը 90 րոպե է։ Այժմ խաղային փորձն ու ձգտումը ավելացել է նրանց մոտ, շատ են պայքարում ու ավելի շատ պատրաստվում յուրաքանչյուր խաղին»։

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

«Հստակ գիտակցելով որ ուժեղների հետ պայքարում մենք կունենայինք դժվարություններ՝ ի սկզբանե մեր ունեցած նպատակն ավելի շատ այն էր, որ մեր աղջիկներն աճեն ու փորձ ձեռք բերեն, ինչն արդեն իսկ ակնառու է։ Տեսականորեն ունենք առաջնությունում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու հնարավորություն, հավատում ենք մեր աղջիկների ներուժին ու ակնկալում առավելագույնը»։