Not Selected

ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ Է

24/04/2020

Ապրիլի 24-ին նշվում է Մեծ Եղեռնի 1,5 միլիոն անմեղ զոհերի տարելիցը։ Ամեն տարի ճիշտ այս օրը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը այցելում է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցում ցեղասպանության նահատակներին։ Այս տարի հասկանալի պատճառներով այցելությունը դեպի Ծիծեռնակաբերդ չկայացավ, բայց դա ոչինչ չի փոխում։ Մենք շարունակում ենք հիշել ու դատապարտել տեղի ունեցածը։ Նպատակահարմար ենք համարում կարճ ներկայացնել մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործության պատմությունը։ 

Որպես Հայոց ցեղասպանության օր համարվում է ապրիլի 24-ը, քանի որ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Հովհաննես Հարությունյան և այլք: Չնայած 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության օր, հայերի նկատմամբ ջարդերի տարեթիվը` 1892-1923 թվականներն են, երբ Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

Առաջին փուլով բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ, ավելի ուշ` զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից, ապա թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։

 

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ

 

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։

 

ՆԵՄԵՍԻՍ

 

«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Գործողությունը կազմակերպել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: «Նեմեսիս» կամ «Նեմեզիս» (հուն. Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրք պարագլուխները գերմանական սուզանավով փախան Գերմանիա: 1918թ. դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրությունը հատուկ հրամանագրով դատավարություն սկսեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարության դեմ: Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Սայիդ Հալիմը, Նազըմը, Շաքիրը, Ջեմալ Ազմին և մյուսները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի և տեղահանության կազմակերպման մեջ: Դատավարությունը տևեց մոտ երկու ամիս՝ 1919-ի ապրիլի 28-ից հունիսի 26-ը:

 

Բայց մեղավորներն իրենց պատիժները չէին ստանում։ Ուստի, հայ քաղաքական շրջանակները ստիպված էին իրենք պատժել թուրք ոճրագործներին:  Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թ. Երևանում Հայ հեղափոխական դաշնակցության IX ընդհանուր ժողովում: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: 1919-22թթ. սպանվեցին թուրք և ազերի ոճրագործներ՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին, Սայիդ Հալիմը, Խան Խոյսկին, Սարաֆովը, Ջիվանշիրը: Ընդ որում՝ հայ վրիժառուներ Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի կողմից ոչ մի կողմնակի անձ չի տուժել:

 

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

 

1965 թվականից սկսած՝ ամեն ապրիլի 24-ին մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրն է, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 44-մետրանոց քարակոթողը, որտեղ անմար կրակի մոտ ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի՝ մեր նախնիների հիշատակին:

Այս տարի կորոնավիրուսով պայմանավորված՝ Ցեղասպանության հուշահամալիրը փակ է, մարդկանց հոսքը' արգելված։ Հուշարձանի 12 քարակոթողները խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները 23-ն են. Բրազիլիա, Լյուքսեմբուրգ, Ավստրիա, Բոլիվիա, Շվեդիա, Ֆրանսիա, Հունաստան, Վատիկան, Կանադա, Լիբանան, Լիտվա, Լեհաստան և այլն: Սակայն առաջին պետությունը, որ ճանաչեց 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը որպես Ցեղասպանություն, Ուրուգվայն էր` 1965-ին:

Պետություններից զատ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական շարժումը, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ընդունել են ԱՄՆ-ի և այլ երկրների մոտ մեկ հարյուրյակ նահանգներ, նահանգային խորհրդարաններ և այլ կառույցներ: