Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ

09/05/2020

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Փորձել ենք հնարվորինս սեղմ տարբերակով ներկայացնել հայկական օրացույցի ամենակարևոր օրերից մեկի խորհուրդը. 

 

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

 

Լեհաստանի վրա 1939-ի սեպտեմբերի 1-ին ֆաշիստական Գերմանիայի հարձակումով սկսվել է Երկրորդ համաշխարհային  պատերազմը, որն ավարտվել է 1945-ի սեպտեմբերի 2-ին՝ Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությամբ: Թեև Երկրորդ աշխարհամարտն անմիջապես չի ընթացել Հայաստանի տարածքում, բայց հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ:

 

Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

 

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ

 

1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշի բերդաքաղաքը: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» անվանումը:

Ազատագրման գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի  8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

 

ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ԱՄՈՒՐ ԱՐՑԱԽ

 

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: