Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌԱԴՉԵՆԿՈ․ «ԱՎԵԼԻ ԼԱՎԸ, ՔԱՆ ԱՅՍՏԵՂ Է, ԴԵՌ ՉԵՄ ՏԵՍԵԼ»

24/07/2020

«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոյի հետ։ Ակումբի մարզաշապիկն առաջին անգամ փորձելուց հետո նա մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով․

«Ակումբի պայմանների մասին կասեմ, որ ավելի լավը երևի դեռ չեմ տեսել։ Ամեն ինչ բարձր մակարդակի է՝ խաղադաշտերը, բազան, կազմակերպվածությունը։ Առաջին տպավորություններս շատ լավն են։ Թիմակիցներիս մասին կասեմ, որ բոլոր ֆուտբոլիստները բավականին արագ են գործում, տեխնիկապես զարգացած են, շատ հետաքրքիր թիմ է»։

Ռադչենկոն «Ուրարտու» է տեղափոխվել ռուսական «Տեքստիլշիկ» ակումբից։ Ուշագրավ է, որ այս տարի Կիպրոսում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում «Տեքստիլշիկը» և «Ուրարտուն» ստուգողական հանդիպում էին անցկացրել։ Այն ավարտվել էր ռուսական ակումբի հաղթանակով՝ 2-1 հաշվով, իսկ Ռադչենկոն այդ խաղին մասնակցել էր․

«Մեկ անգամ խաղացել եմ «Ուրարտուի» դեմ։ Ակումբներից յուրաքանչյուրը գտնվում էր տարբեր իրավիճակում, բայց խաղը բավական հետաքրքիր ստացվեց։ Սակայն թիմի դեմ խաղալն այլ բան է, իսկ թիմի համար՝ մեկ այլ բան։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»։

Ռադչենկոն լավ ծանոթ է նաև թիմի գլխավոր մարզչին։ Ալեքսանդր Գրիգորյանի հետ աշխատելու փորձ նա ունի։ Միասին եղել են ԲՄԱ-Խաբարովսկում։ Ֆուտբոլիստն ասում է, որ համատեղ աշխատանքից լավ հուշեր են մնացել․

«Ալեքսանդր Գրիգորյանի հետ խոսել ենք մեր անելիքների մասին, նպատակները երևի ղեկավարությունը կառաջադրի, ընթացքում պարզ կլինի։ Հարաբերություններս գլխավոր մարզչի հետ լավ են։ Ամեն բան կտեսնենք աշխատանքի ընթացքում»։

26-ամյա ֆուտբոլիստն իրեն ամենից լավը զգում է հարձակման կրակակետում, սակայն նշում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է օգնել թիմին խաղային այլ դիրքերում․

«Երևի ամենահարմար դիրքն ինձ համար հարձակվողի դիրքն է, իհարկե անհրաժեշտության դեպքում կարող եմ գործել աջ և ձախ եզրերից, բայց ինձ լավագույնս զգում եմ հարձակման կենտրոնում»։