Not Selected

ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ․ «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ»

08/01/2021

«Ուրարտուի» աղջիկների թիմը նախորդ տարի Կանանց Ֆուտզալի բաց առաջնությունում հաղթող դառնալուց հետո այս անգամ ուժերը փորձելու է 2 տարիքային խմբերում՝ 3 թիմերով։ Մեկնարկող առաջնության ու սպասելիքների մասին զրուցել ենք «Ուրարտու-աղջիկների» մարզիչ Գայանե Ավագյանի հետ․

 

ՆՈՐ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ 3 ԹԻՄՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ

«Երկու տարի է՝ մասնակցում ենք Կանանց ֆուտզալի բաց առաջնությանը։ Քանի որ թիմն այս տարի նոր սաներով էր համալրվել, իսկ նրանցից շատերը փոքր տարիքի աղջիկներ էին, որոշեցինք իրենց էլ անմասն չթողնել ու թիմը բաժանեցինք երեք մասի՝ ըստ տարիքային խմբերի։ Երկու թիմ հանդես կգա մինչև 15 տարեկանների խմբում, մեկն էլ՝ բարձրագույնում (15-ից բարձր)»։

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

«Բարձրագույն խմբում առաջին խաղը կանկացնենք այսօր, մյուս խմբերում մեր թիմերն ավելի ուշ կմտնեն պայքարի մեջ։ Բարձրագույն խմբում ընդգրկված մեր մրցակիցները բավական փորձառու են, բոլորին ծանոթ ենք և լավ պատրաստվել ենք խաղերին։ Աղջիկները լավ են տրամադրված, հուսով ենք մեկնարկը հաղթական կլինի»։

ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԸ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ

«Առաջնությունում առավել փորձառու թիմերի հետ հանդես գալով՝ մեր աղջիկների խաղամակարդակն ավելի աճեց, սա նաև օգնել է ավելի մեծ պատասխանատվությամբ ու վստահ մոտենալ խաղերին։ Այս տարի բավական ծանրաբեռնված աշխատեցինք, նոր մրցաշարերին նախապատրաստվելու ժամանակը մի քիչ կարճ էր, բայց դա մեզ չի խանգարում լավ մարզավիճակ ձեռք բերելու և լավագույնս հանդես գալու համար»:

ՊԱՅՔԱՐ՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ

«Մեր նպատակը մշտապես լավ խաղ ցուցադրելն է տարբեր մրցաշարերում և հաղթանակներ տոնելը։ Նախորդ տարի մենք այս առաջնությունում հռչակվեցինք հաղթող և այս տարի նույն ոգևորությամբ ենք մոտեցել առաջնությանը։ Հուսով եմ՝ մեր աղջիկները կկարողանան լավ դրսևորել իրենց ու ցանկալի արդյունքի հասնել»։