Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ «ՆՈԱՅԻՑ» ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

24/06/2020

«Նոայից» կրած պարտությունից հետո (2-1) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտնեց խաղի մասին իր կարծիքը․

«Առաջին վայրկյաններին մենք գոլ բաց թողեցինք կոպիտ սխալի պատճառով, ճնշման տակ սկսեցինք կարճ փոխանցումներով գրոհ զարգացնել, իմ կարծիքով դա մեզ ոգևորեց ու հաջորդ 30 րոպեները մենք անցկացրինք բավական մեծ առավելությամբ: Հասկանալի է, նման խաղադաշտի պայմաններում, մենք իսկզբանե չունեինք պլան, որ պետք է կարճ փոխանցումներով խաղանք: Բայց մեր արագ գրոհները հաջողվում էին, հատկապես Մելքոնյանի խաղը ստացվեց, կարծում եմ՝ սա իր լավագույն խաղերից էր, Կոբզարինը նույնպես: Այդ ժամանակահատվածում թիմը ընդհանուր առմամբ լավ էր նայվում: «Նոայի» ֆուտբոլիստի հեռացումից հետո կարիք կար դաշտ դուրս բերելու խաղացողների, որոնք վարպետության ու ինտելեկտով կարող էին օգնել թիմին, նկատի ունեմ Պադերինին ու Ազոկարին, բայց Ազոկարի դուրս գալը մեծ հիասթափություն էր, որովհետև անձամբ ինձ թվաց, որ նա չէր ուզում խաղալ, այլ հարց է, որ նա միգուցե չի ուզում խաղալ իմ գլխավորությամբ, բայց դա ինձ համար անթույլատրելի է, ուստի այդ փոխարինումը սխալմունք էր: Իսկ Պադերինը երկար ժամանակ բաց էր թողել, ու փաստորեն նրա մոտ էլ խաղը չստացվեց, ինչը նույնպես սխալ փոփոխություն էր։

Պետք էր սպասել, ցանկալի հաշիվ էր՝ 1-1, քանակական առավելություն ունեինք, բայց ես ցանկացա «Նոայի» նկատմամբ առավելության հասնել որքան հնարավոր է շուտ: Պետք է շնորհավորել մրցակցին, թիմը հերթական անգամ մեծ կամք դրսևորեց հաղթանակի հասնելու համար ու ցույց տվեց լավ, դիտարժան ու թիմային խաղ: Երևում է, որ կա կոլեկտիվ, որը պատրաստ է պայքարել արդյունքի համար, մենք այդ կոլեկտիվը պետք է ստեղծենք ու հնարավոր է շատ լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն լինի»:

Հավելենք, որ «Ուրարտուն» մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Փյունիկին»։ Հանդիպումը կմեկնարկի 19:30-ին։